ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը

24 հոկտեմբերի, 2018

Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ ցանկանում եմ ողջունել բոլորիդ արդեն այս կարգավիճակում և ակնկալում եմ, որ հետագայում մենք կունենանք արդյունավետ և սերտ համագործակցություն: Հոկտեմբեր ամսվա ընթացքում սա առաջին ճեպազրույցն է, և ասեմ, որ հոկտեմբեր ամիսն իրապես լի էր արտաքին քաղաքական տարբեր զարգացումներով, որոնք միջազգային նշանակություն ունեին։ Փորձեմ դրանցից մի քանիսին հակիրճ անդրադառնալ և այնուհետև կանցնենք հարցուպատասխանին։

Իհարկե, կարևորագույն թեման այն է, որ երկու տարվա մեր նախապատրաստական աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 7-ից 12-ը, Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը և 17-րդ գագաթաժողովը: Վերջինս աչքի ընկավ ներկայացուցչական բարձր մակարդակով և մասնակիցների աննախադեպ թվով: Գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել շուրջ 100 պատվիրակություն, որոնցից մոտ 40-ը գլխավորում էին նախագահներ, փոխնախագահներ, վարչապետեր և փոխվարչապետեր, մյուսները ներկայացված էին նախարարների կամ դեսպանների մակարդակով։ ՖՄԿ գագաթաժողովը և հարակից միջոցառումները լուսաբանելու համար հավատարմագրվել է 250 լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ թվով մոտ 700 լրագրող, որոնց ճնշող մեծամասնությունն օտարերկրյա լրատվամիջոցներ էին:

Այսպիսով, Հայաստանը երկու տարով ստանձնեց գագաթաժողովի նախագահությունը։ Հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու Թունիսում 2020թ.։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական հարցերին զուգահեռ, Հայաստանի կողմից մեծ ջանքեր էին գործադրվել գագաթաժողովի բովանդակային հարցերի և ընդունվելիք փաստաթղթերի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ, որոնք արվել են շահագրգիռ բոլոր կողմերի և անդամ երկրների հետ անմիջական շփումների և բանակցությունների միջոցով։

Գագաթաժողովի արդյունքներով Գամբիան, Իռլանդիան, Մալթան և Լուիզիանան ձեռք են բերել դիտորդի կարգավիճակ, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան և Կոսովոն փոխել են իրենց կարգավիճակը՝ դիտորդից դառնալով ասոցացված անդամներ։

Գագաթաժողովի արդյունքներով ստորագրված փաստաթղթերի թվում կառանձնացնեի Երևանյան հռչակագիրը և «Ապրել միասին» ֆրանկոֆոն կոչը, որը հանդիսանում է «Ապրել միասին» հայաստանյան կարգախոսի դրույթների իրականացման աշխատանքային քարտեզը։

Գագաթաժողովի ընթացքում ընդունվել է նաև Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ ևս մեկ անգամ ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Սա 2012թ.-ից վեր արդեն չորրորդ նմանօրինակ բանաձևն է, բայց այս անգամ ամրագրված է հակամարտության վերաբերյալ առավել համապարփակ ձևակերպում, որով ՖՄԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում նաև բոլոր կողմերին ներգրավվել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ տևական խաղաղության հաստատման, ինչպես նաև լարվածության նվազեցման, հրադադարի ռեժիմի հարգման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

Ինչպես նշեցի, Հայաստանը ստանձնել է գագաթաժողովի նախագահությունը, և այստեղ մեր առաջնահերթությունների թվում է լինելու կազմակերպության տնտեսական բաղադրիչի ամրապնդումը։ Այս գործընթացում կարևորելով թվային ոլորտը, բարձր տեխնոլոգիաներն ու նորարարությունը՝ մենք հատուկ աշխատելու ենք Երևանյան գագաթաժողովին զուգահեռ տեղի ունեցած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծված թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցի հետ։ Մեր առաջնահերթություններից են լինելու նաև կազմակերպության ներգրավածության ընդլայնումը մշակութային և կրթական բնագավառներում, միջազգային հարթակների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԽ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ կառույցները։

ՖՄԿ գագաթաժողովի օրերին ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարն ունեցել են նաև երկկողմ հանդիպումների շատ հագեցած օրակարգ։ Դա ևս մեկ առիթ էր քննարկելու երկկողմ հարաբերությունները գործընկերների հետ և ձեռք բերելու նոր գործընկերներ։ Ինչպես գիտեք, այդ ժամանակաշրջանում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Հայաստանի Հանրապետության և Գամբիայի միջև։ Հայաստանը վերահաստատել է իր շահագրգռվածությունն ընդլայնելու համագործակցությունն Աֆրիկայի և Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հետ և այս առումով ավելի մեծ շեշտադրում անելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժի օգտագործման վրա։

Ամիսը նաև ակտիվ էր այլ գործընկերների հետ շփումներով, որոնց մասին մենք փորձել ենք պարբերաբար հաղորդագրություններ և այլ տեղեկատվություն տրամադրել։

Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, միաձայն՝ 96 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ, վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ըստ Ռումինիայի սահմանադրության՝ համաձայնագրի վերջնական վավերացման համար անհրաժեշտ է երկրի նախագահի հրամանագիրը:

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովին, որտեղ իր ելույթում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը։

Հոկտեմբերի 20-ից 22-ը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Լիբանան, որի ընթացքում ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարները:

Առաջիկա այցերի մասով նշեմ, որ վաղը Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հանդիպումներ է ունենալու ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ․ հանդիպումներ նախատեսված են երկրի վարչապետի, անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ։ Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Սա ԱՄՆ ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակու­թյան այցն է Հայաստան վերջին տասնամյակներում։

Հաջորդ շաբաթ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Հաստատվելուն պես կտրամադրենք այցի վերաբերյալ մանրամասները։

Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:

Aysor.am Նիկոլ Փաշինյանն իր ճեպազրույցներից մեկում նշեց, որ օպերատիվ կապ է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև: Կցանկանայի հնարավորինս մանրամասնեք, թե միջնորդավորվա՞ծ է այդ կապը, թե՞ ուղղակի է հաստատվել, այսինքն՝ ի՞նչ ֆորմատով: Եվ եղե՞լ են արդյոք արդեն այդ կապի կիրառման դեպքեր, մասնավորապես, երեկ, գիտենք, որ Պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել: Կոնկրետ այդ հարցը քննարկվե՞լ է օպերատիվ կապի միջոցով: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան. Շնորհակալություն հարցի համար: Այս առնչությամբ կարող եմ միայն մեկ բան ասել. այո՛, օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապի հաստատումը պետք է դիտարկել այն տեսակետից, որ դա ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը: Իսկ ինչ վերաբերում է կապի կիրառելիությանը, նշեմ, որ կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար, այլ դա իսկապես գործող կապ է:

Հանրային ռադիո․ Լյուքսեմբուրգում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Մամեդյարովը հանդիպեց ֆրանսիացի համանախագահի հետ, սակայն հանդիպում չկայացավ երկու արտգործնախարարների միջև: Խոսելու բան չկա՞ր: Ինչպե՞ս կպարզաբանեք:

Աննա Նաղդալյան․ Լյուքսեմբուրգում նախարար Մնացականյանը մասնակցում էր Արևելյան գործընկերության պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, և երկուսի ներկայությունը նույն հարթակում դրանով էր պայմանավորված:

Ինչ վերաբերում է հանդիպմանը համանախագահների հետ, նշեմ, որ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում պահանջվում է մշտական կապ համանախագահների հետ: Ասեմ, որ նույն օրը ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարը: Զոհրաբ Մնացականյանը նաև մշտական կապի մեջ է համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Սրանք պարզապես աշխատանքային բնույթի հանդիպումներ են:

Para TV. Երկու հարց ունեմ: Երեկ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաև Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրի շուրջ՝ նշելով, որ եթե հետխորհրդային երկրներն անդամակցեն ԵԱՏՄ-ին, ապա ավելի քիչ կլինեն հակամարտությունները՝ ի նկատի ունենալով նաև ԼՂ հարցը: Ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմն այս հարցի վերաբերյալ, եթե ՀԱՊԿ անդամակցության դեպքում վետո կդնի խնդրի դեմ, ապա այս դեպքում, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը:

Երկրորդ հարցը. ի՞նչ նորություններ կան ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցի վերաբերյալ: Արդեն հայտնի՞ է օրը, թե ում հետ պիտի հանդիպի և թե ինչ հարցեր պիտի քննարկվեն:

Աննա Նաղդալյան․ Սկսեմ երկրորդ հարցից, որին իմ ներածական խոսքում արդեն անդրադարձա: Բոլթոնը Հայաստան է այցելելու վաղը, հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարների հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցեր: Արդեն վաղը՝ հանդիպումների ավարտին, տեղեկատվության տրամադրմամբ առավել մանրամասն կներկայացվի, թե ինչ հարցեր են քննարկվել:

Ինչ վերաբերում է պարոն Գլազևի հայտարարությանը՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված, պարոն Գլազևի մեկնաբանության վերաբերյալ հայտարարություն է արել ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչը, ով ասել է, որ նման հարց օրակարգում չկա: ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է, որ անդամ կարող են դառնալ այն պետությունը, որը, բառացի չեմ նշում, որևէ գործողություն չի արել՝ ի վնաս կառույցի կամ անդամ-պետություններից որևէ մեկի: Եթե տվյալ հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր:

Արմենիա ՀԸ․ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է Երևանում կայանար ու տեղափոխվեց Մոսկվա: Ինչո՞վ էր սա պայմանավորված, արդյո՞ք միայն ընտրություններով:

Աննա Նաղդալյան․ Դա զուտ տեխնիկական որոշում էր, որն իրապես պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով: Որևէ այլ պատճառ այդ որոշման կայացման հետ կապված չկար:

Ազատություն ռադիոկայան․ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ընթացող բանակցությունները ինչ փուլում են։ Ռուսական մամուլը, կարծես, գրում է, որ մտադիր են նախագահությունը վերցնել Հայաստանից կամ Հայաստանը մտադիր է փոխանցել նախագահությունը։ Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան․ Այս հարցի առնչությամբ մեր նախորդ ճեպազրույցներից ավել որևէ նոր բան ավելացնելու չունեմ։ Պարզապես, պետք է նշեմ կրկին, որ խորհրդակցությունները ՀԱՊԿ համապատասխան հարթակներում դեռևս շարունակվում են և խորհրդակցությունները վերաբերում են ՀԱՊԿ կանոնակարգերի շրջանակներում կոնսենսուսային լուծումներ գտնելուն, ինչպես նաև հենց այդ կանոնակարգերը հստակեցնելու շուրջ: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված չէ Գլխավոր քարտուղարի փոփոխման ընթացակարգ, և խորհրդակցություններն ընթանում են դրա շուրջ: Խորհրդակցությունների արդյունքներն արդեն, ինչպես նշել էի, երբ ներկայացվեն Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը, հայտնի կդառնան հանրությանը:

Հանրային ՀԸ․ Շնորհակալություն, հարցս վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկին: Մամեդյարովը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ բանակցությունների հիմքում ընկած է Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքների օկուպացիայի դադարեցումը և Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տրամադրումը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը: Շնորհակալություն:

Աննա Նաղդալյան․ Կարիք չեմ տեսնում մեկնաբանելու Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, քանի որ Հայաստանն արդեն բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: Պարզապես նշեմ, որ Հայաստանի համար առաջնահերթություններ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը: Իսկ վերջինս կենսական նշանակություն ունի արցախահայության համար, որը տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից ենթարկվել է բռնությունների: Եվ խաղաղության գործընթացը պետք է ապահովվի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի 150 հազար բնակչությունն այլևս չենթարկվի նման ոճրագործությունների, և հարգվեն վերջինիս իրավունքները, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այդ գործընթացում:

Արարատ ՀԸ. Նույն հարցազրույցի մեջ Մամեդյարովին նաև հարց ուղղվեց, թե ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ խորհրդակցություններ գնո՞ւմ են անդամակցելու: Նա իհարկե խուսափողական պատասխան տվեց: Ես լավ հիշում եմ, Դուք եք հայտարարել, որ Հայաստանը միանշանակ վետո է դնելու: Այս ամենը դեռ ուժի մե՞ջ է:

Աննա Նաղդալյան․ Ես նորից կհաստատեմ այն, ինչ որ նշեցի, որ եթե այդ հարցը հայտնվի օրակարգում, Հայաստանն իրեն վերապահված ողջ գործիքակազմով համապատասխան քայլեր կձեռնարկի:

Tert.am. Ինձ հետաքրքիր է երկու հարց, բայց նույն ոլորտին վերաբերող: Տեղեկատվություն տարածվեց, որ Իտալիան զենք է վաճառում Ադրբեջանին, այնուհետև երեկ էլ նաև քննարկումներ եղան ամերիկյան կողմին ադրբեջանական զենք վաճառելու հետ կապված: Առաջինի դեպքում ուսումնավարժական ուղղաթիռների մասին է խոսքը, իսկ երկրորդի դեպքում՝ պարզապես ուղղաթիռների: Ուզում եմ հասկանալ՝ դեսպանատները աշխատո՞ւմ են այդ ուղղությամբ՝ պարզելու տեղեկատվության ճշմարտացիությունը, և ի՞նչ գործընթաց կա դրա հետ կապված:

Աննա Նաղդալյան․ Առաջինի առնչությամբ՝ որևէ վստահելի աղբյուրում այդ տեղեկատվությունը չի հաստատվել:

Ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում, և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք նպաստելու են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին կամ անկայունության տարածմանը: Առաջինի կապակցությամբ ասեմ, որ վստահելիության որևէ աղբյուր չկա:

Իսկ երկրորդի առնչությամբ նշեմ, որ մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ արտակարգ իրավիճակներում կիրառման համար, և չեն կարող ունենալ ռազմական կիրառելիություն: Սա վերաբերում է նաև երրորդ կողմի միջոցով զենքի գնման իրականացմանը:

Շնորհակալություն:

 

 

Տպել էջը