ՀՀ ԱԳ նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսին

12 հոկտեմբերի, 2018

Ֆրանկոֆոնիայի նորընտիր տիկին Գլխավոր քարտուղար,

Պարոն Թունիսի Հանրապետության արտաքին գործերի նախարար,

Պարոն Ֆրանսիայի  արտաքին գործերի պետքարտուղար,

Պարոն ՖՄԿ ադմինիստրատոր,

Տիկնայք և պարոնայք,

Ֆրանկոֆոնիայի 17-րդ Գագաթաժողովն ավարտեց իր աշխատանքները․  Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար։

Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց հինգ մայրցամաքներից ժամանած Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչներին։

Ողջ հայ երիտասարդությունը ներգրավվել է իր խանդավառությամբ, իր դինամիզմով և ֆրանսերենի ու ֆրանկոֆոն մշակույթի հանդեպ իր սիրով։  

Չեմ կարող այս անմոռանալի պահերը հիշատակել առանց հիշելու  նաև այն զգացական և տխրության պահերը, որ մենք ապրեցինք Շառլ Ազնավուրի՝ մեզնից հեռանալու պատճառով․ այդ մեծ արվեստագետի, ով այդքան բան է տվել Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին և այդքան բան նվիրել Հայաստանին։     

Այդ կապակցությամբ ցանկանում եմ կրկին իմ երախտագիտությունը հայտնել Նախագահ Մակրոնին՝ հոկտեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի պատվին ազգային հարգանքի տուրքի արարողությանը Հայաստանին մասնակից դարձնելու համար։

Մեր հիշողություններում կմնան նաև համակեցության այն վառ օրերը Երևանի սրտում, որոնք, շնորհիվ Ֆրանկոֆոնիայի ավանի, մի քանի օրով դարձան մշակութային բազմազանության արտահայտության հիանալի վայր։

Այժմ ես կանդրադառնամ այն փաստերին, որոնք նշանավորեցին Գագաթաժողովը՝ նախևառաջ ընդգծելու համար Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ  պետությունների և կառավարությունների ղեկավարների զգալի թվով մասնակցությունը։

Ուրախ եմ հատկապես մեր մտքերի փոխանակման որակի և կառուցողական երկխոսության համար, որ մենք ունեցանք Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» թեմայի շուրջ։

Ընդունելով Երևանի հռչակագիրը և «Ապրել միասինի» համար Ֆրանկոֆոն կոչը՝ մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որոնք մենք որդեգրել ենք՝ մեր հասարակություների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար։ Այն, միևնույն ժամանակ, կուղղորդի մեր կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը։

Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը հանուն խաղաղության, ժողովրդավարության, Մարդու իրավունքների, կանանց և  տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը։ Այն խթանում է համերաշխության և փոխանակելու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ավելի արդար և հավասար հասարակությունների զարգացման համար։

Այն նաև հիմնվում է ֆրանսերեն լեզվի վրա, որպես շաղախ, որը միավորում է ֆրանկոֆոն ընտանիքը։

Այս բոլոր տարրերը միասին կազմում են «Ապրել միասինի» հիմքը Ֆրանկոֆոնիայում, այս ընդհանուր ժառանգության, որին մենք սերտորեն կապված ենք և որը պետք է պահպանվի և ամրապնդվի։

Որպես Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողվի գործող նախագահ, Հայաստանն իր նախագահության ընթացքում մի շարք նախաձեռնություններ կիրականացնի ՖՄԿ-ի հետ համատեղ, բայց նաև սերտ համագործակցություն զարգացնելով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են UNESCO-ն, Եվրոպայի խորհուրդը՝ մշակութային բազմազանության  և մարդու իրավունքների բնագավառներում։

Մենք կաշխատենք նաև Երևանում կայացած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանցի հետ, որը նախագահում է Բենինը՝ թվային տնտեսության բնագավառում նախագծեր զարգացնելու համար։

Եվ վերջապես Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան, մենք Հայաստանում կկազմակերպենք Տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության վերաբերյալ՝ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություններ հաստատելու նպատակով։

Տիկին նորընտիր գլխավոր քարտուղար, հարգելի Լուիզ Մուշիկիվաբո, ցանկանում եմ Ձեզ հղել իմ շնորհավորանքները Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և Ձեզ մաղթել բազում հաջողություններ Ձեր առաքելության մեջ։  Վստահ եղեք, որ Հայաստանը մշտապես Ձեր կողքին կլինի։

Ես ցանկանում եմ նաև հարգանքի տուրք մատուցել Ձեր նախորդին, հարգելի տիկին Միկայել Ժանին, այն դինամիկ գործունեության համար, որ նա իրականացրել է մեր կազմակերպությունը գլխավորելու ժամանակ։

Ես ցանկանում եմ նաև շնորհավորել Թունիսի Հանրապետության արտգործնախարարին, որի երկիրը հյուրընկալելու է մեր կազմակերպության հիսունամյա տարեդարձի Գագաթաժողովը։ Համոզված եմ, պարոն նախարար, որ Ձեր երկիրը կներդնի իր հնարավորությունների առավելագույնը` այդ Գագաթնաժողովի հաջողությունը և այդ տոնակատարության շքեղությունն ապահովելու համար։

Շնորհակալ եմ։

 

Տպել էջը