ԱԳ նախարար Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսին
13 հունիսի, 2019Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,
Հարգելի՛ Ֆեդերիկա,
Մեկ անգամ ևս շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մենք այսօր շատ արդյունավետ քննարկում ունեցանք Հայաստան-ԵՄ գործընկերային խորհրդի երկրորդ հանդիպման շրջանակներում: Մենք մտքեր փոխանակեցինք հարցերի լայն շրջանակի շուրջ՝ քաղաքական հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ոլորտային համագործակցություն, զարգացում եվրոպական գործընկերության շրջանակներում:
Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ մեր համապարփակ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և դրանք պահպանելու ամուր հանձնառության վրա: Հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, կայուն ինստիտուտներ և տոկուն հասարակություն ունեցող ամուր ժողովրդավարություններ կառուցելու համատեղ ձգտումների վրա:
Մենք նաև քննարկել ենք վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, և ես ներկայացրի կառավարության կողմից ձեռնարկված տարբեր միջոցառումները, տարբեր քաղաքականությունները, որոնք առնչվում են կոռուպցիայի խնդրին, սոցիալ-տնտեսական ոլորտում բոլորի համար հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծման կարևոր առաջնահերթությանը, ինչպես նաև այս ուղղությամբ համապատասխան քաղաքականության իրականացմանը:
Մենք նաև Եվրոպական միության մեր գործընկերներին ենք ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ ձևով է մեր քաղաքականությունն անդրադարձել տնտեսության վրա, ինչպես նաև ընդգծել ենք մեր խորը հանձնառությունը՝ իրականացելու այդ բարեփոխումները, որոնք բխում են 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ոգուց և էությունից:
Ես նաև անդրադարձա Հայաստանում իրավական բարեփոխումների էական առաջնահերթությանը, որը շատ մեծ տեղ է զբաղեցնում մեր ներքին օրակարգում՝ ընդգծելով մեր համագործակցության կարևորությունն այդ նպատակին հասնելու համար:
Մենք արժևորեցինք առաջին Գործընկերության խորհրդից հետո արձանագրված զարգացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխադարձ այցելությունների համատեքստում: Կցանկանայի նշել, որ մենք շատ կարևոր երկկողմ այց ունեցանք մարտին. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Բրյուսել: Ցանկանում եմ նորից շեշտել ինչպես այս այցի, այնպես էլ դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, այդ թվում այն պայմանավորվածությունների, որոնք վերաբերում են մեր հարաբերությունների խորացմանը որոշակի ոլորտներում և Հայաստանի զարգացմանն ուղղված հստակ ծրագրերին, որոնք մենք համաձայնել ենք միասին առաջ մղել: Ես նաև ցանկանում եմ անդրադառնալ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին, որոնք միանգամայն վճռական նշանակություն ունեին: Դրանք իրապես ազատ և արդար գնահատվեցին միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Եվ ինչն ամենակարևորն է, դրանք այդպիսին ընդունվեցին մեր հանրության կողմից: Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին այս ընտրությունների բարեհաջող կազմակերպման հարցում մեզ տրամադրած աջակցության համար:
Մենք նաև այսօր հանգամանալից քննարկեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Այս համաձայնագիրը, ըստ էության, մեր հարաբերությունների սահմանադրությունն է, որի շրջանակներում մենք մշակել ենք մեր համագործակցությունը քաղաքական, արդարադատության, առևտրի, անվտանգության, մարդու իրավունքների, զարգացման ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտային ուղղություններով, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունը, շրջակա միջավայրը և այլն:
Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից` իմ երախտագիտությունը հայտնելու ԵՄ անդամ այն երկրներին, որոնք, այս պահի դրությամբ, արդեն իսկ վավերացրել են ՀԸԳՀ-ն, և կցանկանայի նաև կոչ անել անդամ մյուս երկրներին քայլեր ձեռնարկել իրենց ներքին վավերացման գործընթացներն արագացնելու ուղղությամբ, որպեսզի ՀԸԳՀ-ն վերջնականապես ուժի մեջ մտնի:
Այսօրվա հանդիպման ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ մենք նաև քննարկեցինք և համաձայնեցինք ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի շուրջ: Այն մեզ համար ուշադիր կերպով մշակված ծրագրային փաստաթուղթ է, որը համաձայնագրի կիրարկումը և մշտադիտարկումը դարձնում է լավ կառուցված և թիրախավորված: Մենք նաև գնահատեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթություններն՝ ուղղված մեր հարաբերությունների հետագա խորացման խթանմանը:
Մենք լայնորեն քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, որոնց, մասնավորապես, Տիկին Մոգերինին արդեն իսկ անդրադարձավ, և որոնք ես լիովին կիսում եմ:
Մենք նաև կարծիքներ փոխանակեցինք Հայաստան-Եվրամիություն վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ, ինչը կարևոր փոխադարձ հանձնառություն է՝ արտահայտված տարբեր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերում:
Մենք մեր կողմից հետևողական քայլեր ենք ձեռնարկում վիզայի դյուրացման և հետընդունման պայմանագրերի արդյունավետ կիրարկման ուղղությամբ: Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի ակտիվ խթանման նպատակով մենք ներգրավված ենք եղել անդամ պետությունների հետ ուղիղ երկխոսության մեջ՝ իհարկե ԵՄ կառույցների հետ ներգրավվածությանը զուգահեռ:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցին անդրադարձել ենք մեր հանդիպման ժամանակ. այն կարևոր հարց է, որը կոնսոլիդացնում և ամրապնդում է մեր հարաբերությունների բնույթը՝ մարդկանց միավորելու ճանապարհով: Մարդկանց միջև շփումների դրյուրացումն ամրապնդում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորությունը, և այդ գործընթացքում ես տեսնում եմ մեր ժողովուրդների ազատ տեղաշարժի և կապերի ամրապնդմանը միտված քայլերի արագացման կարևոր քաղաքական գործառույթը: Փոխկապակցվածությունը և շարժունակությունն այդ առումով կարևոր քաղաքական նշանակություն ունեն:
Մենք նաև ակնկալում ենք, որ մեզ կգնահատեն ըստ մեր գործողությունների` այլ համատեքստերի հետ կապելու փոխարեն: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի նախագահ պարոն Յունկերին այն ամուր աջակցության համար, որը նա հայտնել է վարչապետ Փաշինյանի այցի և վարչապետի հետ հանդիպման, ինչպես նաև մարտին կայացած նրանց համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Այսօրվա մեր քննարկման մյուս թեման Արևելյան գործընկերության տասնամյակն էր: Արևելյան գործընկերության կարևոր նվաճումներից է ընդհանուր արժեքների գնահատումը, ինչպես նաև մեր տարածաշրջանում և մեր երկրում կայուն զարգացման գործում ունեցած կարևոր ներդրումը: Ցանկանում եմ նաև հայտարարել, որ մենք մեր սեփական ներդրումը կունենանք ազգային մակարդակով՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկելով երիտասարդության հզորացմանը և նորարությանը նվիրված միջոցառում: Իհարկե, հրավեր ենք հղում ԵՄ անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին և, իհարկե, ԱլԳ անդամ երկրներին և ակնկալում ենք հյուրընկալել նրանց Հայաստանում:
Այսօր մենք նաև քննարկել ենք «20 արդյունք մինչև 2020թ»-ի իրականացումը:
Իհարկե, մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և ես վերահաստատել եմ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային միջնորդության ձևաչափի շրջանակներում: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են բանակցային գործընթացում: Մեզ համար մյուս կարևոր առաջնահերթությունը վերաբերում է նրան, որ ուշադրության կենտրոնում պահենք խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և խթանումը: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, լարվածության աճի վտանգների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը շարունակում են մնալ շատ կարևոր առաջնահերթություններ: Ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարումը խիստ կարևոր պայմաններ են բանակցություններում առաջընթացի համար:
Մենք ողջունում և ընդգծում ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ԵՄ-ի աջակցության կարևորությունը: Մենք նաև գնահատում ենք Եվրամիության դերը՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ աջակցելու բանակցային գործընթացում առաջընթացին նպաստող միջավայրի ձևավորմանը: Եվ մենք նաև ընդգծել ենք, որ նման ծրագրերը պետք է լինեն շատ զգուշորեն թիրախավորված, որպեսզի իրապես ծառայեն մարդկանց միջև շփումների նպատակին:
Կցանկանայինք վերահաստատել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրամիության հետևողական դիրքորոշումը՝ աջակցելու գործընթացին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչպես նաև աջակցելու այն առաջարկություններին ու գաղափարներին, որոնք ներկայացվում են այս ձևաչափի, այս բանակցությունների շրջանակներում։
Եվ, իհարկե, մենք խորապես վստահ ենք Եվրոպական միության նմանօրինակ համակարգված աջակցության հետևողականության վրա: Մենք նաև դա ենք քննարկել։ Ուստի ևս մեկ անգամ շնորհակալություն դրա համար։
Ցանկանում եմ խոսքս եզրափակել կրկին նշելով, թե որքան բարձր ենք գնահատում այն լայն համագործակցությունը, որը մենք ունենք Բարձր ներկայացուցչի և Հայաստանի նվիրյալ բարեկամներ հանդիսացող իր թիմի հետ, ովքեր լավ են ճանաչում Հայաստանը, և ովքեր եղել են ակտիվ դերակատարներ այն ամենում, ինչը մենք կոչում ենք Հայաստան-Եվրամիություն ամուր հարաբերություններ։ Ես ցանկանում եմ առիթն օգտագործել շնորհակալություն հայտնելու նաև մեր թիմին՝ բաղկացած Հայաստանի կառավարության տարբեր անդամներից՝ փոխնախարարների և այլ մակարդակներով, ովքեր տարվա ընթացքում ջանասիրաբար աշխատել են մեր հարաբերություններն առարկայական դարձնելու համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ֆեդերիկա՛, բարեկամական ոգու, աջակցության, պրագմատիզմի և կայուն հանձնառության համար՝ ուղղված Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման կարևորագույն առաջնահերթությանը։
Deutsche Welle. Պարոն նախարար, գիտեմ, որ Գործընկերության խորհրդում Հայաստանն ավանդաբար ներկայացաված է արտգործնախարարի մակարդակով: Այդուհանդերձ, արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նախատեսում գլխավորել Խորհրդում Հայաստանի պատվիրակությունը։ Նկատի ունեմ, խորհրդանշական կլիներ ցույց տալ, թե որոնք են Ձեր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Շնորհակալ եմ։
Զոհրաբ Մնացականյան․ Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ Հայաստանն առավել շատ ուշադրություն է դարձնում ոչ թե ձևին, այլ բովանդակությանը։ Եվ կրկնեմ, որ վարչապետի անմիջական մասնակցությամբ ունեցել ենք բոլոր մակարդակներով փոխանակումների, քննարկումների և հանդիպումների դինամիկ տարի։ Այս տեսանկյունից բավականին հագեցած տարի էր, և մենք դրանով կանգ չենք առնելու:
Ես հենց նոր բացման խոսքում նշեցի վարչապետի երեք այց: Երկկողմ այցը տեղի է ունեցել այս տարվա մարտին, նախկինում եղել է մեծ ներգրավվածությամբ հանդիպում Բրյուսելում 2018թ.-ին, երբ մենք ունեցանք ներգրավվածություն ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ նախագահ Տուսկի, նախագահ Յունկերի և բարձր հանձնակատար Մոգերինիի հետ: Ուստի կարծում եմ, որ վարչապետը անձամբ շատ լավ ճանաչում է Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին այսքան ծավալուն և դինամիկ երկխոսության և ներգրավվածության շնորհիվ: Ուստի այդ առումով որևէ կասկած չկա: Ցանկանում եմ նաև ընդգծել վարչապետի ներգրավվածությունն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիված մջոցառումներին այս տարվա մայիսին: Այսքանը վարչապետի առչությամբ:
Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես նաև ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք կազմակերպել մեր աշխատանքը՝ կիրարկելու այն, ինչ ես անվանում եմ մեր հարաբերությունների սահմանադրական շրջանակ, այն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվ այդ նպատակով մենք Հայաստանում ունենք շատ կարևոր համակարգող մեխանիզմ, որը նախագահում է Հայաստանի փոխվարչապետը, և որը շատ լայն և համընդգրկուն աշխատանքում ներգրավում է բոլոր պետական գերատեսչություններին և նախարարություններին: Դրա արդյունքն այն ճանապարհային քարտեզն է, որը ես արդեն իսկ անվանեցի թիրախային, համակարգային փաստաթուղթ ՀԸԳՀ-ի թիրախային և կառուցվածքային կիրարկման համար: Մենք այսօր ներկայացված ենք ի դեմս մի շարք նախարարություններում մեր գործընկերների։ Սա է մեր աշխատելաոճը՝ նման համախմբված ձևով միս ու արյուն հաղորդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի վրա։
Այսպիսով, կարծում եմ՝ միմյանց լավ ճանաչելու և մեր կարևոր օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ մարտավարական աշխատանք իրականացնելու առումով խնդիր չունենք։