ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ ճեպազրույցին

18 դեկտեմբերի, 2017

Հարգելի՛ տիկին Գոթեմյոլլեր,

Ուրախ եմ Ձեզ կրկին ողջունել Հայաստանում:

25 տարի առաջ հիմք դրվեց Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գործընկերային հարաբերությունների: Այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Ձեր այցելությունը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և նախանշելու հետագա համագործակցութան ուղիները։

Ինչպես գիտեք դեկտեմբերի 13-ից 18-ը Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը, որի շրջանակներում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ ու սեմինարներ:

Մեր հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Գոհունակությամբ արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5րդ ծրագիրը: Ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:

Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու կայունության հաստատման ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:

Մեր երկիրն ինքը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին:

Տիկին Գոթեմյոլլերի հետ միասին անդրադարձ կատարեցինք մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։

Տիկին գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Այս համատեքստում մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին։

Տիկին Գոթեմյոլլեր, կրկին ողջունում եմ Ձեզ Երևանում։

Խնդրեմ։

Տպել էջը