ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի մամուլի համար հայտարարությունը ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ավարտին
27 հունիսի, 2018Հարգելի՛ լրագրողներ և գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալ եմ Ձեր ներկայության համար։ Ես ուրախ եմ ողջունել Հայաստանում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար դեսպան Մայքլ Քրիստիդեսին:
Հայաստանի համար մեծ պատիվ էր հերթական անգամ նախագահել այս կազմակերպությունում:
Նշեմ նաև, որ մեր երկիրն այս տարվա հունվարի 1-ից, երկու տարի ժամանակահատվածով, համակարգում է կազմակերպության տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը:
Ինչպես գիտեք, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և մենք կարևորում ենք այս բնագավառում միջազգային համագործակցության առավելագույն խորացումը՝ ներառյալ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում:
Այս տարվա մայիսին հաստատվել է Հայաստանի կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաները փոքր և միջին ձեռնարկատիրության համար» նախագիծը:
Այսօր ԱԳ նախարարների 38-րդ հանդիպման ընթացքում մենք ամփոփեցինք կազմակերպությունում մեր երկրի նախագահության արդյունքներն ու կատարված աշխատանքները:
Ինչպես հայտնի է, Հայաստանը նախագահությունը ստանձնել էր 2017թ. դեկտեմբերին: Սա կազմակերպությունում մեր երկրի 5-րդ նախագահությունն է, որի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը վարել է աշխատանքային խմբերի 14 հանդիպում, Ավագ պաշտոնյանների կոմիտեի՝ 2 և ԱԳ նախարարների խորհրդի 1 նիստ:
Տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ կրթության և զբոսաշրջության հարցերով, որոնց արդյունքներով ընդունվել են նաև հռչակագրեր:
Նախագահության շրջանակներում Հայաստանը սերտորեն համագործակցել է կազմակերպության մարմինների, դիտորդ և ոլորտային երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեցող երկրների և կառույցների հետ: Դրանցից շատերն այսօր մասնակցում էին նիստին և առիթ ունեցան իրենց ներդրումը բերել մեր հանդիմանը և քննարկումներին:
Մենք կարևորում ենք ՍԾՏՀԿ-ի գործունեությունը և շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրա տնտեսական բաղադրիչին:
Մեր նախագահության շրջանակներում կենտրոնացել ենք կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների շուրջ համագործակցության առաջնային ուղղություններին:
Դրանք ներառում են առևտրի և տնտեսական զարգացման, հեռահաղորդակցության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկատիրության, կրթության և այլ բնագավառները:
ՍԾՏՀԿ-ն տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է: Այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը՝ քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով:
Ի դեպ, վերջին տարիներին այդ տեսակետից աչքի է ընկնում ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակներում ընդունվում են քաղաքականացված հայտարարություններ ու հռչակագրեր: Ի դեպ այս մասին նաև առիթներ ունեցանք խոսելու նաև անդամ պետությունների ներգրավվածությամբ:
Վստահ ենք, և այս կարծիքին են նաև անդամ պետությունները, որ Երևանում կայացած ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացմանը, ինչը բխում է կազմակերպության որդեգրած սկզբունքներից և նպատակներից, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի երկրների զարգացման ներուժն արդյունավետ և ամբողջական օգտագործման անհրաժեշտությունից:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Քրիստիդեսին այս հանդիպման նախապատրաստական փուլում մեզ տրամադրված աջակցության և արդյունավետ ու բովանդակալից քննարկումների համար:
Խնդրեմ, խոսքը Ձերն է: