Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին
23 փետրվարի, 2018Բարև ձեզ,
Ուրախ եմ Երևանում ողջունել մադագասկարցի գործընկերոջս, իմ լավ բարեկամ պարոն Անրի Ռաբարի-Նձակային, ով առաջին անգամ է գալիս Երևան։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու, քննարկելու թե՛ երկկողմ, թե՛ տարբեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և այսօր շատ ուրախ եմ, որ վերջապես այս հանդիպումը կայանում է նաև Երևանում։ Գիտեք, պատրաստվում ենք հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, իսկ ներկայումս Մադագասկարը նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:
Հատկանշական է, որ Մադագասկարի արտաքին գործերի նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում:
Այսօր մենք գործընկերոջս հետ առանձնազրույց ունեցանք, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Մենք արձանագրեցինք, որ վերջին տարիներին, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Պարոն նախարարի հետ մենք համակարծիք էինք, որ անցած տարիների ընթացքում համագործակության դրական փորձ ենք կուտակել, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ տարբեր բնագավառներում գործընկերության հետագա զարգացման ու խորացման համար:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ: Երկուստեք կարևորեցինք երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկեցինք իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:
Պետք է նշել, որ մեր երկրները լավագույնս համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։ Մենք միմյանց աջակցել ենք կազմակերպության գագաթաժողովները հյուրընկալելու հարցում: Ես հուսով եմ, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլ նաև միջազգային այլ հարթակներում և կազմակերպությունների շրջանակներում:
Խորհրդանշական է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը 2015թ. Մադագասկարը ստանձնեց Երևանում, ու երեք տարի անց նույն վայրում բարեկամ Մադագասկարը ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Հայաստանին։ Նաև հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը իր քույր քաղաք Երևանում անցկացնելու վերաբերյալ։ Ինչու եմ ասում քույր քաղաք, որովհետև մեր երկու մայրաքաղաքները համագործակցության պայմանագիր են ստորագրել դեռ 1981 թվականին՝ 37 տարի առաջ:
Մեր հարաբերությունները Մադագասկարի հետ սկիզբ են առել մոտ 40 տարի առաջ, սակայն հետագայում զարգացում չեն ունեցել։ Կարծում եմ շատ անելիքներ ունենք՝ տարբեր բնագավառներում առավել ընդլայնելու, խորացնելու մեր համագործակցությունը, նոր շունչ, նոր թափ հաղորդելու մեր փոխգործակցությանը։ Մենք պատրաստում ենք Մադագասկարի նախագահի այցելությունը Հայաստան: Այս տարվա մայիս ամսին մենք սպասում են Մադագասկարի հարգարժան նախագահին պետական այցելությամբ Հայաստանում։ Կարծում եմ, դա լավ հնարավորություն կլինի ոչ միայն երկկողմ պայմանագրեր ստորագրելու, նաև թափ հաղորդելու տնտեսական փոխգործակցությանը։ Այդ այցելության շրջանակներում մենք մտադիր ենք երկու երկրների գործարարների հանդիպում կազմակերպել, նաև նոր սկիզբ դնել միջխորհրդարանական հարաբերություններին։ Ոչ միայն երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջոցով, այլ նաև ավելի ակտիվ շփումներ հաստատելով մեր խորհրդարանականների միջև տարբեր խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Մադագասկարի գործընկերոջս ներկայացրեցի այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, գագաթաժողովի հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։
Կարևորեցինք գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովին Մադագասկարից գործարարների մասնակցությունը և նրանց ներգրավումը ստեղծվելիք Ֆրանկոֆոն գործարարների ցանկում:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Մենք շարունակելու ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակումը աշխատանքային ճաշի ընթացքում:
Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկներոջը, իմ լավ բարեկամ՝ Մադագասկարի արտաքին գործերի նախարարին:
Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերին Ադրբեջանում պնդում են, թե Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց համար չափազանց կարևոր և էական դիտարկումներ կան տարածքային ամբողջականության մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք այն հեքիաթի հայտնի հերոսին, ով, մենակության մեջ հայտնվելով, վախից սկսում է բարձր գոռալ: Նույնը միգուցե Ադրբեջանն է անում։
Կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների մոտեցումը, որը վայելում է ԵՄ լիակատար աջակցությունը: Դրա մասին բազմից հայտարարվել է: Նաև հայտարարվեց Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում տիկին Մոգերինիի հետ մեր համատեղ հայտարարության ընթացքում: Հայտնի է նաև եռանախագահող երկրների մոտեցումը: Իմիջիայլոց, մի քանի օր առաջ, երբ համանախագահներն այցելեցին տարածաշրջան, նոր հայտարարությամբ հանդես եկան, որը նորից ու նորից կրկնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:
Եվրամիությունը ոչ միայն իր լիակատար աջակցությունն է հայտնում եռանախագահների ջանքերին և մոտեցումներին, այլ նաև բազմիցս հիշատակել է հենց այս երեք սկզբունքները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Դրա մասին էր ասված նաև Բրյուսելին նախորդած գագաթաժողովի ժամանակ, երբ հղում էր կատարվում եռանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններին, իսկ Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ վերահաստատվում էր այն, ինչ ասվել էր նախորդ համաժողովների հռչակագրերում:
Մեկ ամիս առաջ՝ տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ, Ձեր գործընկերներից մեկի հարցին պատասխանելիս, ես շատ մանրամասն անդրադարձա Բրյուսելի գագաթաժողովի հռչակագրի դրույթներին և ադրբեջանական աղավաղումներին:
Խրոնիկ դարձած ադրբեջանական կողմի աղավաղումները համապատասխան բնութագրում են ստացել ոչ Հայաստանի կողմից։ Դրանք բնութագրվել են որպես այլասերումներ: Բայց մենք էլ ենք կիսում այդ կարծիքը։ Հիշում եք հայտնի հայտարարությունը, որն արվել էր Ադրբեջանի աղավաղումների վերաբերյալ:
Հարց. Բարև Ձեզ, պարոն նախարար: Առաջին հարցը վերաբերում է ֆրանկոֆոնիային, այս տարվա գագաթաժողովին, որը նախագահելու է Հայաստանը: Հարցս հետևյալն է՝ ինչպիսի՞ առանձնահատկություն կունենա Ձեր նախագահությունը, ի՞նչ թեմաներ է ընդգծելու Հայաստանը:
Երկրորդը վերաբերում է Հայաստան-Մադագասկար համագործակցությանը: Դուք խոսեցիք երկու երկրների հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մասին: Ինչպե՞ս դա ավելի կոնկրետ կդրսևորվի, արդյո՞ք դա համագործակցության համաձայնագրերով կարտահայտվի:
Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը կազմակերպվելու է Երևանում հոկտեմբեր ամսին, ապա որպես գլխավոր կարգախոս հայտարարվել է «Ապրել միասին»-ը։ Ինչո՞ւ ենք ընտրել «ապրել միասին»-ը: Միգուցե հայ ժողովուրդը «Ապրել միասին»-ի լավագույն օրինակներից մեկն է։ Մեր պատմության բերումով այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի մոտ երկու երրորդն ապրում է շուրջ հարյուր երկրներում: Ապրում է լավագույն ձևով ինտեգրված, ապրում է որպես «ապրել միասին» հասկացության լավագույն օրինակ: Եվ այդ իմաստով Հայաստանը կարող է նաև օրինակ հանդիսանալ։
Ֆրանկոֆոն ընտանիքի գլխավոր իմաստը ոչ միայն ֆրանսերեն լեզվի ընդհանրությունն է, այլ նաև բազմամշակութային և բազմալեզու ընտանիքի միասնականությունը։ «Ապրել միասին»-ի շուրջ միասնականությունը, որը մենք պատրաստվում ենք ավելի շեշտել հոկտեմբերին Երևանում կայանալիք գագաթաժողովի ժամանակ:
«Ապրել միասին» թեմայի շուրջ մենք պատրաստում ենք մի լուրջ փաստաթուղթ, որը կոչվելու է «Երևանյան պակտ» կամ «Ապրել միասին» պակտ, որը հուսով եմ, որ կհաստատվի ֆրանկոֆոն բոլոր երկրների կողմից և կդառնա ֆրանկոֆոն ընտանիքի ապագա գործունեության հիմնարար փասթաթղթերից մեկը։
Ինչպես մենք այսօր մամլո ասուլիսի ժամանակ էլ նշեցինք, մենք կարևոր ուշադրություն ենք դարձնելու նաև տնտեսական բաղադրիչին, և այդ նպատակով հոկտեմբեր 10-ին կայանալու է ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորում։ Այդ ֆորումի շրջանակններում մտադրություն կա ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: Կարծում եմ՝ դա շատ նպաստավոր և օգտակար կլինի բոլոր ֆրանկոֆոն երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է Մադագասկարի հետ մեր երկկողմ հարաբերություններին, ես խոսեցի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի տնտեսական բաղադրիչի մասին, բայց ընդգծեմ, որ այդ տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է նաև մեր երկկողմ հարաբերությունների համար: Մենք մեծ ուշադրություն ենք դաձնելու երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:
Մենք այսօր խոսեցինք հնարավոր տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրերի ստորագրման մասին, ավիացիոն, տուրիզմի բնագավառներում համագործակցության մասին, նաև այլ ոլորտներում, օրինակ՝ կրթության և այլն:
Մենք ունենք միայն երկու փաստաթուղթ, որոնք մեր և Մադագասկարի միջև ստորագրվել է 2015թ. այստեղ` Երևանում` ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի շրջանակներում. մշակութային համագործակցության և երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Սա բավարար չէ երկու բարեկամ և դեպի ապագա նայող երկրների համար, որոնք իսկապես մեծ ներուժ ունեն զարգացնելու, խորացնելու, ընդլայնելու փոխգործակցությունը, գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում: Կարևորն այն է, որ երկու կողմից էլ ձգտումը կա, ցանկությունը կա, և մենք գնալու ենք այդ ուղիով:
Հարց. Պարոն Նալբանդյան, այս օրերին նշվում է սումգաիթյան ջարդերի 30-րդ տարելիցը։ Կխնդրեի մեկնաբանեիք Ադրբեջանի ԱԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունն այս հարցի առնչությամբ։
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, իրականում շատ տարօրինակ տանդեմ է. Գլխավոր դատախազություն և արտաքին գործերի նախարարություն: Դա ինձ հիշեցնում է Վիշինսկուն, ով եղել է ստալինյան ժամանակաշրջանի կարկառուն, հայտնի գլխավոր դատախազներից մեկը, և հետո դարձել է արտաքին գործերի նախարար: Նույն ոճն է, որը շարունակվում է Սումգայիթից հետո: Ադրբեջանական կողմը փորձում է խուսափել պատասխանատվությունից և զոհին մեղադրել հանցագործության մեջ: Կարծում եմ, այստեղ ակնհայտ է, թե որ երկրից են օրինակ վերցնում։ Հայտնի է նաև, թե ինչ հետևանքներ, ինչ հակառակ արդյունք կարող է ունենալ այդ մոտեցումը Ադրբեջանի համար, ինչպես և ունենում է այն երկրի համար, որից Բաքուն այսօր օրինակ է վերցնում:
Այդ կարգի հանցագործությունները չճանաչելը, ժխտողականությունը և հանցագործության մեջ զոհին մեղադրելը պարարտ հող են ստեղծում նոր հանցագործությունների համար, ինչը և տեղի ունեցավ: Սումգայիթից հետո եղավ Կիրովաբադը (Գանձակը), Բաքուն, Մարաղան և այլուր. կատարվեցին նմանատիպ հանցագործություններ։ Կամ վերջերս` 2016թ. ապրիլին, ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Աղաղակող հանցագործություններ կատարվեցին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան կոնվենցիաների կոպտագույն խախտումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով, անգամ դիակների խոշտանգումներով, երեխաների և կանանց սպանություններով և այլն: Ադրբեջանի փորձերը խուսափել պատասխանատվությունից ապարդյուն են, և ուշ թե շուտ իրենք պատասխանատվություն են կրելու։
Հարց. Հարցս կրկին տնտեսական բաղադրիչին է վերաբերում: Երբ որ նայում էինք մեր երկրի Արտաքին գործերի նախարարության կայքը, 2014թ. տվյալներն էին հրապարակված` 165 հազար ԱՄՆ դոլար ներմուծում: Ի՞նչ փոխադարձ հետաքրքրություններ կան և հակադարձ ուղղությամբ ի՞նչ հնարավորություններ կան:
Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, ներկայացված թվերը շատ փոքր են։ Դա է պատճառը, որ մենք որոշեցինք հարաբերություններին նոր շունչ, նոր թափ հաղորդել: Ինչպես ես նշեցի, երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են դեռ քառասուն տարի առաջ. Խորհրդային ժամանակ պատվիրակություններ էին գալիս այստեղ, Հայաստանից գնում էին Անտանանարիվո, և անգամ երկու մայրաքաղաքների միջև բարեկամական հարաբերություններ էին հաստատվել, Մադագասկարից ուսանողներ էին գալիս սովորելու մեր համալսարաններում, կային անգամ տնտեսական և առևտրական փոխանակումներ: Հետագայում դա զարգացում չստացավ:
Վերջին շրջանում, իհարկե, թվերը ոչ միայն գոհացուցիչ չեն, գրեթե գոյություն չունի տնտեսական համագործակցություն, առևտուր: Դա է պատճառը, որ մենք իմ գործընկերոջ հետ ոչ միայն այսօր Հայաստանում, բայց նաև, երբ անցյալ նոյեմբերին, հանդիպեցինք Փարիզում, որոշեցինք, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն երկու երկրների միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման համար, առկա մեծ ներուժն առավել լիակատար ձևով օգտագործելու համար:
Դա է պատճառը, որ այսօր մենք որոշեցինք համապատասխան իրավապայմանագրային դաշտ ստեղծել այդ հարաբերությունների զարգացման համար, նաև խոսեցինք տարբեր ծրագրերի մասին, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել:
Խոսեցինք տնտեսական և տեխնիկական համագործակցության շրջանակային պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, նաև բիզնես շրջանակների, գործարարների միջև հանդիպումների կազմակերպելու մասին։ Պետք է խրախուսենք մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև համապատասխան կապերի հաստատումը: Պետությունները երկու կողմից կանեն ամեն ինչ տնտեսական հարաբերություններին թափ հաղորդելու նպատակով: