ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
28 ապրիլի, 2023Ապրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին:
«Բարև Ձեզ:
Հարգելի՛ տիկին նախարար, սիրելի բարեկամ,
Հարգելի՛ գործընկերներ,
Մեծագույն ուրախությամբ եմ ողջունում մեր բարեկամ երկիր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Կատրին Կոլոննային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Տիկին նախարար, շնորհակալ եմ հրավերս ընդունելու և Հայաստան այցելելու համար: Երեկ մենք միասին այցելեցինք Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության վարչապետը հյուրընկալեց մեզ, այսօր դուք հնարավորություն ունեցաք այցելել Ջերմուկ, եղավ մեր առանձնազրույցը:
Սա շատ լավ հնարավորություն էր շարունակելու մեր նախորդ արդյունավետ քննարկումները` հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների շուրջ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության, քաղաքակրթական, ժողովրդավարության, մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա: Գործընկերոջս հետ վերահաստատել ենք մեր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը` Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, արդեն իսկ իրենց բնույթով առանձնաշնորհյալ հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև մերօրյա մարտահրավերները:
Ակներև է հայ-ֆրանսիական բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունն ու դրա ամրապնդման երկուստեք վճռականությունը, որը վերահաստատվեց երկու երկրների ղեկավարների՝ անցյալ տարի «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին մասնակցությամբ, ինչպես նաև «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ ճանապարհային քարտեզի» ստորագրումով: Մենք պայմանավորվել ենք գործուն քայլերով ապահովել ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը. մեր համատեղ շահագրգռվածությունն է ունենալ այս ոլորտում շոշափելի արդյունքներ, ինչը համահունչ կլինի մեր քաղաքական երկխոսությանը:
Հավելեմ, որ տնտեսական օրակարգի խթանման համար կարևոր գործոն է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունը:
Մեծապես կարևորել ենք մի շարք այլ, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում սերտ համագործակցությունը: Նշել եմ մեր գոհունակությունն առ այն, թե ինչպես է Ֆրանսիան կիսում Հայաստանի հաջողությունները` արդեն ֆրանսիական երկու քաղաքներում՝ Փարիզ և Լիոն, Թումո կենտրոնների գործունեությամբ, օրինակ: Անդրադարձել ենք նաև Հայաստանում ֆրանսիական կրթական բոլոր օղակներն ընդգրկող ուսումնական հաստատությունների գործունեությանը, որոնց այս տարի լրացրեց ֆրանսիական ինստիտուտը:
Այս օրերին, ինչպես ամեն տարի, Հայաստանում ընթանում է «Saison de la Francophonie»-ն` Հայաստանի ամբողջ տարածքով տարածելով ֆրանսիական մշակույթի ու ֆրանկոֆոնիայի շունչը` շուրջ 700 միջոցառումներով: Հավելեմ, որ Ֆրանսիայի հետ մեր առանձնահատուկ գործակցությունը դրսևորվում է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում շարունակական արդյունավետ համագործակցությամբ:
Այսօր գոհունակությամբ ենք անդրադարձել մեր երկկողմ ընդգրկուն օրակարգում ուրույն տեղ զբաղեցնող միջխորհրդարանական համագործակցությանը՝ թե´ երկկողմ ձևաչափով, թե´ բազմակողմ խորհրդարանական հարթակներում: Ընդգծել ենք նոր թափով զարգացող և ընդլայնման զգալի ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Նշեմ, որ գործընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստան-Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի: Տարածաշրջանում անվտանգության և կայունության համատեքստում ընդգծել ենք Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը: Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի առաջատար դերն ու հատկապես 2022թ. հոկտեմբերին Պրահայի հանդիպումից հետո կարևոր ներդրումն այս ուղղությամբ:
Հարգելի՛ ներկաներ,
Հայաստան-Ֆրանսիա գործընկերության վերաբերյալ շատ երկար կարելի է խոսել, երկար է անցած ուղին, շատ են ձեռքբերումները, նոր հնարավորությունները, այդուհանդերձ նախարար Կոլոննայի այցը տեղի է ունենում դժվար ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև:
Այսօր մեր հանդիպմանը ես երախտագիտություն եմ հայտնել առկա խնդիրների վերաբերյալ Ֆրանսիայի` բոլոր մակարդակներով, տարբեր ձևաչափերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումների համար, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Առանձնակի կարևորել եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներգրավածությունը Հարավային Կովկասում կայունության խաղաղության հաստատման հարցում:
Ի հեճուկս միջազգային հանրության քննադատությունների և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան չորս ամիս տևած արգելափակումից հետո ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել է Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հսկիչ անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ: Սա եռակողմ հայտարարության հերթական, բայց թերևս իր հետևանքներով չափազանց վտանգավոր, աղաղակող խախտում է: Դրա և Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղված՝ Ադրբեջանի իշխանությունների արդեն բացահայտ կոչերի, ատելության խոսքի ետևում հնարավոր չէ չտեսնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը:
Սա պետք է պարզ լինի նաև միջազգային հանրության համար, և այս համատեքստում, ևս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը:
Հակառակ միջազգային հանրության կոչերի, Ադրբեջանը շարունակում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նաև մյուս բոլոր դրույթների խախտումները՝ դրա ստորագրումից ավելի քան երկու տարի անց հրաժարվելով վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց։
Չնայած Հայաստանի՝ առկա խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Ուզում եմ հիշեցնել, որ այս հայտարարությունների համատեքստում հիմնարար դեր ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը եղել և մնում է լիովին հավատարիմ։
Հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդ նպատակով Հայաստանը շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ: Պետք է ընդգծեմ, որ համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր առկա խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը և միջազգայնորեն երաշխավորված երկխոսության ֆորմատի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
Մենք անկեղծորեն ակնկալում ենք Ֆրանսիայի շարունակական ամուր ներգրավվածությունը և ջանքերը վերոնշյալ հարցերում:
Թանկագին գործընկեր,
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բարեկամական մթնոլորտում մեր ընդգրկուն քննարկումների համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ:
***
Շնորհակալ եմ, տիկին նախարար, Ձեր գեղեցիկ խոսքերի համար: Ես ուզում եմ նաև միանալ Ձեր շնորհակալություններին մեր երկու դեսպաններին. տիկնայք դեսպաններ, շնորհակալ ենք: Ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական խմբի նախագահին, ես ևս չափազանց կարևորում եմ, որ խորհրդարանական խմբի ղեկավարը ևս ուղեկցում է Ձեզ այցի ընթացքում: Իսկապես մեր միջխորհրդարանական կապերը ևս բարձր մակարդակի վրա են և շարունակելու են այդպիսին մնալ: Այժմ, եթե դեմ չեք, մի քանի հարցի պատասխանենք:
Հարց. Բարև Զեզ, շնորհակալություն: Պարոն նախարար կցանկանայի իմանալ՝ արդյոք դուք դրական եք տրամադրված եվրոպական և ամերիկյան հովանու ներքո բանակցություններին, կարծես Վաշինգտոնում եռակողմ հանդիպման եք շուտով թե՞ ռուսական հովանու ներքո, թե՞ երկուսին, չգիտեմ՝ արդյոք դա հնարավոր է:
Արարատ Միրզոյան. Շնորհակալ եմ հարցի համար: Սիրով կպատասխանեմ: Իրականում, նախկինում արդեն մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու այս հարցին, ներկայացնելու հայկական կողմի դիրքորոշումը, ստիպված եմ վերահաստատել, այն է. մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, դրա հիմնադրություների շուրջ: Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար առնվազն հարցը այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում, կրկինում եմ բանակցությունները, ըստ էության, մեկն են, նույնն են:
Հարց. Պարոն Միրզոյան երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմ ներդնել, Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից և Ադրբեջանը միայնակ է սկսել վերահսկել միջանցքը, արդյո՞ք Երևանի այդպիսի առաջարկ հնչել է և, եթե չի հնչել, ինչու՞ են նման հայտարարություն անում այդպիսի բարձր մակարդակով: Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան. Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել և պայմանավորվածություն ձեռք է բերվել. այդ պայմանավորվածությունը, կարգավորումը հանրահայտ է, դուք բոլորդ այն կարող եք գտնել մամուլում, համացանցում, այլուր: Այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Նոր կարգավորման շուրջ բանակցություններում Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվի, ավելին մենք կարծում ենք, որ բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները, և սա վերաբերվում է ոչ միայն Լաչինի միջանցքի շուրջ եղած պայմանավորվածությանը, պետք է անխափան կերպով և հետևողականորեն կատարվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ: Կրկնում եմ արդեն ասածս կետը, այն ինչ Ադրբեջանը արել է և շարունակում է անել Լաչինում բացարձակապես ապօրինի է և սա նաև հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռով և պետք է շուտափույթ կերպով վերացվի: Մնացած ամեն ինչ, որը վերաբերվում է և կարող է վերաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում, ֆորմատում: Լաչինի միջանցքում սահմանակետերի վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ (կամ առաջարկներ, դժվար է տարբերակում անել), հնչել են, ես կրկնում եմ այն ինչ ասացի, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ»: