ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
07 դեկտեմբերի, 2022Հարց (Արման Եղոյան). Հարցս ուղղում եմ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին: Պարո՛ն նախարար, օրեր առաջ Ադրբեջանն իբր բնապահպանական նկատառումներով կամ բնապահպանական հարցեր բարձրացնելու պատրվակով դիմեց հերթական սադրանքին` փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: Ես կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունն այդ օրվա իրադարձությունների հետ կապված: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար: Կարծում եմ, որ այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել: Իրադարձությունները բավականին միանշանակ են. մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Ես պետք է արձանագրեմ, որ նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է:
Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, կամ առաջարկներ, կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք բերված են, արձանագրված են, ընդունված են բոլորի կողմից և հանրահայտ են, հանրահռչակված են:
Անշուշտ պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր` սա արդեն մեկնաբանությունների հարց է:
Արձագանք (Արման Եղոյան). Շնորհակալություն, դրանից օրեր անց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Ձեր նշած նախորդ պայմանավորվածություններին, մասնավորապես` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իբր նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չի, որ կատարվում են, մասնավորապես մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը` բնականաբար մեղադրելով հայկական կողմին, թե իբր մեր կողմից այն չի կատարվում, խոսել է իբր Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման մասին, ականների թեմայով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայության մասին է խոսել: Այս մասով էլ կցանկանայի լսել Ձեր մեկնաբանությունը:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո՛ն Եղոյան, ես վստահ եմ Դուք գիտեք, որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի Պաշտպանության բանակ, և այս միավորման` Պաշտապանության բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունն է:
Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է, մենք ինքներս դրա մասին կարող ենք դատել` հետևելով լրահոսին, նկատի ունեմ այն լուրերին, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ: Լեռնային Ղարաբաղի հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում տարվա սկզբին` փետրվար, մարտ ամիսներին, հիշում եք, և այլն: Այսինքն, այս գործողությունները շարունակական են:
Երբ կվերանան Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգները, այն ժամանակ, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ: Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա: Ես կրկնում եմ` Հայաստանի Հանրապետության անունից կարող եմ ասել, որ մենք այնտեղ որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունենք:
Անդրադառնալով հարցի մյուս հատվածին՝ ես պետք է ասեմ, որ, այո, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված, և խոսքը, իհարկե, առաջին հերթին, հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է և բազմաթիվ այլ հարցեր:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքներին` քիչ առաջ վարչապետը նշեց, նախորդ պատգամավորի հարցումն էլ էր դրան վերաբերում, երեկ ենք բառացիորեն հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում, աշխատանքներն ընթանում են, քննարկումներն ընթանում են: Իհարկե, պետք է խոստովանենք, որ քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր և ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են, և կարող եմ հերթական անգամ հավաստիացնել, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:
Հարց (Ռուստամ Բաքոյան). Պարո՛ն նախարար, ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանը և Հունգարիան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին: Կխնդրեի հնարավորինս մանրամասն ներկայացնել այս քայլերի և դրան նախորդած գործընթացների մասին: Նաև Հայաստանը սառեցրել էր հարաբերությունները Հունգարիայի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, և արդյոք Հայաստանը փոխել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո՛ն Բաքոյան, իսկապես այդպիսի հանդիպում եղել է, և ձեռք է բերվել այդպիսի պայմանավորվածություն: Այդ մասին մեր և Հունգարիայի կողմից եղել է նաև հրապարակային հայտարարություն:
Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Ձեր մատնանշած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Իսկապես, մենք ինչպես որ ընկալում էինք իրավիճակը, այն է՝ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին, մեր ընկալումները նույնն են: Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով` հիշում ենք նաև անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և հինգ ազատ արձակվող գերիների հետ միասին եկան Երևան, կարելի է ասել բերեցին ազատ արձակված գերիներին:
Մենք նաև, կարծում եմ, չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը COVID-ի դեմ պայքարի շրջանակներում: Եթե ճիշտ եմ հիշում` հարյուր հազար դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց, կարծում եմ կհամաձայնեք:
Կան բազմաթիվ այլ օրինակներ: Օրինակ` ֆինանսական աջակցությունը, որը հունգարական իշխանությունը ցույց է տալիս Հայ առաքելական եկեղեցուն, բավականին շոշափելի ֆինանսական աջակցություն է: Նաև կա համագործակցություն դպրոցների մակարդակում, և այդ թվում` Գուրգեն Մարգարյանի ու նրա սպանության հետ կապված իրազեկման բարձրացման ուղղությամբ:
Այս բոլորը, երբ որ կշեռքի նժարի վրա ենք դնում, ես կարծում եմ, որ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար, ինչը և արվել է: Առաջիկայում, պարոն Բաքոյան, կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին:
Արձագանք (Ռուստամ Բաքոյան). Շարունակելով ԵԱՀԿ նախարարների համաժողովի թեման՝ բավականին հագեցած օրակարգ է եղել, պարո՛ն նախարար: Կխնդրեի համառոտ ներկայացնել թե ի՞նչ հանդիպումներ են տեղի ունեցել և արդյունքների մասին ասեիք նաև, շնորհակալ եմ:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարո՛ն Բաքոյան, ես կդժվարանամ քառասուն վայրկյանի ընթացքում պատմել տասնհինգից ավելի հանդիպումների մասին, որ այդ մեկ, մեկուկես օրվա ընթացքում մենք ունեցանք, բայց կարող եք վստահ լինել, որ մեր օրակարգը մեկն է. մեր գործընկերներին ներկայացնել այն մարտահրավերները, որոնք մենք ունենք այստեղ՝ տարածաշրջանում, արտաքին քաղաքական մարտահրավերները, կիսվել դրական զարգացումներով, եթե կան, և նաև, իհարկե, կրկին բոլորին հիշեցնել այն հնարավոր սուր կետերը, որոնց հետ կարող ենք առերեսվել, որոնց կարող ենք բախվել:
Հարց (Սոնա Ղազարյան). Հարգելի՛ կառավարություն, հարցս ուղղում եմ նույնպես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Պարոն նախարար, վերջերս Դուք արձանագրել էիք, որ ադրբեջանական կողմը պատասխանել է Հայաստանի առաջարկներին խաղաղության պայմանագրի մասին: Ես ուզում էի իմանալ` ինչ փուլում են, առհասարակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները: Արդյոք ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա մինչև տարեվերջ, և, առհասարակ, ինչ ակնկալիքներ մենք ունենք, քանի որ թվում է, թե խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական պատկերացումների տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Հարգելի՛ տիկին Ղազարյան, խաղաղության կամ հարաբերությունների հաստատման վերաբերյալ, հարաբերությունների կագավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Գիտեք, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն` փաստաթղթի ամեն անգամ նոր խմբագրություն, ինչպես կարող եք ենթադրել: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են, բայց նաև բանակցությունները հենց դրա համար են, որպեսզի կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ, ունենալ ընդհանուր արդյունք, համատեղ արդյունք: Առայժմ բանակցություննեը շարունակվում են, կան միմյանց համար անընդունելի բաներ, կան բաներ, որտեղ կողմերը կարող են քայլեր անել իրար ընդառաջ:
Հանդիպում այս պահին վերջնական պլանավորված չէ, բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, մենք, ասացի, ակտիվ ենք այս բանակցություններում, և մենք կառուցողական ենք այս բանակցություններում: Վստահ չեմ, որ կստացվի մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև այդպես էինք նախապես հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն էր: Մեր մտադրությունը մեծ հաշվով ուժի մեջ է, մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այդ համապարփակ կարգավորմանը, եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո:
Արձագանք (Սոնա Ղազարյան). Խոսելիս հանդիպումների մասին, մենք տեղյակ ենք, որ չեղարկվել է նաև դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող քառակողմ հանդիպումը, և գիտենք, որ այն տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով: Ցանկանում էի իմանալ՝ արդեն երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման շրջանակներում ի՞նչ զարգացումներ կան:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Գիտեք, տիկի՛ն Ղազարյան, հերթական անգամ գործ ունենք պայմանավորվածության տարբեր մեկնաբանությունների հետ: Հիմնականում, մեր ընկալմամբ, ադրբեջանական կողմն է, որ խեղաթյուրում է պայմանավորվածությունները: Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի, Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, և այդտեղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն հաջորդ հանդիպման համար:
Ենթադրվում է, եթե չորս հոգի պայմանավորվում են հաջորդ հանդիպման համար, կարծում եմ, որ ակնհայտ պետք է լինի, որ խոսքը չորս մարդու հաջորդ հանդիպման մասին է: Եվ ահա դրանից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է այս ձևաչափով նոր հանդիպման մասնակցել: Սա, կարծում եմ, ապակառուցողական քայլ է: Այս պահին ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա:
Հարց (Տաթևիկ Գասպարյան). Ես նույնպես հարցս ուղղում եմ ԱԳ նախարարին: Պարոն Միրզոյան, արդեն մեկուկես ամիս է Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը: Կխնդրեի ընդհանուր առմամբ Ձեր գնահատականը տայիք առաքելության գործունեության և դերի մասին: Ինչպես նաև, երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է մանդատի երկարաձգման մասին: Ինչպիսին է մեր դիրքորոշումն այդ հարցում:
Պատասխան (Արարատ Միրզոյան). ՀՀ շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ: Մենք այս հարցով, եթե կհիշեք, դիմել էինք տարբեր կազմակերպություններին` ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական Միությանը, նաև այս ընթացքում ԵԱՀԿ-ից առաքելություն եկավ և արդեն վերադարձավ՝ այսինքն առաքելությունն ավարտվեց: Այս պահին դեռ ընթանում է ԵՄ առաքելությունը, այսինքն` մանդատը չի ավարտվել, ժամկետը չի ավարտվել, այն կավարտվի դեկտեմբերի 19-20-ին:
Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակելու առաքելությունը և շարունակելու պահպանել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանագծին երկու պատճառով:
Նախ` այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում, և այս առաքելության գնահատականները շատ կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար, նաև նույն ուղարկող կազմակերպության կամ ուղարկող երկրի համար` հասկանալու, թե ի վերջո եղած սահմանի նկատմամբ, օրինակ, որտեղ են տեղակայված կողմերի զորքերը: Կա սահման, կա խորհրդային երկու հանրապետությունների միջև ադմինիստրատիվ սահմանը, որը երկրները պայմանավորվել են և ճանաչել են որպես պետական սահման, և ահա կան այդ քարտեզները: Մարդիկ կարող եմ գալ, ունենալով այդ առաքելությունը, տեսնել և համեմատել: Տեսնել, օրինակ, որտեղ են ադրբեջանական զորքերը, որտեղ են, եթե կա այդպիսի տեղ, հայկական զորքերը և այլն:
Նաև կարող են արձանագրել այն ավերածությունները, որոնք մենք ենք ունեցել, քաղաքացիական ենթակառուցվածքների շրջանում, և արձանագրել մնացած խնդիրները: Սա խնդիրների կամ նպատակների համալիրի մեջ առաջին փաթեթը:
Եվ երկրորդ պատճառը. ես կարծում եմ, որ միայն չեզոք դիտորդների և մոնիտորինգային առաքելության անդամների ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի հետագա սրման համար: Եվ կարծում եմ, որ, իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ այս առաքելությունը նաև այդպիսի դեր է խաղացել: Հետևաբար, ՀՀ կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ կազմակերպությունից, կամ նույն երկրից, կամ վերպետական կազմավորումից նոր դիտորդական առաքելության ուղարկումը:
Արձագանք (Տաթևիկ Գասպարյան). Պարո՛ն Միրզոյան, ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի Ձեր ունեցած գրեթե երկու տասնյակի հասնող հանդիպումների մեծ մասում Դուք նաև անդրադարձ եք կատարել Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող ընդհանուր հարցերին: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը, արդյո՞ք կա ընդհանուր կոնսենսուս, օրինակ` հենց երկարաձգման հարցում, կամ այլ ընդհանուր հարցերում:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Ես կարող եմ ասել, որ հարցը քննարկվում է Եվրոպական Միության անդամ-երկրների շրջանակում. ինձ իրավունք չէի վերապահի իրենց անունից որևէ կանխատեսում անել, բայց կարող եմ ասել, որ հարցն իսկապես քննարկվում է: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, նաև եթե Եվրոպական Միության մեր գործընկերները հիմա հանկարծ հետևում են ինձ, որ խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության իրականացման մասին է, այլ ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանի երկու կողմերում: Սա կարևոր նրբերանգ է, և կարծում եմ, որ հաշվի առնելու արժանի:
Հարց (Լիլիթ Մինասյան). Պարո՛ն նախարար, վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չմիացավ մի շարք փաստաթղթերի, որոնք ուղարկվեցին լրամշակման: Կխնդրեմ նշեք, ինչ փուլում է լրամշակման գործընթացը, և Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի այդ փաստաթղթերից:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Մեր ակնկալիքը, մեծ հաշվով, բոլոր հնարավոր գործընկերից մեկն է: Տարածաշրջանային եղած և/կամ ենթադրյալ իրադարձությունների կոնտեքստում, ակնկալիքը մեկն է. արձանագրել հստակորեն այն ինչ տեղի է ունեցել՝ այն է` Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն:
Եվ, ըստ այդմ, ակնկալիքը դա է՝ այս եղելության, այս փաստի արձանագրում, և դրանից բխող գործողությունների ձեռնարկում: Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, պետք է հատուկ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են և ստորագրել են այդ պայմանավորվածության ներքո՝ պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի, նաև պաշտպանել ռազմական ճանապարհով: Եվ ահա մենք ակնկալում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով վերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից: Այժմ աշխատանքները շարունակվում են:
Արձագանք (Լիլիթ Մինասյան). Դրանից հետո ՀԱՊԿ-ից եկած արձագանքներից հասկանում ենք, որ առաջարկ է եղել Հայաստանին ինչ-որ տեսակի օգնության: Խնդրում եմ մանրամասնեք այդ օգնության բովանդակությունը:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Այո՛, քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց կրկնում եմ, որ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք:
Այնուհետև կարող էինք դիտարկել մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, այսինքն՝ ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ: Այո՛, Ձեր նշածն այդպիսի ենթադրյալ միջոցառումների շարքում էր: Որոշումը չի ընդունվել, և այժմ քաղաքական արտաքին գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելով, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի: Շնորհակալ եմ: