Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային ժողովում
23 մայիսի, 2018Պարա ԹիՎի. Պարո՛ն նախարար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ ասել է, որ Հայաստանը հակամարտության կողմ է, որին հաջորդեց Վիգեն Սարգսյանի պատասխանը, որ հակամարտող կողմ անվանելը ռիսկային իրավիճակ է ստեղծում: Ձեր գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ թույլ տվե՞լ է այդտեղ:
Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ դրվագը, ես միայն վերահաստատում եմ, ինչպես և վարչապետն է վերահաստատել, որ մենք այժմ կենտրոնացած ենք մեկ հարցի վրա. բանակցությունների շարունակությունը ձևավորված ֆորմատում, բացառապես Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Եվ մեզ այժմ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների դինամիկան: Սա գերագույն հարցն է:
Պարա ԹիՎի. Ղարաբաղին բանակցային սեղան բերելու առաջին քայլը ո՞րն է լինելու: Ինչի՞ց եք սկսելու, որ դա հաջողի:
Զոհրաբ Մնացականյան. Ես կրկնեմ, գերակա հարցը այժմ դինամիկան վերականգնելն է և բանակցությունների մեջ վերմտնելը:
Սիվիլնեթ. Ինչո՞ւ համաձայնեցիք Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ աշխատել: Տարիներ շարունակ Փաշինյանը հակադիր կողմում էր այս իշխանությունների հետ: Ինչո՞ւ համաձայնեցիք այս դեպքում աշխատել պարոն Փաշինյանի հետ:
Զոհրաբ Մնացականյան. Մեր կյանքում բոլորս կրում ենք պատասխանատվություն, և պատասխանատվությունն այս երկրի համար է, պատասխանատվությունն այս հիասքանչ մթնոլորտի համար է, որ այս երկրում կա բոլոր ժամանակներում: Հատկապես, երբ նայում եմ Ձեզ՝ երիտասարդներիդ, շատ ոգևորված եմ ինձ զգում, որովհետև մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ՝ նաև իմ փորձից ելնելով: Աշխատանքի բերումով ապրել եմ բազմաթիվ երկրներում, միշտ տեսել եմ այս երկրի այդ որակը, որ ինձ հսկայական ոգևորություն է տվել. դա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է և պարտավորությունը:
Պարա ԹիՎի. Այս օրերի աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ Ձեզ վստահություն ներշնչե՞լ է:
Զոհրաբ Մնացականյան. Այո՛, միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում:
Պարա ԹիՎի. Քննարկումներ ունեցե՞լ եք, ներգրավվում է Ձեզ հարցերում:
Զոհրաբ Մնացականյան. Այո՛, իհարկե, ամեն հարցի շուրջ քննարկումներ ունենում ենք։ Նորից եմ կրկնում, պատասխանատու, հասուն թիմային աշխատանք է: