ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին
06 մայիսի, 2021Բարև ձեզ, սիրելի՛ գործընկերներ։ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Կցանկանայի մեկ անգամ ևս ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր Սերգեյ Լավրովին։
Թեև ընթացիկ տարում սա մեր՝ հերթական անմիջական հանդիպումն է, այսօր մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավական լայն և ներառական էր՝ պայմանավորված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ներկա մակարդակով։ Անկեղծության և վստահության մթնոլորտում կայացած բովանդակային բանակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում գործընկերությանն առնչվող հարցերի։
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծվեց միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում։ Տեսանելի է նաև ակտիվ փոխգործակցությունը նախարարությունների և գերատեսչությունների միջև։ Ակնկալում ենք, որ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների առդեմ ձևաչափով նախատեսված նիստերի արդյունքներով կձեռնարկվեն հստակ համատեղ քայլեր՝ ուղղված համագործակցության որակական բարելավմանը, ապրանքաշրջանառության աճին և փոխգործակցության հետագա ընդլայնմանը:
Մեր ուշադրության կենտրոնում էին մեր գերատեսչությունների միջև խորհրդակցությունների հաճախակիության և բովանդակային նոր ուղղությունների ընդգրկման հարցեր։
Իմ կողմից ընդգծվեց նաև հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու COVID-19 համավարակի հակազդման ուղղությամբ մեր գործընկերությունը, այդ թվում՝ ռուսաստանյան հակավիրուսային պատվաստանյութի կիրառման միջոցով։
Բնականաբար, առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը։ Մանրամասն քննարկեցին այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում։
Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը: Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձնանց։ Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրեցի միջազգային հանրության մոտեցումները և մեր հարևան երկրին հասցեագրված կոչերը՝ կատարելու իրենց միջազգային պարտավորությունները:
Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։ Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:
Անդրադարձ կատարվեց նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին: Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը:
Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը։
Միջազգային համապատասխան կազմակերպությունների՝ Արցախի վերականգնման գործընթացին միանալու հարցի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում վերահաստատեցի, որ Արցախ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի. խոսքը համընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության մասին է, որը չպետք է պայմանավորված լինի կարգավիճակի վերաբերյալ ընկալումներով:
Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված բազմաթիվ մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը շարունակում է մնալ առավել քան արդիական։ Ադրբեջանական կողմից շարունակվող վանդալիզմի դեպքերի լույսի ներքո այս խնդիրը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավում:
Անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման հարցերը նույնպես եղել են մեր քննարկումների կենտրոնում: Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի համատեքստում նշվեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը: Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված են այդ գործընթացի հստակ շրջանակները։
Անդրադարձանք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին: Մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը և խոսքը փոխանցել իմ գործընկերոջը:
Հարց. Հարցս ուղղված է երկու նախարարներին. Սերգեյ Լավրովն այսօր արդեն հիշատակել է այս կարևոր տարեթվերը՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Արդյո՞ք այդ կապակցությամբ հաջորդ տարի ծրագրվում է համագործակցության ինչ-որ կտրուկ ընդլայնում, ինչ-որ ակտիվացում, կարո՞ղ է մշակվեն նոր ճանապարհային քարտեզներ։
Եվ թույլ տվեք հնչեցնել երկրորդ հարցը: Վերջերս Կազանում կայացած միջկառավարական խորհրդի ժամանակ մեր վարչապետերը՝ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը, նշել են համավարակի պատճառով ապրանքաշրջանառության 10% նվազման մասին և ընդգծել, որ անհրաժեշտ է մշակել ապրանքաշրջանառության բարձրացմանն ուղղված առաջարկ։ Հաջողվե՞լ է արդյոք ինչ-որ առաջարկներ մշակել, գուցե՞ ինչ-որ գաղափարներ կան։
Արա Այվազյան. Ես կարող եմ միայն ավելացնել, որ, բնականաբար, COVID19 համավարակի հետևանքները զգացվել են ամբողջ աշխարհում: Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես նշեցիք, եղել է ապրանքաշրջանառության շուրջ 10% անկում, բայց կա երկուստեք ցանկություն և նպատակամղվածություն՝ նվազեցնելու կտրուկ անկումը, և, ինչպես նշեց Սերգեյ Վիկտորին, Կազանի հանդիպումներին վարչապետերը հանձնարարել են համապատասխան գերատեսչություններին, նախարարություններին մշակել այն աշխատանքների ցանկը, որոնք պետք է ակտիվացնեն մեր տնտեսական համագործակցությունը։ Լիովին համաձայն եմ Սերգեյ Վիկտորիի հետ առ այն, որ հունվարի 11-ի պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչումը տրանսպորտային և տնտեսական ներուժի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ կարևորություն է տալիս տնտեսական դիվանագիտության ակտիվացմանը, և այդ առումով մենք մեծապես կարևորում ենք Ռուսաստանում հայկական մեծ սփյուռքի առկայությանը, որը հայտնի է իր գործարարությամբ և երկար ժամանակ կամուրջ է ծառայել, որը նաև այդ առումով միավորում էր մեր երկու դաշնակից պետությունները: Վստահ եմ, որ նրանք շատ ակտիվ մասնակցություն կունենան, և արդյունքները շուտով ակնհայտ կլինեն։ Շատ շնորհակալ եմ։
Հարց. Առաջին հարցս, պարոն Այվազյան, Ձեզ է ուղղված։ Արդեն իսկ բազմաթիվ են Ադրբեջանի կողմից Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերը, որոնք դրսևորվում են ինչպես ինքնության խեղմամբ, այնպես էլ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմամբ, ինչպես տեսանք: Օրերս էլ տեղեկություն տարածվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքի փոփոխման մասին։ Բացի ԱԳՆ հայտարարություններից ի՞նչ այլ քայլեր են ձեռնարկվում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։
Արա Այվազյան. Շնորհակալություն։ Ձեր հարցի կապակցությամբ պետք է նշեմ, որ Արտաքին գործերի նախարարությունn արդեն բազմիցս անդրադարձել է, և այսօր կարող եմ վերահաստատել և արձանագրել, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման անհրաժեշտությանը։
Մենք սերտորեն համագործակցում ենք UNESCO-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ UNESCO-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ։
Տեսեք, պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, ընդհանրապես, նախ և առաջ, մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց՝ Ադրբեջանին ուղղված կոչով։ Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։
Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին՝ նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր Տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր։ Շնորհակալություն: