ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

13 մարտի, 2019

Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօր ողջունել իմ գործընկերոջը՝ ԵԱՀԿ գործող նախագահ և Սոլվակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին: Մեր արդյունավետ համագործակցությունը սկսել է տարիներ առաջ, երբ պարոն Լայչակը նախագահում էր ՄԱԿ ԳԱ-ում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, պարոն Լայչակ, շատ հաջող նախագահության համար։ Իմ այս նոր կարգավիճակում սա մեր չորրորդ հանդիպումն է, և իրապես ուրախ եմ, որ այն այս անգամ տեղի է ունենում այստեղ՝ Երևանում, Հայաստանում:

Հատկանշական է, որ վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան։ Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ Կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը:

Հատկանշական է նաև, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան մեր երկրում տեղի ունեցած թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից և 2018թ.-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արժանացան միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ամենաբարձր դրական գնահատականին: Մենք հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր երեք հարթություններում կազմակերպության օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանն աջակցում է Կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին՝ հակամարտությունների հասցեագրման, անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ։ Ես առավել ողջունում եմ, պարոն Լայչակ, Ձեր նախագահության այն գերակայությունը, որ Դուք տալիս եք մարդկանց՝ որպես ԵԱՀԿ գործունեության կիզակետ, որպես ամենակարևոր հարց. ԵԱՀԿ գործունեության և մեր համագործակցության կենտրոնում մարդն է:

Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է իմ գործընկերը, ԵԱՀԿ-ն իրապես տարածաշրջանում ապրող մարդկանց մասին է: Մարդկանց, որոնք արժանի են խաղաղ և անվտանգ ապրելու հնարավորության: Մենք լիովին կիսում ենք այս մոտեցումը: Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ հիմք է հանդիսանում դրանցից տուժած մարդկանց կարիքները, իրավունքները և կամքը հաշվի առնելը։ ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են և տարածվում են բոլոր մարդկանց վրա` առանց որևէ բացառության: Այս սկզբունքը հավասարապես տարածվում է նաև Արցախի ժողովրդի վրա:

Այս առումով կցանկանայի հատուկ շեշտել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող համագործակցությանը։ Հայաստանը մշտապես կարևորել է ԵԱՀԿ ողջ տարածքից, այդ թվում՝ հակամարտության գոտիներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անարգել մասնակցությունը ԵԱՀԿ մարդկային հարթության միջոցառումներին։

Մենք ողջունում ենք ԵԱՀԿ բարձր գնահատականը Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը, որը կարևոր դերակատարում ունի մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացի գործում:

Իմ զրուցակցի հետ, բնականաբար, անդրադարձանք նաև ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու անհրաժեշտությանը: Բազմակողմ դիվանագիտությունը ԵԱՀԿ շրջանակներում կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդման համար։ Այդ առումով կարևորում ենք մասնակից պետությունների կողմից կառուցողական երկխոսությունը, ԵԱՀԿ լայն գործիքակազմի օգտագործման համար անհրաժեշտ կամքի ցուցաբերումը և այդ հարցում ԵԱՀԿ գործող նախագահության աջակցությունը։

Քննարկել ենք նաև ԵԱՀԿ ռազմաքաղաքական հարթությանը վերաբերող հարցեր: Տարածաշրջանում մարդկանց անվտանգ ապագայի ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և առանց քաղաքական նախապայմանների հավատարիմ մնալ անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների ու սովորական սպառազինությունների վերահսկման առկա ռեժիմներին և բացառել ապակայունացնող ռազմական շինարարությունը, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խրախուսում են սպառազինությունների մրցավազքը։

Մենք կիսում ենք նախագահության մոտեցումները լավ կառավարման, նորարարության, կայուն զարգացման ոլորտում համագործակցության խթանման, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, արմատականացման և ծայրահեղականության խնդրի հասցեագրման վերաբերյալ։

Քանի որ սա մեր չորրորդ հանդիպումն է, իմ գործընկերը քաջատեղյակ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշմանը:

Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։ Կրկնեցի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կրկնեցի նաև այն մոտեցումը, որ վերաբերում է Արցախի որոշիչ ձայնի և ներգրավվածության ապահովմանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը: Այն վերաբերում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպման, իսկ մինչ այդ նաև՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, և այս դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական: Եվ հենց այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը, առանց համապատասխան ծանուցման՝ ոտնահարելով ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը, ինչը հանդիսանում է նաև ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթություներից մեկը:

Իմ գործընկերոջ հետ առիթ ունեցանք խոսելու նաև Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Մենք ունենք բավական ակտիվ և լավ երկկողմ օրակարգ, և շատ ուրախ եմ և շնորհակալ այն կարևոր ներդրման համար, որ գործընկերոջս կողմից կատարվում է մեր երկու ժողովուրդների, երկու պետությունների երկկողմ օրակարգն առաջ տանելու, ինչպես նաև տարբեր հարթակներում միասին աշխատելու ուղղությամբ, և ուրախ եմ լավ լուրի համար, որ Դուք բերել եք մեզ այդ առումով:

Այժմ կցանկանամ խոսքը փոխանցել իմ գործընկերոջը: Եվս մեկ անգամ բարի գալուստ և շնորհակալություն:

Խնդրեմ:

Սլովակիայի Ազգային հեռուստաընկերություն. Իրականում ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ երբ Երևանում և Բաքվում խոսում ենք առաջնորդների միջև ինչ-որ պաշտոնական գագաթաժողովի մասին, արդյո՞ք ի նկատի ունենք մոտ ապագան, թե՞՝ որոշակի ամսաթիվ: Ինչպես նաև, ի՞նչ կասեք վայրի մասին: Արդյո՞ք այդ առումով Բրատիսլավան չի կարող դիտարկվել:

Զոհրաբ Մնացականյան. Ես որևէ ձևով հարցականի տակ չեմ դնի Բրատիսլավայի՝ որպես ամեն տեսակի իրադարձությունների համար լավ վայր լինելու Ձեր տեսակետը՝ լինի հանգստյան այց կամ պաշտոնական աշխատանք: Հարցի առնչությամբ, մենք վերահաստատել ենք մեր հանձնառությունը շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Կարծում եմ, այդ առումով մենք ի ցույց ենք դրել մեր լրջությունը, քանի որ 2018 թվականի մայիսից շատ ակտիվորեն վերաներգրավված ենք եղել գործընթացում: Իմ գործընկեր Միրոսլավը նույնպես թվարկեց բոլոր հանդիպումները, որոնք մենք ունեցել ենք արտաքին գործերի նախարարների մակարդակով, հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել մեր երկրների ղեկավարների մակարդակով: Գիտեք, որ այդ հանդիպումներին երկուստեք ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, ուստի այս դինամիկան չափազանց կարևոր է:

Մենք լիարժեքորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ որպես մեր այս աշխատանքների իրականացման ձևաչափ, և առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ: Գիտեք, որ մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, և կառուցողական ոգով էլ շարժվում ենք հանդիպումների և բանակցությունների նոր փուլերին ընդառաջ: Հանդիպման մանրամասների առնչությամբ նշեմ, որ այստեղ առկա է մի կարևոր ընդունված գործելաոճ, համաձայն որի մենք շատ զգուշորեն համակարգում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ և դրանից հետո համաձայնեցված կարգով հայտարարում հանդիպման մասին:

Ուստի, հայցում եմ Ձեր համբերատարությունը: Երբ կհասունանա պահը, երբ մենք կկարողանանք հանդես գալ հայտարարությամբ, Դուք կլսեք դրա մասին՝ և՛ օրի, և՛ վայրի, և՛ այլ մանրամասներով: Սա աշխատանքային գործընթաց է, և հարիր չի լինի որևէ հետագա հայտարարություն անել, քանի դեռ մենք աշխատանքներ ենք իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Շնորհակալություն:

Սպուտնիկ Արմենիա. Պարոն Լայչակին է հարցս ուղղված: Դուք հանդիսանում եք ԵԱՀԿ գործող նախագահ և հանդես եք գալիս տարածաշրջանում խաղաղության կոչով, բայց նաև Սլովակիայի արտգործ նախարարն եք, երկիր, որի սպառազինությունը հայտնվում է Արդբեջանում առանց վերջնական օգտագործման փաստաթղթում նշվելու, և դրանով այդ սպառազինությունը նաև նպաստում է սպառազինությունների մրցավազքին տարածաշրջանում: Կարծես թե քայլեր այդ վերջնական հասցեատիրոջը պարզելու ուղղությամբ չեն կատարվում: Դուք որպես ԵԱՀԿ գործող նախագահ և որպես Սլովակիայի արտգործնախարար, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։

Զոհրաբ Մնացականյան. Ես միգուցե նաև իմ կողմից ավելացնեմ, որ, այո՛, այս հարցը մեր երկկողմ օրակարգում եղել է և նաև առավել ուշադրություն է պահանջում բոլորիս կողմից այն առումով, որ մենք չենք ողջունում սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և բավական զգայուն ենք նման հարցերի հանդեպ: Շնորհակալ եմ իմ գործընկերոջը՝ Միրոսլավին, որ մենք կարողացել ենք ներգրավվել նման երկխոսության մեջ և մեր զգայունությունը բարձրացնել նման խնդիրների հանդեպ, որպեսզի նաև ներդրում ունենանք այն գործում, որը վերաբերում է սպառազինությունների մրցավազքը կանխարգելելուն:

Սա եղել է և կա մեր օրակարգում՝ որպես ոչ միայն այս կոնկրետ դեպքին վերաբերող հարց, այլ ավելի լայն կոնտեքստում՝ երկկողմ, ինչպես նաև ավելի լայն մակարդակով միասին աշխատելու առումով՝ նման իրավիճակների հանդեպ զգայուն լինելու համար: Եվ շնորհակալ եմ Միրոսլավին, որ բավական ակտիվ ներգրավվեց այս հարցում, որպեսզի մենք կարողանանք անդրադառնալ և հասկանալ այս հարցի հետ կապված խնդիրը։ Շնորհակալություն:

Պարա Թիվի. Հարցս վերաբերում է հիմնականում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: Եթե դրանք վերանայվեն, ապա, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք խարխուլ հիմքերի վրա գտնվող ներկայիս բանակցային գործընթացը չի գնա փակուղի: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Ձեր հարցից ես հասկանում եմ, որ Դուք որոշ չափով մեկնաբանում եք վարչապետի երեկվա ելույթը: Հարցը դրա՞ն է վերաբերում, ես ճի՞շտ եմ հասկանում:

Վարչապետն անդրադարձել է երեք սկզբունքներին և վեց տարրերին, և կարծում եմ՝ վարչապետը բավական պարզ է եղել իր հայտարարության մեջ: Խոսքը գնացել է մեկնաբանության և տարբերվող մեկնաբանությունների մասին, և որ մենք նպատակ չպետք է ունենանք ներգրավվելու լեզվակռվի մեջ, այլ՝ հստակեցնելու բոլոր կողմերի մոտեցումները մեկնաբանությունների, ընկալումների առումով, թե ինչ են նշանակում այս երեք սկզբունքներն ու վեց տարրերը: Ընկալել դա որպես վերանայում, ես կարծում եմ, որ վարչապետը որևէ կերպ նման ազդակ չի տվել, այլ ավելի կարևոր ազդակ է տվել այն առումով, որ մեզ անհրաժեշտ է աշխատել նաև՝ բացառելու այնպիսի մեկնաբանություններ, մոտեցումներ ու ընկալումներ, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը և խնդիր են առաջացնում ընկալումների առումով, թե ինչ է սա նշանակում:

Խնդիրը վերաբերում է ընկալումներին և թե որքանով մոտ են կողմերի ընկալումներն այս փաթեթի առնչությամբ: Կարծում եմ, որ վարչապետը բավական հստակ անդրադարձել է դրան, և շատ դժվար է որևէ բան ավելացնելը: Հույսով եմ, որ կկարողանաք ևս մեկ անգամ ընթերցել և հասկանալ, որ մեր հիմնական շեշտադրումը վերաբերում է նրան, թե որքանով է հնարավոր բացառել տարաձայնություններն ու լեզվակռիվները այս փաթեթի առնչությամբ:

 

Տպել էջը