ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը լրագրողների հետ
05 հուլիսի, 2019Հարց. Վաշինգոտնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպեք...
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի նախագահի՞:
Հարց. Այո՛, Իլհամ Ալիևի:
Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ AzerTag գործակալությանը տրված հարցազրույցի վրա, որը հրապարակվել էր հունիսի 24-ին:
Հարց. Ինչի՞ մասին են այդ փաստաթղթերը, որ փոխանցվել են Ձեզ:
Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ վերոնշյալ հարցազրույցի վրա. դուք Ձեր տեղեկությունը վերցնում եք իրենց աղբյուրից:
Նշեմ, որ մենք հանգամանալից խոսել ենք վաշինգտոնյան գործընթացի մասին: Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարևոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:
Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:
Եվ վերջապես բովանդակության հարցը. մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել:
Երեկ առիթ ունեցանք նաև խոսելու, որ սա համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է: Եվ դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մոտեցումների շրջանակում է, որ մենք ունենք մեր մոտեցումները: Եվ այդ պարամետրերի մեջ յուրաքանչյուր բանակցության ժամանակ մենք ձևավորում ենք այդ շրջանակը, որի մեջ մեզ համար անհրաժեշտ է ամրագրել և առաջ տանել այն, ինչ մեզ համար առաջնային է: Սրանք բացարձակ առաջնային խնդիրներ են Հայաստանի մոտեցման մեջ:
Հարց. Պարո՛ն Մնացականյան, Արցախի խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ ժամանակն է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ հարցը բարձրացնելու ժամանա՞կն է:
Զոհրաբ Մնացականյան: Մեզ համար, առաջնային շրջանակը, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, Մինսկի խմբի համանախագահության հարթակն է, որը եղել և մնում է արդյունավետ հարթակ, որտեղ մենք բավական արդյունավետ աշխատում ենք համանախագահ երկրների հետ:
Հարց։ Պարոն Մնացականյան, Դուք նշեցիք 150 հազար արցախցիների մասին, բայց հակամարտությունից առաջին տուժածները նաև Ադրբեջանից հայ փախստականներն են և նրանք 150 հազար չեն։ Այդ մարդկանց իրավունքների հարցը, պաշտպանության հարցը...
Զոհրաբ Մնացականյան։ Եթե Դուք ուզում եք ընդլայնել պարամետրերը, ապա պարամետրերը շատ - շատ են. մենք կարող ենք ընդլայնել։ Ես խոսում եմ ամենակենսական, առաջնային խնդրի մասին։ Կա շրջափակման խնդիրը, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և տարբեր կարգավիճակներում գտնվող մեր բնակչությունների՝ անվտանգության հարցերին։ Բնականաբար, դրանք բոլորը գոյություն ունեն, բայց ես խոսում եմ առաջնային, գերակա խնդրի մասին։
Հարց։ Պարոն Մնացականյան, ի՞նչ առաջընթաց կա Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու այդ ճանապարհին, գուցե կա՞ն ձեռքբերումներ։
Զոհրաբ Մնացականյան։ Մենք խոսել ենք սրա մասին, մենք արտահայտել ենք այն և բացատրել, թե ինչու ենք առաջ բերել այս հարցը: Անցյալ տասնամյակներում եղել է ձևավորված մի միջավայր, և մենք ի հայտ ենք բերել մեր տեսակետը, մեր մոտեցումը և բացատրել, որ Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որի բնակչությունն իր կամքը արտահայտում է իր իշխանությունների միջոցով, որոնք ունեն բնակչությունից ստացված այդ մանդատը։ Այդ բնակչությանը ես չեմ ներկայացնում, որովհետև Արցախի բնակչության կողմից Հայաստանի կառավարությանը մանդատ չի տրված՝ ընտրություններին չմասնակցելու առումով: Սա շատ պարզ խնդիր է, և հասկանալով, որ Արցախը քաղաքական սուբյեկտ է, քաղաքական միավոր, ունի բնակչության կողմից ձևավորված իշխանություն` իր կամքը արտահայտելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմներով, լինելով այդ սուբյեկտը՝ ինքը չի կարող չլինել, չի կարող չունենալ լիարժեք ներգրավվածություն: Տարիներ շարունակ եղել է մի միջավայր, եղել է մի գործընթաց, և եթե մենք եկել և անմիջապես սպասում ենք, որ այդ հարցը պետք է լուծվի, միգուցե չափազանցնում ենք մեր ակնկալիքները։
Հարց։ Որևէ առաջընթաց չկա՞ այդ առումով։
Զոհրաբ Մնացականյան։ Առաջընթաց ասելով Դուք ի՞նչ նկատի ունեք։
Հարց։ Որևէ առաջընթաց կա՞, մի քայլ արվե՞լ է։ Մեկ տարի է անցել պարոն Փաշինյանի գալուց։
Զոհրաբ Մնացականյան։ Այժմ խոսում եմ Ձեզ հետ, այս հարցը հրապարակայնորեն արտահայտում եմ, և դա արտահատվում է բանակցությունների ընթացքում, և այս բանավեճը շարունակական է։
Հարց. Հիմա ռազմավարական դաշինք կնքելու հարցն է քննարկվում. Արցախում է եղել խորհրդաժողովը, Հայաստանում խորհրդակցություններ են սկսել ոչ իշխանական ուժերը: Կցանկանայի, որ երկու նախարարները հստակեցնեն` նոր ստորագրված փաստաթուղթը որևէ կերպ արտահայտու՞մ է այն քննարկումները, այն, ինչ առաջարկում են ոչ իշխանական ուժերը Հայաստանում։
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Մեզ համար սա ուղղակի գործիք է, շատ հստակ գործիք, գործնական մեխանիզմ, որովհետև առաջին հերթին արտաքին գործերի նախարարության միջոցով է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ այստեղ մենք միասին հետապնդում ենք շատ պրակտիկ նպատակ` կանոնակարգելու և հստակեցնելու այն, թե ինչպես ենք մենք աշխատում միասին այս գործընթացի շրջանակներում:
Ի դեպ, իմ գործընկերը՝ պարոն Մայիլյանը նշեց, որ մենք արդեն առաջին օրվանից գտնվում ենք շատ սերտ համագործակցության մեջ և շփվում ենք ոչ միայն այսպես, այլև բոլոր հնարավոր ձևերով: Եվ ուղղակի մենք անհրաժեշտություն ենք տեսնում, որպեսզի ավելի կանոնակարգենք և այդ պրակտիկ գործիքը մեր ձեռքում ունենանք:
Հարց. Հունիսի 14-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ գերատեսչական մակարդակով բարձրացնելով Ադրբեջանի կողմից Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացման հարցը: Պարո՛ն Մնացականյան, այս հարցը քննարկվե՞լ է հունիսի 20-ին Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Զոհրաբ Մնացականյան. Ես Ձեզ տվեցի հարցերի շրջանակը, որոնք քննարկվում են և փորձեցի ներկայացնել, թե որքան լայն է հարցերի շրջանակը, և որևէ սահմանափակում մենք չունենք։ Մեր հարցերի քննարկման, դրանց առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որևէ սահմանափակում չունենք, որևէ կերպ կաշկանդված չենք, որևէ կերպ մեզ ոչ մեկ չի կարող կանգնեցնել՝ առաջ դնելու մեզ համար կենսական նշանակության հարցեր։