ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը

31 հուլիսի, 2018

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մուավերո Միլանեզին նախագահ Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում երեկ ժամանել է Երևան։ Այսօր նախատեսված է հանդիպում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որին կհետևի փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը՝ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերի և Հայաստանի փորձի վերաբերյալ։ Իր ելույթում առաջին փոխվարչապետը տեղեկացրել է Հայաստանում կայացած քաղաքական վերջին փոփոխությունները, ընդգծել իշխանությունների քաղաքական կամքի առկայությունը՝ ՀՀ քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք ապահովելու և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու վճռականությունը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք արտացոլված են այդ զեկույցում։

Արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրից որևէ տեղեկություն չկա։ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան։ Այս խնդրի առնչությամբ հատուկ հայտարարություն է տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Սույն հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Աշխատանքները շարունակվում են։

Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ։ Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրչիկի գրասենյակին՝ նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ։ Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը։ Հայկական կողմն այդ ուղղությամբ շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ։

Մենք շարունակում ենք հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին։ Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում` նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը։

Անցյալ շաբաթ մենք հորդորել էինք նախկին այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեին դիվանագիտական անձնագրեր, հանձնել դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Պետք է նշեմ, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին և վերադարձրել են անձնագրերը։ Դիմում ենք նրանց, ովքեր չեն վերադարձրել. այսօրվանից դրանք անվավեր են։ Համապատասխան տեղեկատվությունը փոխանցված է Սահմանապահ ծառայությանը։

Կռահելով, որ ձեր հարցերի մի ստվար մասը վերաբերելու է Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտնեմ, որ մեր քայլերն ամբողջովին համապատասխանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին։ Ինչպես նշել էինք շաբաթ օրը տարածված մեր մեկնաբանության մեջ, հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսելու Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ։

Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 4 հայ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացի են։ Վթարի արդյունքում վիրավորվել է մեկ հայ, ով տեղափոխվել է հիվանդանոց։

Հունաստանում տեղի ունեցած արտակարգ իրադրության ժամանակ փորձարկվեց ԱԳՆ զգուշացումների համակարգը, այն առավել ակտիվացնելու ենք և այդ առումով սպասում ենք ձեր առաջարկներին. Նման հնարավորություն տալիս է մեր նոր կայքը։

Եվս մեկ հայտարարություն լրատվամիջոցների համար․ արդեն իսկ գործում է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի լուսաբանման համար հավատարմագրման հարթակը, որը հասանելի է գագաթաժողովի պաշտոնական կայքէջում։ Հղումն առկա է նաև ԱԳՆ կայքէջում։ Հավելեմ, որ գագաթաժողովի լուսաբանման համար պետք է հավատարմագրվեն նաև հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը։

Գալա ՀԸ. Պարո՛ն Բալայան, ինչպես կռահեցիք, հարցերը վերաբերելու են Յուրի Խաչատուրովի հետկանչին: Խնդրում եմ արձագանքեք, թե որքանով այս գործընթացը կանդրադառնա Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ հեղինակության վրա: Այդ մասով կուզենամ՝ մեկնաբանեք։ Նաև կխնդրեմ մի փոքր անդրադարձ կատարեք օգոստոսին սպասվելիք Անգելա Մերկելի այցին Հայաստան՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, Եվրամիության հետ կապված հայտարարություններն այս համատեքստում ինչպիսի ազդեցություն, ինչ տպավորություն կարող են ունենալ այս այցի արդյունքում:

Տիգրան Բալայան. Նախ ասեմ, որ տիկին Մերկելի այցելությունը Հայաստան որևէ պաշտոնական խողովակով չի հաստատվել, և քանի դեռ նման այցելությունը հաստատված չէ ոչ գերմանական կողմից, ոչ հայկական, կարծում եմ՝ ժամանակավրեպ է խոսել այդ այցելության, դրա արդյունքների և մեր ակնկալիքների մասին: Եթե կլինեն պաշտոնական հաստատումներ գերմանական և մեր կողմից, այդ ժամանակ կխոսենք: Սովորաբար դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ նման մակարդակի այցելությունների մասին հայտարարություններն արվում են միաժամանակ երկու մայրաքաղաքներում: Այժմ նման հայտարարություն չկա:

Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին՝ կապված պարոն Խաչատուրովի հետ, ՀԱՊԿ գործունեությանը, Հայաստանի հեղինակությանը, հայտնեմ, որ, ինչպես նշել էինք շաբաթ օրը տարածած մեր մեկնաբանության մեջ, ՀԱՊԿ գործընկեր երկրներին դիմելու մեր քայլը՝ փոփոխման գործընթաց սկսելու հարցով, հենց ելնում է այդ տրամաբանությունից, որ մենք ցանկանում ենք նպաստել այդ կառույցի միայն ուժեղացմանը, ինչը և մեր ներգրավվածությունն է ՀԱՊԿ-ում։ Եթե ընդհանրապես նայեք ՀԱՊԿ-ում մեր վերջին նախագահություններին, կնկատեք, որ կարևորագույն փաստաթղթերը ՀԱՊԿ-ում ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք: Օրինակ՝ ՀԱՊԿ զարգացման հայեցակարգն ընդունվեց մեր նախագահության օրոք՝ 2016թ. երևանյան գագաթաժողովին: Մեր նախորդ նախագահության օրոք՝ 2009թ., ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասին համաձայնությունը կայացվեց, որը կրկին մեր նախաձեռնությամբ էր:

Հայաստանը տրամադրված է, որ որևէ քայլ չանենք, որից կտուժի ՀԱՊԿ-ի հեղինակությունը, և մենք շահագրգռված ենք, որ Կազմակերպությունը շարունակի իր բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկացրել ենք թե՛ հրապարակային, թե՛ մեր գործընկերների հետ շփումներում:

Պարա ԹիՎի. Հարցս նորից վերաբերում է ՀԱՊԿ-ին: Մինչև այս շրջանն ո՞վ է զբաղեցնելու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ի՞նչ է լինելու, եթե Յուրի Խաչատուրովն այլևս չլինի Գլխավոր քարտուղար, ո՞վ է փոխարինելու նրան: Մինչև 2020թ. մենք հնարավորություն կունենա՞նք փոխարինել, քանի որ ռուսական կողմից հնչում են ինչ-որ կարծիքներ, որ մենք չենք կարող փոխարինել, և հայկական կողմը պետք է դադարեցնի պաշտոնավարել:

Տիգրան Բալայան. Ձեր բոլոր հարցերին երկու պատասխան կա. կարճ և երկար: Նախ կարճը: Պարոն Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն է: Քանի դեռ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինելու վերաբերյալ, նա շարունակելու է մնալ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար: Գործընթացը, որ մենք առաջարկել ենք սկսել, քննարկումները, որոնք ընթանում են, դեռ չեն նշանակում, որ պարոն Խաչատուրովն ազատված է այդ պաշտոնից: Նա շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար. այսօր ևս:

Ինչ վերաբերում է տեսական հնարավորությանը, թե նրան կփոխարինի՞ Հայաստանի ներկայացուցիչը, ի՞նչ կլինի դրանից հետո: Պարզ է, որ պարոն Խաչատուրովին ինչ-որ մեկը պետք է փոխարինի: Մենք ունեինք ՀԱՊԿ-ում, օրինակ, մինչև 2017թ. մայիսի 2-ը մի իրավիճակ, երբ նախորդ գլխավոր քարտուղարի լիազորությունները սպառվել էին 2016թ. դեկտեմբերի 31-ին, և մինչև նորի՝ կոնկրետ Յուրի Խաչատուրովի նշանակումը, պարտականություններն իրականացնում էր առաջին տեղակալը՝ պարոն Սեմերիկովը: Նման հնարավորություն և նման պրակտիկա էլ ունենք: Բայց այսօր պարոն Խաչատուրովը դեռևս հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար: Մենք նաև ելնում ենք այդ իրողությունից: Այո՛, մենք, ինչպես նշել ենք, առաջարկել ենք մեր գործընկերներին սկսել նրա փոխարինման գործընթացը: Թե ով կփոխարինի, ինչպես, ինչ ժամանակահատվածում, դա քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշում է:

Թերթ.ամ. Պարո՛ն Բալայան, ինձ հետաքրքիր է՝ Դուք հետևե՞լ եք վերջերս պարոն Սվիտալսկիի հայտարարությանը: Նա լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 110մլն եվրո դեռ անցած տարիներից սպասվում է, որ ծրագրեր իրականացվեն: Արդյո՞ք Արտաքին գործերի նախարարությունը և ընդհանրապես Հայաստանի Կառավարությունը բանակցում է այդ 110մլն եվրոն օգտագործելու ուղղությամբ:

Տիգրան Բալայան. Դուք գիտեք, որ մենք ամենաբարձր մակարդակով հայտնել ենք եվրոպական կողմին, որ շահագրգռված ենք ամբողջովին օգտվելու ավելին ավելիի դիմաց սկզբունքից։ Եթե այդ 110մլն եվրոն տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, ապա այո՛, գիտեք, որ գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովը, որի պարտականությունն է մշակել ծրագրեր մեր համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Պարոն Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը կներկայացնի համապատասխան ծրագրեր, որպեսզի հնարավորինս շատ մեր եվրոպացի գործընկերներին հնարավորություն ընձեռենք մեզ օժանդակելու, Հայաստանի զարգացմանը նպաստելու:

Սպուտնիկ Արմենիա. Պարո՛ն Բալայան, շատ է խոսվում Խաչատուրովի անձեռնմխելիության հարցի շուրջ, տարբեր կարծիքներ են հնչում: Խնդրում եմ պարզաբանեք՝ արդյո՞ք նա ունի այդ անձեռնմխելիությունը, արդյո՞ք դա վերաբերում է Հայաստանի քրեական գործերին և ի՞նչ գործընթաց է այստեղ ընթանում: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Իմ ձեռքի տակ է մեր պատասխանը դատարանին: Դատավորը մեզ դիմել էր՝ պարզելու, թե նա ունի անձեռնմխելիություն, թե` ոչ: Ճիշտն ասած՝ չեմ կարող հրապարակել բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ արդյո՞ք դատավարական գաղտնիք կհրապարակեմ, թե՝ ոչ: Բայց կարող եմ ասել, որ կարծում եմ, որ պարոն Խաչատուրովի նյութերին կցված է մեր պատասխանը՝ ի պատասխան դատավորի հարցմանը, թե արդյոք պարոն Խաչատուրովն անձեռնմխելիություն ունի, թե՝ ոչ: Գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրով, մասնավորապես հոդված 11-ով: Սակայն համոզված չեմ՝ մեր պատասխանը կարող եմ հրապարակել, թե ոչ։ Կարծում եմ՝ դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել մեր պատասխանը:

Հանրային Ռադիո. Միջնորդներն առաջարկել էին արտգործնախարարների հանդիպում կազմակերպել: Կա՞ արդեն կոնկրետ օր և վայր, որտեղ պետք է նախատեսվի երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Ադրբեջանի կողմից մատնանշվում էր սեպտեմբերը:

Տիգրան Բալայան. Վերջնական հստակ պայմանավորվածություն արտգործնախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ չկա: Այո՛, մենք հաստատում ենք, որ Բրյուսելում նման հարց քննարկվել է, և դրանից հետո համանախագահների կողմից եղել է առաջարկություն՝ կազմակերպելու հանդիպում, բայց այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն ժամկետների և վայրի վերաբերյալ չկա: Եթե լինի, մենք, ինչպես արել ենք նախկինում, մեր միջնորդների և ադրբեջանական կողմի հետ համակարգված կերպով այդ մասին կհրապարակենք:

Ազատություն. Մի քանի հարց ունեմ: Դուք նշեցիք, որ հետևողական եք Սլովակիայի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման հարցում: ՀԱՊԿ անդամ երկու երկիր հսկայական սպառազինություն է մատակարարել, մատակարարում Ադրբեջանին: Ուզում եմ հասկանալ Հայաստանի նոր իշխանությունների օրոք ի՞նչ է փոխվել, Հայաստանը ինչպե՞ս է բարձրացնում այդ հարցերը Բելառուսի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի վարչապետը, իշխանության մյուս ներկայացուցիչները ի՞նչ են ասում, ի՞նչ պատասխան են ստանում, ի՞նչ է փոխվել Հայաստանի նախորդ իշխանությունների քաղաքականության համեմատ։ Երկրորդ հարցը, Ձեր թույլտվությամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանը չբացառեց, որ սեպտեմբերին Հայաստանի վարչապետը և ԱՄՆ նախագահը հնարավոր է՝ հանդիպեն Նյու Յորքում: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ, և հնարավոր համարո՞ւմ եք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջիկա հանդիպումը: Շնորհակալություն։

Տիգրան Բալայան. Սկսեմ սկզբից: Կարծեմ վարչապետն անձամբ անդրադարձել է, որ Բելառուսի ղեկավարի հետ այս հարցը բարձրացրել է, և ինչ արձագանք է եղել: Նույն հարցը, և դա նաև հրապարակային է եղել, մենք, նոր իշխանությունները, հին իշխանությունները բարձրաձայնել ենք ռուսաստանցի և բելառուս գործընկերների առջև: Մեր դիրքորոշումը հետևյալն է․ չկենտրոնանանք կոնկրետ մեկ երկրից մատակարարումների վրա։ Օրինակ` Սլովակիայից մատակարարումները կոնկրետ օրենքի խախտում են, գործող միջազգային իրավունքի խախտում. երբ վերջնական օգտագործողի սերտիֆիկատը տրված է մեկ երկրի համար, բայց այդ զենքը, բոլորը փայլուն գիտեն, հայտնվում է մեկ այլ երկրում, և այն երկրում, որտեղ հայտնվում է այդ զենքը, գլուխ են գովում, թե, տեսեք, մենք զարտուղի ճանապարհներով զենք ենք ձեռք բերել: Իսկ նման դեպքերի համար, կարծում եմ, համապատասխան երկրների, այդ թվում՝ Սլովակիայի քրեական օրենսգրքում որոշակի հոդվածներ են նախատեսված: Սա այլ հարց է։ Ինչ վերաբերում է այլ երկրներից մատակարարումներին, եթե դրանք օրենքի շրջանակներում են, դրանք սահմանափակելու մեր հնարավորությունները զուտ քաղաքական են․ ազդելու իրավական որևիցե մեխանիզմ մենք չունենք: Եվ մենք շարունակում ենք և վերահաստատում ենք մեր այն պնդումը, դիրքորոշումը, սկզբունքային դիրքորոշումը, որ խնդրահարույց է ցանկացած զենքի, մահաբեր սպառազինության մատակարարումն Ադրբեջանին` հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը, հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը, որ այդ զենքը կարող է օգտագործվել ոչ միայն պոտենցիալ, այսպես կոչված, արտաքին հակառակորդների դեմ, այլ նաև իր սեփական բնակչության դեմ: Սա զենքի մասով:

Ինչ վերաբերում է Թրամփ-Փաշինյան հանդիպմանը և Ալիև-Փաշինյան հանդիպմանը: Այո, կա նման մտադրություն կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում․ այժմ ընթանում են քննարկումներ դրա շուրջ: Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, մենք արդեն աշխատում ենք այդ երկկողմ հանդիպումների վրա, որոնց շարքում հնարավոր է լինի նաև ԱՄՆ ղեկավարի և Հայաստանի ղեկավարի հանդիպումը: Այս պահի դրությամբ ես չեմ կարող հաղորդել, որ նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերված:

Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ պարոն Փաշինյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում, կարծեմ «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում, վերահաստատեց պատրաստակամությունը հանդիպում անցկացնելու պարոն Ալիևի հետ: Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումը ինքնանպատակ չէ․ այն պետք է ունենա բովանդակություն: Բովանդակությունը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռք բերում, նախորդ պայմանավորվածությունների վերահաստատում, այսինքն Հայաստանի նախորդ իշխանությունների հետ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունների վերահաստատում, որը հնարավորություն կստեղծի ապահովել այնպիսի պայմաններ, որ խաղաղ գործընթացում առաջընթաց արձանագրվի:

EA daily. Հետևյալ հարցն է հետաքրքիր՝ Խաչատուրովի հետ կապված: Քանի որ ըստ ռոտացիոն կարգի, Հայաստանին է պատկանում Գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ., արդյո՞ք Հայաստանը պնդելու է, որպեսզի Խաչատուրովին փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը, և ի՞նչ խնդիրներ այստեղ կարող են առաջանալ՝ հաշվի առնելով, որ շուրջ 6 ամիս այդ գործընթացն առկախված էր նախկինում:

Երկրորդ, ընդհանրապես ինչպե՞ս եք արձագանքում Մոսկվայի արձագանքին: Տեղի ունեցավ նախարարների միջև հեռախոսազրույց, բայց դրան հետևեց պետական ՏԱՍՍ լրատվամիջոցի միջոցով ԱԳՆ աղբյուրի կողմից դժգոհությունը, նաև ռուսաստանցի փորձագետներն են այդ մասին դժգոհում, թե այս ի՞նչ է անում Հայաստանը: Ինչպե՞ս եք դրան արձագանքում: Մտահոգություններ ընդհանրապես ունե՞ք Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ:

Տիգրան Բալայան. Հայաստանը պնդելու է, որ այն գործընթացը, որը մենք առաջարկել ենք սկսել, տեղի ունենա ՀԱՊԿ Կանոնադրության և իմ կողմից մեջբերված համաձայնագրի տառին և ոգուն համապատասխան: Ես տեղեկացրի, որ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պիտի առաջ շարժվենք: Այսպես ասեմ՝ բացահայտել, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում, ես կողմնակից չեմ դրան: Զարգացումներ կլինեն, այն մասը, որ մինչև որոշման կայացումը հնարավոր կլինի հրապարակել, մենք չենք հապաղի, դա հաստատ կանենք:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, ես երեկ «Ազատություն» ռ/կ հետ զրույցում նշեցի, որ անանուն աղբյուրների տեղեկատվությունը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև անանուն աղբյուրին ի պատասխան եղավ Ինտերֆաքս գործակալության, կարծեմ, պատասխանը, որը տվեց Երևանում ոչ դիվանագիտական, բայց Երևանի բարձրաստիճան աղբյուրի հղումով ինչ-որ արձագանք։ Իրականում ինձ չի թվում, որ Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում մեր գործընկերային հարաբերություններն այնպիսի իրավիճակում են, որ անանուն աղբյուրների մակարդակով շփվենք իրար հետ: Մենք ունենք շատ հստակ գործընկերային հարաբերություններ, շատ-շատ շփման ուղիներ և հարթակներ: Ես ուղիղ կապի մեջ եմ իմ գործընկերուհու հետ, մեր փոխնախարարը և համապատասխան պրոֆիլային վարչության պետն ուղիղ կապի մեջ են իրենց գործընկերների հետ, նախարարն ուղիղ կապի մեջ է իր գործընկերոջ հետ: Եվ չեմ կարծում, որ ունենք այսպիսի հրապարակային հարթակի կարիք՝ իրար ուղերձներ հասցնելու համար:

Մտահոգությունների մասին նշեմ, որ մտահոգությունները կարող են շատ լինել: Խոսքը վերաբերում է նրան, իրողությունն այն է, որ դա մեր սուվերեն իրավունքն է՝ նախաձեռնելու Գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց, ինչպես ցանկացած մյուս 5 երկրների սուվերեն իրավունքն է նրան նշանակելը՝ անկախ նրանից, թե որ երկիրն է նախաձեռնել: Խաչատուրովն այժմ վեց երկրների ղեկավարների կողմից նշանակված գլխավոր քարտուղար է: Մենք նախաձեռնել ենք Գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց: Տեսականորեն մյուս երկրները ևս կարող են նախաձեռնել այդ գործընթացը: Այժմ մենք ենք նախաձեռնել: Մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ:

Aravot.am․ Պարո՛ն Բալայան, հարցս վերաբերում է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահի կալանավորմանը։ Քաղաքական գնահատականներ հնչեցին, որ այդ փաստը կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության վրա։ Արտաքին գործերի նախարարությունում այս առթիվ ինչպիսի՞ դիտարկումներ ունեն։

Տիգրան Բալայան․ Գիտե՞ք, ճիշտն ասած ձեռնպահ կմնամ իրավական գործընթացին մեկնաբանություն տալուց, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, ոչ թե ներքին քաղաքականությամբ։ Եվ կարծիքներ կան․ մենք ունենք մեր քննարկումները, մենք ունենք տարբեր տեսակետներ այստեղ, որոնք մեր աշխատանքային քննարկումների ընթացքում հնչեցնում ենք, բայց դրանք, կարծում եմ, հրապարակման համար չեն։ Ուղղակի, մեր ներքին քննարկումներ են, որպեսզի ավելի լավ պատրաստվենք արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններին։ Եթե հնարավոր հարցեր ծագեն, մենք կարողանանք պատասխաններ տալ։ Մենք ինքներս ծանոթ ենք գործի նյութերին այն մասով, ինչքանով հրապարակվել է։ Եվ կարծում եմ, շատ քիչ մասն է մեզ հասու։ Ուստի մեկնաբանություններ տալ, հատկապես իրավական գործընթացի շրջանակներում, ես լիազորություններ չունեմ։

Tert.am․ Պարո՛ն Բալայան, նախ մի հարց ծագեց Ձեր ընդհանուր հայտարարությունից, որ ասացիք դիվանագիտական անձնագրեր են վերադարձրել որոշ գործիչներ, հետաքրքիր է՝ անուններ կարո՞ղ եք թվել։

Տիգրան Բալայան․ Անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով՝ չեմ կարող։ Բայց կան գործիչներ՝ բավական բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, նախկին նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, որոնք վերադարձրել են իրենց անձնագրերը։

Tert.am․ Երկրորդ հարցս։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն «Ալ-Ջազիրային» տրված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Դա թուրքական մամուլում մեծ արձագանքի արժանացավ: Հետաքրքիր է հայկական կողմի այս հայտարարությունները կարո՞ղ են նշանակել, որ Հայաստանը նաև կարող է նախաձեռնել նման գործընթաց:

Տիգրան Բալայան. Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունն ամրագրված է նաև Հայաստանի նոր կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Մամուլում արձագանքներին ծանոթ ենք, հետևում ենք: Բայց Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ մամուլի արձագանքներով քաղաքականություն է իրականացվում: Եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղարկեն, որ իրենք պատրաստ են, մենք կդիտարկենք այդ ազդակները: Այս պահի դրությամբ մենք իշխանություններից ազդակներ չունենք, ընդհակառակը, Դուք ինքներդ հետևել եք Թուրքիայի նախագահի այցին Ադրբեջան, հետևել եք վերջերս՝ անցյալ շաբաթ, Թուրքիայի արտգործնախարարի այցելությանն Ադրբեջան, այնտեղ հնչեցված տեսակետներին. դրանք լիովին հակառակի մասին են խոսում: Այսինքն՝ որևիցե ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք:

Շնորհակալություն։

Տպել էջը