ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

21 փետրվարի, 2020

Հարց. ՀՀ ԱԳՆ կողմից 2019թ. ապրիլի 25-ին պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեսակապի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Ի՞նչ խնդիրներ է լուծելու այս նախաձեռնությունը։ 

Պատասխան. Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես, տեսակապի միջոցով անձի ինքնությունը ստուգելու (նույնականացնելու) միջոցով ընդլայնել հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակները և աշխարհագրությունը։ Առաջարկվում է քաղաքացու՝ անձամբ ներկայանալու և հյուպատոսի հետ դեմ առ դեմ հանդիպելու պահանջին ստեղծել այլընտրանք՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխարհի ցանկացած վայրից տեսակապով դիմել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և ստանալ որոշակի հյուպատոսական ծառայություններ։ Տեսակապով դիմելու դեպքում անձի ֆիզիկապես ներկայանալու պահանջը կփոխարինվի իրական ժամանակում դեմ առ դեմ տեսակապ հաստատելով, որը պետք է իրականացվի այնպիսի չափանիշներով, ինչը հնարավորություն կտա հստակ տեսնել դիմողին, նրա անձը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում), իսկ տվյալ տեսանյութը կձայնագրվի և կպահպանվի տվյալ գործին կից համապատասխան էլեկտրոնային համակարգում։

Հարց. Որքանո՞վ տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունները կապահովեն ակնկալվող որակը։ Կխնդրեի մանրամասնել՝ ինչպես է դա իրականացվելու։ Ո՞ր երկրների համար է գործելու հյուպատոսական ծառայությունների մատուցման այս տարբերակը։

Պատասխան. Նախատեսվում է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում ստեղծել բաժին, որի աշխատակիցները կանցնեն համապատասխան վերապատրաստում, կստանան տեսակապի միջոցով անձի ինքնության ստուգման (նույնականացման) համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ։ Քաղաքացին ՀՀ ԱԳՆ կայքի համապատասխան բաժնում կլրացնի հայտը, որից հետո իր հետ կապ կհաստատվի, և կիրականացվի տեսակապը։ Տեսակապի ծառայությունը կիրառելի կլինի ոչ բոլոր հյուպատոսական ծառայությունների համար։ Արդյունքում հազարավոր քաղաքացիներ հնարավորություն կունենան, ցանկության դեպքում, մի շարք հյուպատոսական ծառայությունների համար դիմել տեսակապի միջոցով, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել և ստանալ փոստի միջոցով՝ խնայելով իրենց ժամանակը և ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) այցելելու դեպքում։

 

Տպել էջը