ԱԳ նախարար Մնացականյանի մամուլի հայտարարությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի արդյունքներով

21 հունիսի, 2018

Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,

Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Սա հիրավի շատ խորհրդանշական և կարևոր ժամանակաշրջան է մեր հարաբերություններում․ մենք հավաքվել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին Գործընկերության խորհրդի նիստը գումարելու համար: Սա տեղի է ունենում նաև մի ժամանակահատվածում, որը հաջորդում է Հայաստանում տեղի ունեցած կարևոր զարգացումներին:

Մենք վերահաստատեցինք և ընդգծեցինք այն կարևոր և հիմնարար մանդատը, որը կառավարությունը ստացել է ժողովրդից, Հայաստանի հանրությունից՝ ամրապնդելու սահմանադրական կարգի սկզբունքները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական սկզբունքները, իրավունքների պաշտպանությունը և խրախուսումը՝ հանուն երկրում բոլոր ուղղություններով արդարության և հավասար հնարավորությունների ապահովման: Կառավարությունը հաստատակամ է և շատ վճռական՝ առաջ տանելու ժողովրդի կողմից ստացված այս մանդատը և կյանքի կոչելու հասարակության ակնկալիքները։ Ես նաև շնորհակալ եմ Ձեզ այդ օրակարգն խրախուսելու ուղղությամբ Եվրոպական միության աջակցության համար, մեզ հետ աշխատելու պատրաստակամության համար։ Դուք հանդիսանում եք Հայաստանի կարևոր գործընկերն այս հարցերում։ Մենք ակնկալում ենք սա առաջ տանել և արտացոլել այն Եվրոպական միության աջակցությունում։

Քանի որ առաջին Գործընկերության խորհուրդը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկումից հետո, ակնհայտորեն, մեր քննարկումների կենտրոնում էր համաձայնագրի իրականացումը։ Մեզ համար դա հիմնարար համաձայնագիր է, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների իրավական հենքը, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը, որը հիմնված է մեր ընդհանուր արժեհամակարգի վրա։ Մենք կենտրոնացած ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հստակ ուղղությունների, դրա ոլորտային գործընկերության վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը, հաղորդակցությունը և այլն։ Մենք խոսել ենք ՀԸԳՀ հետագա իրականացման ուղեցույցի մշակման մասին։ Ես արդեն իսկ նշել եմ, որ Հայաստանի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո ՀԸԳՀ-ն մտել է միջանկյալ կիրարկման փուլ։ Մենք ակնկալում ենք և խրախուսում մեր գործընկերներին, ԵՄ անդամ պետություններին արագացնելու վավերացման գործընթացը իրենց խորհրդարաններում։

Մենք քննարկեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունները։ Մենք նաև տեղեկացրեցինք Եվրամիության մեր գործընկերներին, որ վերակազմավորում ենք Միջգերատեսչական հանձնաժողովը, որին հանձնարարվել է համակարգել և վերահսկել ՀԸԳՀ իրականացման ուղղությամբ մեր գործողությունները, մեր ներքին գործողությունները։ Ընդգծեցինք մեր հանձնառությունն ակտիվորեն աշխատելու Արևելյան գործընկերության շրջանակներում։ Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը։ Մենք տեղեկատվություն փոխանակեցինք այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։ Մեր համոզմունքն է, որ այս թիրախավորված գործողությունները կարող են նպաստել տարածաշրջանային համախմբմանը, համագործակցությանը և երկխոսությանը ոչ միայն ԵՄ և Արևելյան հարևանության հետ, ինչպես նաև հենց գործընկերների միջև։

Մենք նաև մտքեր փոխանակեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: Դա Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի կարևոր հանձնառություններից է: Մենք հաստատուն ենք եղել մեր գործողություններում` քայլեր ձեռնարկելով մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրի ուղղությամբ։ Եվ ակնկալում ենք առաջ մղել այս օրակարգը և պնդում ենք, որ մեզ գնահատեն մեր իսկ արժանիքներից ելնելով։ Մենք նաև շեշտում ենք, որ մուտքի արտոնագրերի ազատականացումն առնվազն կարևոր է բազմաթիվ իմաստներով, և թերևս առավել կարևոր է մարդկանց միջև անմիջական շփումը, հանրության միջև փոխգործակցության խթանումը։ Այն լավ միջոց է Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները հիմնովին ամրապնդելու համար։

Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ։ Բարձր հանձնակատար տիկին Մոգերինին արդեն իսկ ընդգծեց այն ոլորտները, որտեղ մենք ունենք ամուր համագործակցություն, մենք համակարծիք ենք և միասին աշխատում ենք համաշխարհային օրակարգի տարբեր հարցերի շուրջ։ Ի թիվս այլոց, իհարկե, քննարկել ենք Սիրիայի հարցը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները։

Անշուշտ մենք նաև քննարկել ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Մենք վերահաստատել ենք Հայաստանի կառավարության դիրքորոշումն այս հարցում, դրա հստակ հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում։ Եվս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ այն կարևորությունը, որ մենք տալիս ենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։ Եվ մենք նաև հենվում ենք Եվրոպական միությունում մեր գործընկերների վրա, անդամ պետությունների վրա՝ ներդրում կատարել խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք չեն տանում հակառակ ուղղությամբ։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել և մեր խորը երախտագիտությունը հայտնել ԵՄ հաստատակամ և ուժեղ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ այսօր հյուրընկալելու համար, խորհրդի առաջին հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք օրինակելի համատեղ օրակարգ ունենք։ Մենք հնարավորություն ենք ունեցել կարճ հանդիպում անցկացնել Նյու Յորք Ձեր այցելության ժամանակ, երբ մասնակցում էիք Անվտանգության խորհրդի նիստին, սակայն սա առաջին անգամ է, որ հնարավորություն ընձեռնվեց հանդիպել Ձեզ հետ այս նոր կարգավիճակում։ Իրապես շնորհակալ եմ, ինձ շատ հարմար և վստահ եմ զգում։ Շնորհակալություն այն ողջ բարեկամության և գործընկերության համար, որ մեզ հետ այդքան առատաձեռնորեն կիսում եք։

Եվս մեկ անգամ ակնկալում եմ Ձեզ հետ շարունակական աշխատանք, համագործակցություն և շարունակական ներգրավվածություն։ Մենք հետաքրքիր և կարևոր օրակարգ ունենք ինչպես Հայաստանի և Եվրամիության, այնպես էլ վերջինիս անդամ պետությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև միջազգային օրակարգում։

Այն, թե ինչպես կարողացանք անցկացնել այսօրվա հանդիպումը, որն ավարտեցինք նախատեսվածից շուտ, նույնպես վկայում է, որ մենք կարող ենք շատ արդյունավետ և կառուցողական աշխատել։ Ցանկանում եմ, որ այս ոգին պահպանվի, և կարծում եմ, որ միասին գերազանց աշխատանք ունենք անելու։

Շնորհակալություն։

 

Տպել էջը