ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

13 հոկտեմբերի, 2021

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ:

Ուրախ եմ Հայաստանում հյուրընկալել իմ գործընկերոջը՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարին, և նրա գլխավորած պատվիրակությանը: Սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, և պետք է նկատել, որ այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին, և անկասկած՝ այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում․ սա բխում է մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից:

Պետք է միանգամից արձանագրեմ, որ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Սա դուք կարող եք տեսնել նաև ՀՀ Կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Ցանկանում եմ մեծ գոհունակություն հայտնել այսօրվա մեր հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ և կրկին վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր պայմանավորվածությունները արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով:

Մյուս տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակն է լրանում, հոբելյան է, և մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակվի խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել: Եվ մենք շնորհավորում ենք Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ: ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումների կապակցությամբ՝ վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը և աջակցությունը Հնդկաստանին՝ անվտանգության խորհրդի մշտական անդամակցություն ստանալու հարցում:

Հնդկաստանը՝ որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետութուն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը: Եվ մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Հայաստանը բազմիցս նշել է, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով:

Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում:

Անդրադառնալով մեր երկկողմ օրակարգին՝ նշեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության, պաշտպանության և միջմարդկային փոխանակումների ոլորտներում:

Մեր սպասելիքները երկկողմ համագործակցության առումով շատ ավելի շատ են, և կրկին, այս այցի ընթացքում և մեր հանդիպումների ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շատ ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման մասին: Մենք առաջարկել ենք նաև անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստ:

Կրկին հայտնում ենք մեր երախտագիտությունը՝ Հնդկաստանի կողմից տեխնիկական և մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող աջակցության համար:

***

Հարգելի՛ պարոն նախարար, ինքս ուզում էի տեղեկացնել մեր գործընկերներին հրավերի մասին, և ուզում եմ ասել, որ սիրով ընդունելու եմ Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերը։ Եվ ինչպես պայմանավորվել էինք, այցի ընթացքում ինձ կուղեկցեն ինչպես այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ բիզնեսի, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանանք կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք ենք բերել։

Հարց․ Պարո՛ն Միրզոյան, հնդկական կողմը երկու խոշորագույն տրանսպորտային նախաձեռնությունների մասին է ժամանակին հայտարարել․ խոսքը Պարսից Ծոց-Սև Ծով և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների մասին է։ Արդյո՞ք քննարկել եք այս երկու խոշոր նախագծերը, կա՞ որևէ առաջխաղացում, և ինչպե՞ս այս ամենը կարող է ազդել հայ-հնդկական առևտրի ցուցանիշների վրա, քանի որ պարոն նախարարը նույնպես այդ մասին խոսեց․ հասանելիության խնդիր կար։

Արարատ Միրզոյան․ Շնորհակալություն հարցի համար։ Անշուշտ, ինչպես իմ և պարոն Ջայշանկարի ողջույնի խոսքից երևում էր՝ մենք անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, և դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ Նախարար Ջայշանկարն ինքն ասեց, որ և՛ Հայաստանը, և՛ Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Մենք բնականաբար քննարկել ենք նաև Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը և արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև՝ Սև Ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կաևոր բաղկացուցիչ մասն է։ Ինչ վերաբերում է Պարսից Ծոց-Սև Ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունն ասել, որ երեկ իրանական կողմի հետ քննարկել ենք այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնագիր։

Հարց. Հարցս ուղղված է Ձեզ, պարո՛ն Միրզոյան, որը վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Կուզենայի իմանալ՝ արդյո՞ք առաջիկայում, ի շարունակությունն նյույորքյան հանդիպմանը, նախատեսվում է Ձեր հանդիպումը համանախագահների հետ և նրանց հովանու ներքո՝ Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ։

Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար։ Օրերս ՀՀ խորհրդարանում հնարավորություն եմ ունեցել խոսելու այս մասին՝ ի պատասխան պատգամավորների կողմից բարձրացված հարցերի։ Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի արթիվ, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, կամ այդ աշխատանքներին զուգահեռ, համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին Հայաստանի ԱԳ նախարարի, այնպես էլ՝ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը։ Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ․ նախ՝ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը և աշխատանքները այդ ուղղությամբ, հայկական մշակութային հուշարձանների հասանելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։ Ապա՝ հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի, ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։ Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան․ օրերս արդեն մենք կիմանանք ավելի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, և ավելի հստակ կկարողանանք այդ հարցին պատասխանել։ Հանդիպումներ նախատեսվում են․ գործընթացը շարունակելու, և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, առնվազն, ձեռք է բերվել։

Տպել էջը