ՀՀ արտաքին գործերի նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը և մամուլի համար հայտարարությունները
18 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության տեքստը ներկայացված է ստորև:
«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար,
Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա Ձեր չորրորդ այցն է Հայաստան, իսկ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի կարգավիճակում՝ երկրորդը: Երկխոսության այսպիսի դինամիկան վկայում է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև բարձր մակարդակի հարաբերությունների ու սերտ համագործակցության մասին, իսկ այսօր՝ մեր երկրի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի շրջանում տեղի ունեցող այցը դիտվում է որպես կազմակերպության կողմից համերաշխության և աջակցության ուղերձ։
Հարգելի գործընկերներ,
Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա վկայությունն են վերջին տարիների ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և կազմակերպության նախագահության՝ հանգամանքների բերումով 4 տարով ստանձնումը, այսինքն՝ ստանձնելիս 2 տարով էինք ստանձնում, ապա երկարաձգվեց:
Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության առաջնային ուղղություններից են՝ ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման խթանումը, այդ թվում՝ Հայաստանի և ՖՄԿ միջև ստորագրված Ազգային ֆրանկոֆոն քառամյա նախաձեռնության մասին հերթական՝ 2023-2026թթ. Ծրագրի միջոցով։ Մենք շարունակում ենք նաև առաջ մղել Ֆրանկոֆոնիայի մշակութային օրակարգը, ինչի ամենավառ վկայությունն է արդեն տաս տարի շարունակ յուրաքանչյուր տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կազմակերպումը։ Այս տարին ևս բացառություն չէր, և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կազմակերպվեց ավելի քան 700 մշակութային միջոցառում։ Բաց չթողնելով նաև տնտեսական ուղղությունը՝ նշեմ նաև, որ մենք կարևորում ենք ՖՄԿ երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման նախաձեռնությունն ու դրանով ընձեռնվող հնարավորությունները:
Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության խորացման Հայաստանի հանձնառության դրսևորումներից է նաև 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու պաշտոնական հայտի ներկայացումը, և մենք ակնկալում ենք կազմակերպության դրական արձագանքը: Վստահ եմ՝ դրանք բացառիկ հնարավորություն կարող են ընձեռել միջազգային ֆրանկոֆոն համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդու իրավունքների և միասին ապրելու արժեքների շուրջ համախմբելու նպատակով։
Տիկին Մուշիկիվաբո,
Հարգելի գործընկերներ,
Բացի մեր երկրի և ՖՄԿ միջև արդյունավետ համագործակցությունից, ստեղծված իրավիճակում պետք է ընդգծեմ կազմակերպության կողմից Հայաստանի հետ համերաշխության կարևորությունը և մասնավորապես ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ Ձեր, տիկին Մուշիկիվաբո, հստակ ու հասցեական արձագանքը։
Այո, այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար: Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Միաժամանակ, դա ի ցույց դրեց տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:
Ներկայումս Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ:
Հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ մենք ընդգծում ենք տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով, բազմիցս ենք շեշտել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
Հարգելի ներկաներ,
Հավելեմ, որ մեր այսօրվա քննարկումներում անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը:
Տիկին Գլխավոր քարտուղար,
Խոսքը փոխանցելով Ձեզ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այցի և մեր ունեցած քննարկումների համար։»