ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՖՄԿ նախարարական հանդիպման արդյունքներին նվիրված ասուլիսին
26 նոյեմբերի, 2017Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ պարոն պետքարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ստանձնելով Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը՝ առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մադագասկարին նախագահության երկու տարիների ընթացքում իրականացված փայլուն աշխատանքների համար:
Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել, տիկի՛ն գլխավոր քարտուղար, Ձեզ՝ այն վճռականության, ակտիվության և հետևողականության համար, որով Դուք առաջ եք մղում Ֆրանկոֆոնիայի առաջնայնությունները։
Տիկնա՛յք և պարոնայ՛ք,
Հայաստանը հպարտ է, որ իրեն է վստահվել պատիվը՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի հաջողությունն ապահովելու համար Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները։ Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը։
Գագաթաժողովը տեղի է ունենալու 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին։ Որպես 17-րդ Գագաթաժողովի խորհրդանշան (լոգո)՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի։
Ցանկանում ենք, որ բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգը:
Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներով իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ «Ֆրանկոֆոնիայի ավանը» տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, Երևանի սրտում, որի 2800-ամյակի տոնակատարությունները կնախորդեն գագաթաժողովին։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Որպես գագաթաժողովի հիմնական կարգախոս՝ առաջարկում ենք «Ապրել միասին» թեման։ «Ապրել միասին՝ հարգելով մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ Երևանյան պակտ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները։ Այս առումով ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա այս գործընթացին և իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը։
Գագաթաժողովը կներառի այլ առաջնային թեմաներ նույնպես՝ մշակութային բազմազանություն, թվային ֆրանկոֆոնիա, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ինչպես նաև կայուն զարգացում, կլիմայական փոփոխությունների դիմակայում և այլն։
Գագաթաժողովի շրջանակներում կարևոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում։ Մեծապես կարևորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումը և հույս ունենք, որ Երևանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի նպատակով։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրանք են Երևանի գագաթաժողովի նպատակները։ Մենք ակնկալում ենք բոլորի հետ միասնաբար աշխատել՝ Գլխավոր քարտուղարի, Մադագասկարի, Կազմակերպության բոլոր անդամ պետությունների ու կառավարությունների հետ՝ Երևանի գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար։
Առաջարկում եմ Ձեզ դիտել Երևանի գագաթաժողովի նախապատրաստման մասին կարճ ֆիլմը, որը Ձեզ ընդհանուր պատկերացում կտա Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի մասին, ինչպես նաև գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և գործնական այլ հարցերի վերաբերյալ։