Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում
21 նոյեմբերի, 2017Հարգելի՛ բարեկամներ,
Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում:
Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի: Այս տարի մենք նշում ենք մի շարք կարևոր, մեզ համար նշանակալից տարեթվեր: Ապրիլին լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, իսկ օգոստոսին մենք նշեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի 20-ամյակը:
Տարվա ընթացքում այդ հոբելյանական տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվար ամսին, երբ մենք պարոն Լավրովի հետ Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցինք:
Այդ ժամանակ, իմ պաշտոնական այցի ընթացքում, մենք համաձայնեցրեցինք վերոհիշյալ տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումների անցկացումը: Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են: Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» մասշտաբային պատմավավերագրական ցուցահանդեսը:
Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ շրջանակը:
Մանրամասնորեն անդրադարձանք այս տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների երկկողմ ձևաչափով կայացած երեք հանդիպումների արդյունքներով ձեռք բերված բարձր քաղաքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մեր երկրների ղեկավարներն ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպել են նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով կազմակերպված գագաթաժողովների շրջանակներում:
Մեր երկկողմ համագործակցությանը լրացուցիչ խթան են հաղորդել մեր երկրների խորհրդարաննների և կառավարությունների ղեկավարների պաշտոնական փոխայցելությունները:
Իմ գործընկերջ հետ գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, երկկողմ առևտրաշրջանառության աճը, այդ գործընթացներում երկու երկրների տարածաշրջանների ավելի խորը ներգրավվումը:
Մենք հագեցած հումանիտար կապեր ունենք: Անցած տարի հաջողությամբ անցկացվեցին Ռուսաստանի օրերը Հայաստանում: Բառացիորեն օրերս մեր երկրների ղեկավարները Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցին Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը:
Հանգամանալից քննարկեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում մեր գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը:
Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնական է դաշնակից երկրների համար:
Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին:
Հարց․ Պարոն Նալբանդյան, հարցս Ձեզ է ուղղված։ ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Բաքվում հանդիպումների ժամանակ, պարոն Լավրովի և Իլհամ Ալիևի հանդպման ժամանակ, ադրբեջանական կողմը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույտ կարգավորելու իր ձգտման մասին։ Եթե Հայաստանում ևս առկա է նույնանման ցանկություն, ապա ինչումն է խնդիրը։ Որն է պատճառը:
Էդվարդ Նալբանդյան․ Խնդիրը նրանում է, որ խոսքերը գործից չտարբերվեն: Ի՞նչ է տեղի ունենում։ Ձեզ հիշեցնեմ կարգավորմանն ուղղված ամբողջ գործընթացի մի քանի այդպիսի փուլ։ Կազան. մենք նախքան Կազանը երեք-չորս անգամ հանդիպել էինք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով, որպեսզի համաձայնեցնեինք հիմնարար սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացնեինք նախագահներին։
Եվ գագաթաժողովից անմիջապես առաջ, նույնիսկ ոչ թե անմիջապես, այլ տաս օր առաջ, մենք ստացանք, ինչպես և պայմանավորվել էինք, կից նամակը՝ այդ թվում և տեքստերը, որտեղ մեր միջնորդի՝ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պարզ գրված էր, որ ինչպես և պայմանավորվել էինք, տեքստում փոփոխություններ չեն արվելու։
Սակայն, ինչպես գիտեք, դրա մասին մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցիները Կազան եկան տաս, իրականում նույնիսկ տասներկու փոփոխություններով։ Այսինքն, պայմանավորվածություններից հետքայլ կատարեցին:
Բայց դա առաջին անգամը չէր։ Մինչև Կազանը նույնը եղավ Սոչիում՝ 2011 թվականի մարտին, դրանից առաջ՝ Աստրախանում՝ հոկտեմբերին, 2010 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում։ Ավելի չեմ խորանա պատմության մեջ։ Դա կրկնվեց նաև հետագայում: Որպեսզի չանդրադառնամ բոլոր հանդիպումներին և գագաթաժողովներին, հիշեցնեմ, որ բառացիորեն վերջին հանդիպումներին՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մենք ինչ-որ բան պայմանավորվեցինք։ Ադրբեջանը կրկին հետքայլ կատարեց. Վիեննայի հանդիպումից Ադրբեջան վերադառնալուց հետո նրանք ասացին, որ ոչ, նրանք ոչինչի մասին չեն պայմանավորվել, կամ էլ համանախագահները, որոնք, ի դեպ, նախարարների մակարդակով էին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար, ԱՄՆ պետքարտուղար և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար, ճիշտ չեն հասկացել, նախարարները ճիշտ չեն հասկացել, և այդ իսկ պատճառով հայտարարություն են արել, որտեղ հստակ նշել են թե ինչի մասին ենք պայմանավորվել:
Հիշում եք, այնտեղ խոսք էր գնում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի թիմի ընդլայնման մասին։ Կրկին հետքայլ։ Նույնիսկ դրանից հետո ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը բազմիցս շատ բարձր մակարդակով կապ էր հաստատում ադրբեջանական կողմի հետ, և ամեն անգամ նրանք հաստատում էին․ «խնդիր չկա, մենք կհամաձայնենք Կասպրչիկի թիմի ընդլայնմանն ուղղված ֆինանսավորման առնչությամբ»։
Պատկերացնում եք՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բարձր մակարդակով, և չորս անգամ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովում իրենք արգելափակել են այդ ֆինանսավորումը: Այսինքն, կրկին հետքայլ: Եվ դա առաջին անգամը չէր: Ի դեպ, ինչ վերաբերում է երեք սկզբունքներին որպես ղարաբաղյան հակամարտութան կարգավորման հիմք, հայտնի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշում, այդ երեք սկզբունքների առնչությամբ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ առկա է Ադրբեջանի ստորագրությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների աթենքյան հանդիպմանն ընդունված հայտարարության տակ։ Համանախագահների հետ հնգակողմ համատեղ հայտարարություն։ Սակայն եղել է նաև այլ հայտարարություն՝ ընդհանուր հայտարարություն, որն ընդունվում է ԵԱՀԿ-ում կոնսենսուսով՝ բոլոր նախարարների կողմից, որտեղ նշված է այդ երեք սկզբունքների մասին:
Ինչ է այնուհետև տեղի ունենում․ այժմ ադրբեջանցիները բոլոր հասանելի և ոչ հասանելի միջոցներով, ամեն գնով չեն ցանկանում ընդունել այդ երեք սկզբունքները։ Մենք պայմանավորվել ենք, ի դեպ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ղարաբաղը և Ադրբեջանն առաջին հերթին, կրակի դադարեցման վերաբերյալ։ 1994-1995 թթ․ ստորագրվել են կրակի դադարեցման վերաբերյալ երեք համաձայնագրերը։ Եվ ի՞նչ։ Ադրբեջանցիները բոլոր ճշմարիտ և ոչ ճշմարիտ միջոցներով փորձում են հեռանալ այդ համաձայնություններից։ Այսինքն, դա առաջին անգամը չէ, դրա համար ևս մեկ անգամ կասեմ, որ լավ կլիներ, եթե խոսքը գործերին համապատասխաներ, հատկապես երբ մենք, հենց Ժնևում, խոսում էինք այն մասին, որ պետք է լարվածության թուլացման համար ձեռնարկել հավելյալ քայլեր։ Դա վերաբերում է այնպիսի գործողություններին, որոնք համաձայնեցվել էին Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում, իսկ նրանք դա չեն անում։ Կամ երբ ասում ենք, որ պետք է ինտենսիֆիկացնել բանակցությունները։ Ինչի՞ մասին։
Բանակցությունները վարվում են այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք բարձրաձայնվել են համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում: Հայաստանը հայտարարել է և հայտարարում է, որ մենք պատրաստակամ ենք դրա հիման վրա շարունակել բանակցությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է ընդհանրապես չհիշատակել այդ հինգ հայտարարությունները: Սա է գործերի իրական իրավիճակը, որն առկա է ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ ադրբեջանցիները կփոխեն իրենց այս դիրքորոշումը և իրականում իրենց ցանկությունը նաև գործի կվերածեն: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը մտադրված է, և մենք երբևէ ետքայլ չենք կատարել ձեռք բերված պայմանավորվածություններից, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Հարց. Իմ հարցը գործընկերոջս հարցի շարունակությունն է: Ասացեք խնդրեմ, երեկվա, այսօրվա բանակցությունների արդյունքում հաջողվեց արդյո՞ք գոնե որոշ ոչ մեծ հարցերում առաջ գնալ հակամարտության կարգավորման շուրջ որոշման նախապատրաստման հարցում: Եվ քանի որ դեկտեմբերին Վիեննայում պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, արդյո՞ք որևէ նյութ պատրաստ կլինի այդ ժամանակ, որևէ փաստաթուղթ:
Էդվարդ Նալբանդյան: Կարող եմ ասել, որ ես, որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար, այսօրվա դրությամբ չունեմ այդպիսի տեղեկություններ, որ դեկտեմբերին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Սա առաջին հերթին: Երկրորդը, ինչ վերաբերում է ինչ-որ բեկմանը, բեկման մասին չի գնում խոսքը: Այստեղ, Երևանում նախորդ անգամ մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսին ես ասում էի, որ դժվար է այստեղ հեծանիվ հորինել: Կարգավորման հիմնական սկզբունքները, հիմնական տարրերը սեղանին են և կան մշակումներ, կան աշխատանքային փաստաթղթեր. այդ ամենը դրված է սեղանին: Մենք բանակցություններ ենք վարել, շատ երկար, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Ադրբեջանն ասում է, որ մեզ անհրաժեշտ չէ բանակցություններ վարել հիմնական սկզբունքների շուրջ: Իսկ Դուք ասում եք «ինչ-որ բեկում»: Ահա թե ինչի մասին է խոսքը գնում:
Սակայն, չնայած Ադրբեջանի այսպիսի, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, իհարկե, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, քանի որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, և Հայաստանը մտադիր է համանախագահների հետ ամենակառուցողական կերպով հանդիպել, և մենք երբևէ չենք հրաժարվել նախարարների, նախագահների մակարդակով հանդիպումներից: Այդ պատճառով, երբ հասունանա անհրաժեշտությունը և համապատասխան նախապատրաստություններ լինեն, կլինի հանդիպում նաև նախագահների մակարդակով: Սակայն առաջիկա դեկտեմբերին դեռևս նման հարց չի քննարկվում: Շնորհակալություն:
Հարց. Պարոն Նալբանդյան, հարց Ձեզ: Բաքվից պարբերաբար հայտարարություններ են հնչում նրա մասին, որ ղարաբաղյան կարգավորման օրակագրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացումն է: Չէի՞ք կարող արդյոք պարզաբանել, ինչի մասին է խոսքը:
Էդվարդ Նալբանդյան. Անվտանգության խորհրդի չորս բանաձևերն ընդունվել են մեկ հիմնական նպատակով, այնտեղ այլ նպատակներ էլ են եղել, բայց հիմնական նպատակն է եղել ռազմական գործողությունների դադարեցումը: Ցավոք սրտի, ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ոչ այդ չորս բանաձևերի պատճառով: Հենց չորսն են ընդունվել, քանի որ ամեն բանաձևից հետո Ադրբեջանը չէր կատարում դրանք: Իսկ կրակի դադարեցումը ձեռք է բերվել ի շնորհիվ հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի՝ ստորագրված 1994թ. մայիսին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որ իբր մենք քննարկում ենք Անվտանգության խորհրդի բանաձևերի ինչ-որ դրույթների չկատարման հարցը, իմ հիշելով վերջին 10 տարվա ընթացքում նման բան մենք ընդհանրապես չենք քննարկվել: Որովհետև Անվտանգության խորհրդի բանաձևերը չէին վերաբերում կարգավորմանը, այլ վերաբերում էին ռազմական գործողությունների դադարեցման հարցերին: Մենք ունենք ռազմական գործողությունների այդ դադարեցումը:
Իսկ ինչ վերաբերում է կարգավորման տարրերին, սկզբունքներին, ապա դրանք եղել են բազմաթիվ աշխատանքային փաստաթղթերում, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից, և այդ առաջարկությունների հիմնական իմաստային բովանդակությունը հնչեցվել է այդ թվում և համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում՝ հայտնի հայտարարություններում, որոնց մասին ես բազմակի անգամ հիշատակել եմ: