ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին և պատասխանները լրագրողների հարցերին
18 հուլիսի, 2023Պարո՛ն նախարար,
Հարգելի՛ ներկաներ,
Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր պարոն Շալենբերգին շնորհակալություն հայտնել Վիեննա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Երկու երկրների միջև շփումներն, իմ և իմ գործընկերոջ, իմ թանկագին բարեկամի միջև, բավականին ինտենսիվ են, և այսօր էլ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ։
Մեծ գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող երկկողմ համագործակցության հարցերի՝ տնտեսական, առևտրային, գործարար կապերի, գիտակրթական, մշակութային, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում։ Նշել ենք այդ ուղղությամբ հայ-ավստրիական առևտրա-տնտեսական և գիտատեխնիկական հարցերով համատեղ հանձնաժողովի դերն ու անելիքներն, առկա մեծ ներուժն արդյունավետ իրացնելու հեռանկարները։
Պարոն նախարար,
Ուրախ եմ ընդգծել երկկողմ առևտրատնտնեսական շրջանառաության էական աճն այս տարվա առաջին կիսամյակին: Այս համատեքստում կցանկանայի վկայակոչել անցյալ տարի Ձեր այցի ժամանակ Երևանում անցկացված հայ-ավստրիական գործարար ֆորումը:
Առանձնահատուկ կարևորում եմ Ավստրիայի հանձնառությունը Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու հարցում: 2022 թվականին Ձեր այցի ընթացքում Երևանում Ավստրիայի ԶՀԳ համակարգող գրասենյակի բացումն, անշուշտ, խթան է հանդիսացել մեր հարաբերությունների զարգացման գործում:
Այսօր մտքեր ենք փոխանակել նաև տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցության շուրջ։
Մեր հանդիպման օրակարգում է եղել Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը ԵՄ շարունակական աջակցության նշանակությանը։ Հատուկ կարևորություն ենք տվել այս տարվա փետրվարից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը, որն իր կարևոր նպաստն է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում։ Երախտագիտություն եմ հայտնել գործընկերոջս և Ավստրիայի կառավարությանը՝ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների մասնակցության համար։
Նշեմ, որ քննարկել ենք նաև անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև այս տարվա հունվարին կայացած՝ ՀՀ-ԵՄ անվտանգային ու քաղաքական հարցերով երկխոսության անդրանիկ նիստը։
Հարգելի՛ ներկաներ,
Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Մենք վստահ ենք, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը միայնակ չէ, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։ Այս համատեքստում, ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ։
Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։
Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։
Իհարկե, վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։
Եզրափակելով նշեմ, որ վերոնշյալ հարցերում, և որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։
Պարոն նախարար, թանկագին բարեկամ,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Մեծապես հետաքրքրված եմ ակտիվորեն շարունակել այս երկխոսությունը։
Շատ շնորհակալ եմ։
***
Նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր հարցում լրագրողն անդրադարձավ առևտրային հարաբերություններին, մասնավորապես “Financial times”-ի կողմից արված հրապարակմանն այն մասին, որ որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնություն: «Ձեր կարծիքով սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում և անհանգստացած չեք ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով»։
Արարատ Միրզոյան․ Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում:
Հարց. Պարոն Շալենբերգն առաջարկել է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ: Ո՞րն է Ձեր պատասխանը: Արդյո՞ք Դուք դիտարկում եք դա:
Արարատ Միրզոյան. Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են:
Հարց. Այս պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են:
Արարատ Միրզոյան. Այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա: