Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
13 հունիսի, 2018Արմեն Աշոտյան. Հարցս վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների այցին: Մենք ստացանք լրատվամիջոցների աշխատանքների շնորհիվ երկու հաղորդագրություն. մեկը՝ Ձեզ հետ հանդիպման, մյուսը՝ վարչապետի հետ հանդիպման մասին: Եվ հաղորդագրություններն, անկեղծ ասեմ, շատ չէին տարբերվում տարիներ շարունակ հրապարակվող հաղորդագրություններից: Ես կխնդրեմ Ձեզ, մեծարգո՛ պարոն նախարար, օգտագործելով այս բարձր ամբիոնը, մանրամասներ հայտնել այս հարցադրումների շուրջ: Առաջինը՝ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին: Երկրորդը՝ արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին ինչպես Նախիջևանում, այնպես էլ արցախյան ճակատում: Եվ երրորդը՝ ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը: Շնորհակալ եմ կանխավ:
Զոհրաբ Մնացականյան. Պարո՛ն Աշոտյան, շնորհակալ եմ Ձեր հարցի համար: Շատ կարճ կարելի է պատասխանել Ձեր երկու հարցերին՝ այո՛ և այո՛: Եվ սա շատ բնական է, որովհետև նախ մենք արդեն բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունն արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Լեռնային Ղարաբաղն իր հստակ տեղն է զբաղեցնում: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր հետևողականությանը, մեր քաղաքականության շարունակականությանը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Առավել ևս Լեռնային Ղարաբաղի հարցում մենք արտահայտել ենք մեր գերակայությունը, որը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի համար կարգավիճակի և անվտանգության բացառիկ կարևորությանը: Այժմ գտնվում ենք բանակցությունների մեջ՝ վերաներգրավվելու գործընթացում:
Մինսկի խմբի համանախագահների այցի բնույթը ճանաչողական է: Մենք միմյանց ճանաչում ենք, փոխանակում մեր տեսակետները, դիրքորոշումները: Այդ առումով բավական հստակ ենք, որ հիմնական դրույթները վերաբերում են մեր հավատարմությանը հիմնախնդրի կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նաև բավական մեծ ուշադրություն է հատկացվում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը:
Խաղաղությանը նպաստող մթնոլորտը բավական ծավալուն հասկացություն է. դրա մեջ մտնում են նաև այն գործողությունները, որոնք վկայում են հակառակի մասին: Դուք հիշատակեցիք որոշ զարգացումներ անմիջապես շփման գծում: Ավելին, մենք ուշադրություն հրավիրեցինք և ընդգծեցինք, որ այն, ինչ կատարվել է երկու օր առաջ, միանգամայն անընդունելի է: Այդ զոհն ունի անուն-ազգանուն՝ Վահագն Էլոյան, և մեզ համար դա շատ մեծ կորուստ է: Սա բացարձակապես բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա, բացասաբար է ազդում այն սկզբունքի վրա, որին մենք ուշադրություն ենք դարձնում, այն է՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտ: Սա չի կարող աննկատ անցնել, սա չի կարող չազդել մեր դիրքորոշումների վրա:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների արձագանքներին, նշեմ, որ դեռևս շարունակվում են մեր հանդիպումները: Փորձում ենք օգտագործել այս օրերն առավելագույն արդյունավետությամբ, որպեսզի լավագույնս ճանաչենք միմյանց, առավելագույնս միմյանց հետ փոխանակենք տեղի ունեցող ողջ գործընթացի շուրջ առկա տրամաբանությունը, նյուանսները, դիրքորոշումները, մոտեցումները: Նախապատրաստում ենք մեզ հաջորդ փուլերի համար: Սա բանակցային գործընթաց է, որի մեջ Հայաստանը մնում է ներգրավված: Եվ այդպես շարունակվելու է: Մենք բավական վստահ ենք, որ այն, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք, հստակ արտահայտում է մեր քաղաքականության շարունակականությունը: Շնորհակալություն:
Արմեն Աշոտյան. Շնորհակալ եմ, պարո՛ն նախարար: Պաշտոնական հաղորդագրությունների մեջ այսօրվա Ձեր բացահայտումները չկային. հարցս այդտեղից է ծագել: Եթե հնարավոր է բացի չոր վարչական, դիվանագիտական լեզվից հետայսու մի քիչ ավելի շատ տեղեկություններ հայտնենք հանրությանը, իհարկե այն շրջանակներում, որը թույլատրելի է բանակցային գործընթացի պարագայում: Հատուկ ուզում եմ շեշտել գոհունակությունս, որ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների մասին եղել է հիշատակում նաև պաշտոնական մամուլի հաղորդագրություններում: Երեկ նաև հայտարարությունների ժամին եմ այս խնդիրը կարևորել, որովհետև առաջին անգամ է, որ նոր կառավարությունը արտաքին քաղաքական իր հղումներում նաև այսպիսի հիշատակում է անում, ինչը, կարծում եմ, անկախ ապագայի սցենարներից, շատ կարևոր է նաև Ձեր ասած մթնոլորտի վերականգման տեսակետից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական դիվանագիտությունը ծառայել և ծառայելու է ընդհանրական ազգային և պետական շահի հետապնդմանը․ մասնավորապես, հունիս ամսին մենք ունենք լիագումար նիստ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, հուլիսին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստն է` կխնդրեմ կյանքի կոչել այն առաջարկությունս, որը Դուք նախապես ընդունել էիք. փակ քննարկում կազմակերպել բացառապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա իրավիճակի հետ կապված ոչ միայն հանձնաժողովում, այլև մասնակից դարձնել խորհրդարանական համապատասխան պատվիրակությունների ղեկավարներին, որպեսզի մենք կարողանանք ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված լինել և՛ միասնական, և՛ խրոխտ և՛, ինչպես ասում են, դուխով:
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն, պարո՛ն Աշոտյան: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նախևառաջ վերահաստատել իմ շնորհակալությունը խորհրդարանական հարթակում մեր համագործակցության համար: Միանշանակ, ես հավատարիմ եմ մնում այս համագործակցությանը և շատ բարձր եմ գնահատում Ձեր ներդրումն այս գործընթացում: Բնականաբար, մենք կշարունակենք այս երկխոսությունը, որպեսզի խորհրդարանական հարթակն օգտագործենք առավելագույնս արդյունավետորեն՝ մեր համազգային շահերի համար: Շնորհակալություն: