ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

07 հունիսի, 2018

Շնորհակալություն, Սերգեյ Վիկտորի։

Շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության, չափազանց բովանդակալից զրույցի համար։ Դուք բավականին ընդգրկուն ներկայացրեցիք մեր երկխոսության, մեր բանակցությունների ողջ թեմատիկան։

Սերգեյ Վիկտորիի հետ հանդիպմանը ես վերահաստատեցի Ռուսաստանի Դաշնության հետ բազմաբովանդակ դաշնակցային փոխգործակցությունը կայուն զարգացնելու մեր հաստատակամությունը, և ընդգծեցի այն կարևորությունը, որ հայկական կողմը տալիս է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը։ Մենք մտադիր ենք հետայսու ևս առաջ մղել այդ համագործակցությունը 1997թ․ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։

Մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ` մեր դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման և ընդարձակման նպատակով: Մեր հարաբերությունների ինտենսիվությունը, խորությունն ու ընդգրկունությունը, իրապես, պարտավորեցնում են նոր ջանքեր գործադրել դրանց շարունակականությունն ապահովելու համար:

Մեր ժողովուրդների միջև փոխադարձ կապերը մշտապես հանդիսացել են բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ և անկեղծ հարգանքի, փոխադարձ աջակցության օրինակ և, իրենց էությամբ, արժեքավոր են: Հիմնական շեշտադրումն արվելու է երկկողմ ձևաչափում հարաբերությունների զարգացման համար պայմանների ապահովմանը, փոխադարձ աջակցության և գործընկերության հարցերին։ Բազմակողմ հարթակներում համադրումը նույնպես շատ կարևոր օրակարգ է, որը կոչված է աջակցելու երկկողմ փոխգործակցությանը: Մենք մտադիր ենք առավել խորացնել ու ընդարձակել մեր սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Այս մտադրություններն արդեն իսկ բարձրաձայնվել են Սոչիում՝ ՀՀ վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի միջև կայացած բարձր մակարդակի հանդիպմանը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հանդիպումների դինամիկան պահպանվում է, և մոտ ապագայում ակնկալում ենք նոր հանդիպումներ:

Այդ սկզբունքները ներդրված են նաև կառավարության ծրագրում, որոնք այսօր բարձրաձայնվել են խորհրդարանում․ մենք հավատարիմ ենք մնում մեր արտաքին քաղաքական ուղղվածության շարունակականությանը, որում Ռուսաստանի հետ հարաբերությունները հատուկ կարևոր նշանակություն ունեն։

Քննարկել ենք մեր գործողությունների համակարգման հարցը նաև ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ հարթակներում։

Իմ գործընկերոջ հետ գոհունակությամբ անդրադարձանք տնտեսական ոլորտում փոխգործակցության շարունակական ակտիվացմանը, երկկողմ ապրանքաշրջանառության աճին։ Ընդգծվել է շահագրգռվածությունը բարձրացնելու երկկողմ փոխգործակցության կարևոր մեխանիզմների գործադրման արդյունավետությունն ինչպես միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների, այնպես էլ՝ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։

Մենք ունենք ամուր իրավապայմանագրային դաշտ, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համադրման ոլորտում, ինչպես նաև պաշտպանության, ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը։

Մենք, բնականաբար, անդրադարձել ենք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ներդրումը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում։ Պատրաստ ենք շարունակելու համատեղ ջանքերը` ուղղված բանակցային գործընթացի առաջմղման համար պայմաններ ստեղծելուն:

Ներկա փուլում մենք աշխատում ենք բանակցային գործընթացում ներգրավման և դրա շարունակականության ապահովման ուղղությամբ: Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը: Բանակցություններն ուղղված են հենց այդ խնդիրների լուծմանը:

Սերգեյ Վիկտորի, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության, կառուցողական և բաց երկխոսության համար: Սպասում ենք Ձեզ Երևանում:

Շնորհակալություն:

Հարց. Բարի օր, իմ հարցն ընդհանուր բնույթի է, սակայն կարծում եմ՝ շատ կարևոր է: Որոնք են արդեն հարյուրամյակներ շարունակվող հայ-ռուսաստանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները, և որքանո՞վ է այժմ կիրառվում հարաբերությունների ներուժը:

Զոհրաբ Մնացականյան. Ես իմ կողմից կցանկանայի հավելել, որ բացարձակապես ճիշտ ներկայացվեց այն ահռելի հիմքը, որի վրա կառուցվում են հայ-ռուսաստանյան հարաբերությունները: Որոշ չափով, անդրադառնալով նախորդ հարցին, կան տարբեր տեսակետներ և դրանք անհանգստացնում են, քանի որ զգացվում է, որ փորձ է արվում հայ-ռուսաստանյան հարաբերություններում որևէ սխալ բան գտնել: Շատ դժվար է դա անել, բայց չի նշանակում, որ պետք է անտեսել այդ փաստը․ մենք խոսել ենք հայ-ռուսաստանյան հարաբերություններից նաև այսօր, այդ մասին խոսել է մեր վարչապետը, և ես կրկնում եմ, որ կա կառավարության ծրագիր, որտեղ ամեն ինչ հստակ և պարզ գրված է:

Առաջիկա ամիսները միայն կհաստատեն այն, ինչի մասին մենք խոսում ենք և ինչը շարունակում ենք անել: Իսկ հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգն այնքան ընդգրկուն է, որ վերաբերում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին, որտեղ մենք ունենք համագործակցության բավական ամուր հիմքեր, փոխադարձ հարգանք, այստեղ առկա է և՛ ժողովուրդների միջև պատմական, մշակութային, քաղաքակրթական փոխըմբռնում, և՛ փոխադարձ կապի բավական խորը ընկալում, և՛ փոխգործակցություն, որը բխում է այն առաջնահերթություններից, որոնց վրա մենք կառուցում ենք մեր համակարգերը, մեր անվտանգության և զարգացման քաղաքականությունը։ Մեր արտաքին քաղաքական առաջնահերությունները կառուցվում են հենց այն համատեքստում, թե որքան ճիշտ են դրանք ծառայում անվտանգության ամրապնդման և զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու մեր ներքին նպատակներին: Այս համատեքստում հայ-ռուսաստանյան հարաբերություններն բավական տրամաբանական բացատրություն ունեն և հետևողականություն, իսկ արտաքին քաղաքական կուրսի կայունությունը բավականին տրամաբանական է և հասկանալի մեզ համար և մենք կշարունակենք այս քաղաքականությունը:

Շնորհակալություն։
 

Տպել էջը