Զոհրաբ Մնացականյանի խոսքը ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսին
29 հունիսի, 2018Շատ շնորհակալ եմ, Հայկո, շատ ջերմ ընդունելության համար: Մեր հանդիպումը սկսեց շատ խորհրդանշական։ Դուք ինձ ցույց տվեցիք Ձեր նախարարության որոշ արխիվներ, որոնք հիշեցրեցին, թե ինչպես են սկսել մեր պատմությունը, մեր հարաբերությունները հարյուր տարի առաջ, և այդ փաստաթղթերը՝ Հայաստանի առաջին Հանրապետության փաստաթղթերը տեսնել Գերմանիայի արտգործնախարարության արխիվներում շատ ոգեշնչող է։ Շատ շնորհակալ եմ և շատ շնորհակալ եմ ընդունելության համար։
Եվ իսկապես Հայկոյի հետ մենք այսօր անցկացրեցինք շատ բովանդակալից և համապարփակ զրույց բոլոր հարցերի շուրջ․ մեր փոխգործակցությունը վերաբերում է անսահման ոլորտների, մենք ունենք ջերմ, փոխադարձ վստահության վրա հիմնված կապեր։ Պատահական չէ, որ Գերմանիան ԵՄ առաջին երկիրն է, որ ես պաշտոնական այց եմ իրականացնում իմ նոր կարգավիճակում, ինչն ինքնին լավագույնս բնորոշում է մեր գործընկերությունը։
Հանդիպմանը ես ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանգեցրին Սահմանադրության ու օրենքների շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Մենք կարևորեցինք թավշյա հեղափոխությանը զուգորդած իրադարձությունների խաղաղ բնույթը և զսպվածությունը՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարության և պետական հաստատությունների հասունությունը: Ես վերահաստատեցի Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, բարեփոխումների գործընթացին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ՝ կարևորեցի և ակնկալիք հայտնեցի, որ Հայաստանի գործընկերները, այդ թվում Եվրամիության հիմնադիր և առաջատար երկրները, նաև Գերմանիան շարունակական աջակցություն կցուցաբերեն և կշարունակեն մեզ հետ աշխատել այս ուղղությամբ: Մենք հաստատակամ ենք շարունակելու գործընկերությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության խորացման և բազմաթիվ այլ ուղղություններով:
Մենք շատ ընդարձակ քննարկեցինք հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը, արձանագրեցինք, որ վերջին տարիներին երկկողմ կապերը դինամիկ կերպով զարգանում են՝ նշանավորելով բարձրաստիճան փոխայցելությունները և տարբեր ձևաչափերով հանդիպումները: Ուրախ եմ որ մեր հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման հարցում առկա է երկուստեք հետաքրքրություն և պատրաստակամություն: Այս համատեքստում մենք քննարկեցինք այս տարի նախատեսված բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցը։
Մեր ուշադրության կենտրոնում էին նաև հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը: Այս բնագավառում ԵՄ երկրների շարքում Գերմանիան ավանդաբար հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը, որն ակտիվորեն ներկայացված է հայաստանյան տնտեսության մեջ՝ ներգրավված լինելով ամենատարբեր ոլորտներում:
Արժանահիշատակ է, որ Գերմանիան ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարած համախառն ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։ Մեր երկկողմ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը, մենք արժևորում ենք նաև գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությունը Հայաստանում: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար, ինչը կարևոր դեր է ունեցել մեր երկրում տնտեսության զարգացման և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում։
Մենք կարևորում ենք նաև զբոսաշրջության զարգացման ուղղությունը: Պետք է նշեմ, որ 2018թ. հունվար-մարտ ամիսներին Գերմանիայից Հայաստան այցելուների քանակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47%-ով, իսկ այս տարվա հունիսի 17-ից մեկնարկել է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը, որն անկասկած զգալիորեն կնպաստի զբոսաշրջության աճին:
Անշուշտ, մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Այս համատեքստում մենք ընդգծեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ այն, հանդիսանալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվան, միաժամանակ համագործակցության նոր հեռանկարներ է բացում նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Ապրիլի 11-ին Համաձայնագիրը միաձայն վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից, իսկ դրա միջանկյալ կիրարկումը Հայաստանի համար սկսել է հունիսի 1-ից։ Համաձայնագիրը վավերացվել է նաև ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարաններում և վստահ ենք, որ մոտ ապագայում Գերմանիայում այն նույնպես կանցնի ներքին բոլոր ընթացակարգերը:
Մենք նաև խոսեցինք տարբեր ձևաչափերի մասին, որոնք վերաբերում են Եվրամիության և Եվրասիական միության միջև համագործակցության ուղիներն ուսումնասիրելուն և զարգացնելուն:
Հայաստան-Եվրամիություն օրակարգում շարունակում է բաց մնալ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը և մենք միասին խոսեցինք այս բնագավառին վերաբերող հարցերի շուրջ։
Իմ նախորդ հանդիպումներում ևս՝ այս երկու օրվա ընթացքում ընդգծեցինք, որ վստահ ենք, որ հեշտությամբ կկարողանանք գտնել պրագմատիկ լուծումներ, որովհետև մենք որևէ հակասություն չունենք այս հարցում և լավ փորձ ունենք՝ միասին աշխատելու պրագմատիկ դաշտում և պրագմատիկ լուծումներ գտնել այս ամենի համար:
Իհարկե, անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ես վերահաստատեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում։
Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են կարևոր առաջնահերթություններ՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն:
Հայկոյի հետ մենք նաև համակարծիք էինք խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևոր հարցում։
Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։
Մենք անդրադարձ կատարեցինք նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին՝ մասնավորապես քննարկելով և Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները և Սիրիայում տիրող իրավիճակը:
Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, սիրելի Հայկո, այս ջերմ ընդունելության, հրավերի և չափազանց բովանդակալից զրույցի համար։ Ես շատ հետաքրքրված եմ շարունակել այս երկխոսությունը և ուրախ կլինեմ տեսնել Ձեզ Երևանում և հրավիրելով Ձեզ Երևան, տեսնելով Ձեզ Երևանում՝ վստահ եմ, որ մենք կշարունակենք փոխանցել այն կարևոր դինամիկան մեր հարաբերություններին, որոնք, իսկապես, իրենց ծավալով բավականին մեծ են և հարուստ։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մյուս բոլոր զրուցակիցներին։ Այս երկու օրերի ընթացքում ես ունեցա շատ հանգամանալից հանդիպումներ։ Հանդիպումներ եմ ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ, Ներքին գործերի նախարարության պետքարտուղար դոկտոր Հելմուտ Թայխմանի հետ, ինչպես նաև Գերմանա-հայկական ֆորումի ղեկավար Ալբերտ Վայլերի հետ։ Այս այցը մոտենում է ավարտին, և ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել, Հայկո՛, և սպասում եմ Երևանում։