ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
02 մարտի, 2022Արծվիկ Մինասյան. Ուկրաինայում ստեղծված վիճակով պայմանավորված՝ բազմաթիվ հայ ընտանիքներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կանգնած են ծանր իրավիճակի առաջ, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ոչ միայն սահմանադրական կարգավորումներից ելնելով, այլ ուղղակիորեն ներգրավվի՝ և մեր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելով հանդերձ. նրանց մի մասը ցանկանում է Հայաստան վերադառնալ, տարբեր պատճառներով, խնդիրներով պայմանավորված՝ չի ստացվում: Ես կուզեի հստակ պատասխան, թե ինչ կոնկրետ քայլեր են արվում այս ուղղությամբ, որովհետև կան ընտանիքներ, որոնց մի մասը նույնիսկ Ռումինիայի կամ Լեհաստանի սահմաններով է անցել, բայց նորից գտնվում է ծանր վիճակում և Հայաստան տեղափոխելն անհրաժեշտություն է: Ըստ տարբեր ինֆորմացիայի որը գալիս է, Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներից կապ չեն հաստատում մեր քաղաքացիների հետ: Կխնդրեի, որպեսզի, պարո՛ն Միրզոյան, ավելի հստակ պատասխան տրվի այս ուղղությամբ, և ի՞նչ մեխանիզմներ են գործադրվում:
Արարատ Միրզոյան. Բարև Ձեզ։ Պարո՛ն Մինասյան, շնորհակալ եմ հարցի համար, որովհետև մենք ինքներս ենք ամեն առիթ փորձում օգտագործել՝ այս մասին խոսելու, որպեսզի իրազեկվածության աստիճանը հնարավորինս բարձր լինի: Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց, ընդ որում, երբ որ ասում ենք մեր հայրենակիցներ, ի նկատի ունենք և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ այլ երկրների քաղաքացի մեր հայրենակիցներին: Ինչ ենք մենք անում. նախ և առաջ՝ ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում է աշխատել: Ընդ որում, սա եզակի դեսպանություններից է, որ շարունակում է մնալ Կիևում, աշխատել և օգտակար լինել քաղաքացիներին: Կարող եմ ասել, որ շուրջ 1500 զանգ են ստացել: Իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել, և չի ստացվել: Եվ ահա, դրա համար ԱԳՆ-ում, Երևանում թեժ գիծ է հաստատվել՝ և՛ էլեկտրոնային փոստի միջոցով, և՛ հեռախոսի միջոցով: Եվ եթե արձագանք չի լինում, հետո մեր աշխատակիցները հետ են զանգում այդ քաղաքացիներին և տրամադրում խորհրդատվություն: Մենք բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինայի արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա և նույնիսկ Հունգարիա: Գիտեք, վստահաբար, որ Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց նաև պետք է ասեմ, որ ի պատիվ իրենց՝ ամեն ինչ անում են, որպեսզի աջակցեն:
Այնտեղ, որտեղ մենք ունենք դեսպանություններ, մայրաքաղաքներից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, իսկ որտեղ չունենք, օրինակ՝ Հունգարիայում, առանձին դիվանագետ է գործուղվել, Մոլդովա առանձին դիվանագետ է գործուղվել: Այս բոլոր դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, խորհրդատվություն տրամադրել, աջակցել նրանց վերադարձին Հայաստանի Հանրապետություն:
Մենք պարբերաբար թարմացնում ենք տեղեկատվությունը, բայց եթե հետաքրքիր է, ես ինձ հետ բերել եմ նաև այդ քաղաքների անվանումները: Օրինակ՝ Ուկրաինայում՝ բացի Կիևից նաև Լվով, Տերնոպոլ, Ուժգորոդ, Լեհաստանում՝ Վարշավայից բացի նաև Առլամով քաղաք, Լեհաստանում՝ Պշեմիսլ քաղաք, Սլովակիայում՝ Միխալովցե քաղաք, նաև Բրատիսլավան՝ իհարկե, Հունգարիայում՝ Դեբրեցեն քաղաք, Ռումինիայում՝ Բուխարեստից բացի նաև Բոտոշան քաղաքը, Մոլդովայում՝ Քիշնևից բացի հիմա աշխատանքներ ենք տանում սահմանամերձ քաղաքում շտաբ կայան հիմնելու ուղղությամբ, և այլն:
Արծվիկ Մինասյան. Պարո՛ն Միրզոյան, միայն խորհրդատվության ձևո՞վ է աջակցություն լինում, թե նաև նյութական կամ տեղափոխման ուղղությամբ էլ աջակցություն, որովհետև ահազանգերիս մի մասը վերաբերում է նրանց, որ մարդիկ ուղղակի կորցրել են իրենց հնարավորությունները, և անհրաժեշտ է առարկայական, նյութական, տեղափոխման հետ կապված աջակցություն ցուցաբերվի, հատկապես՝ այն ընտանիքներին, որտեղ կան նաև մանկահասակ երեխաներ, և որոնք անպայման ուզում են Հայաստան վերադառնալ:
Արարատ Միրզոյան. Անշուշտ, պարո՛ն Մինասյան, խնդիրները տարբեր են․ քաղաքացիներ կան, ովքեր փաստաթղթերը չեն կարողացել իրենց հետ վերցնել, կամ որևէ այլ պատճառով չունեն անձը հաստատող փաստաթղթեր։ Այդ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ են մատուցվում։ Չգիտեմ նույնիսկ որքանով արժե, որ ես սա բարձրաձայնեմ այս ամբիոնից, բայց քաղաքացիներ կան, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով։ Տարբեր են խնդիրները, և տարբեր են նաև լուծումները։
Բնականաբար, կարող ենք ենթադրել, որ, պայմանական՝ մի քանի հարյուր հազար հայրենակից, եթե շարունակում ենք համարել, որ Ուկրաինայում են գտնվում, նրանց բոլորի տեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունը այս պահին կդժվարանա իր վրա վերցնել, բայց էլի եմ ասում՝ խնդիրները տարբեր են և լուծումներն էլ տարբեր են:
Շնորհակալ եմ:
Սարգիս Խանդանյան. Պարո՛ն նախարար, ես կուզենայի հնչեցնեիք Ձեր գնահատականները ընթացող Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ: Գիտենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Եթե հնարավոր է, կիսվեք, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս հարցի համատեքստում կուզենայի նաև հարցնել, թե ինչպիսի դիրքորոշում ունի Արտաքին գործերի նախարարությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումի՝ Հայաստանին ուղղված հրավերի վերաբերյալ: Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան. Եվ կրկին շնորհակալություն, պարո՛ն Խանդանյան, հարցի համար։ Ձեր թույլտվությամբ՝ ուղղակի մի շատ կարևոր միտք մոռացա նշել՝ պարոն Մինասյանի հարցին ի պատասխան ասել․ մենք սա անում ենք և պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել ոչ միայն Ուկրաինայի հայազգի քաղաքացիներին, կամ այլ երկրների քաղաքացիություն ունեցողներին։ Մենք՝ որպես մարդասիրական պետություն և ինքներս պատերազմի արհավիրքները տեսած հասարակություն, պատրաստ ենք նաև ոչ միայն հայազգի, նաև այլ փախստականների օգնություն ցուցաբերել:
Ձեր հարցի վերաբերյալ, պարո՛ն Խանդանյան, ուզում եմ ասել, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք, ըստ էության, ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից հանդիպումից հետո արված հայտարարության մեջ․ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեր համար՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Կրկնում եմ՝ հանդիպումը գնահատում եմ դրական։ Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը։ Միևնույն ժամանակ կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել։ Մի գործընթացի երկրորդ հանդիպում, որը լուծումներ պետք է տա հարյուրամյակների, գուցե՝ տասնամյակների խնդիրներին:
Անթալիայի վերաբերյալ առայժմ որոշում չկա: Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ աշխարհում իրադարձությունները, թույլ տվեք ասել, սրընթաց կերպով են զարգանում և փոփոխվում՝ ամեն օր և ամեն վայրկյան։ Եվ ըստ էության, նույնիսկ նախկինում կարճ թվացող ժամկետները և իրադարձություններն այժմ բավական երկար են։ Երբ ժամկետները մոտենան՝ որոշում կկայացնենք:
Սարգիս Խանդանյան. Պարո՛ն նախարար, նաև կուզենայի հարցնել՝ արդյո՞ք կա ըմբռնում, թե հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը երբ է տեղի ունենալու և որտեղ, եթե այդպիսի տեղեկատվությամբ կարող եք կիսվել:
Արարատ Միրզոյան. Առայժմ որևէ որոշում երրորդ հանդիպման տեղի և ժամկետի մասին չկա: