ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Կանադայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին
25 հոկտեմբերի, 2023«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,
Հարգարժա՛ն տիկին նախարար,
Սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մելանի,
Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Սա Կանադայի արտաքին գործերի նախարարի` երբևէ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցն է։ Այն վկայությունն է մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, դրանց ընդլայնման հարցում և ապագայում առավել մեծ ձեռքբերումներ գրանցելու փոխադարձ պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Կանադայի աջակցության։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնակա՛ն ներդրումը երկկողմ հարաբերությունների առավել խորացման գործում, ինչի արդյունքում այսօր ականատեսն ենք լինում Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացմանը: Այս որոշումը կայացվեց՝ հիմք ընդունելով Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել նաև զեկույցում ներկայացված մյուս բոլոր առաջարկությունները՝ որպես յուրահատուկ ճանապարհային քարտեզ:
Հարգելի՛ գործընկերներ,
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։
Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք դիտարկում ենք Կանադայի առավել ակտիվ ներգրավվածության հնարավորությունները: Պետք է նշեմ նաև միջխորհրդարանական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության մասին, որոնք մշտապես կարևոր տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում:
Մեր երկրների, երկու ժողովուրդների միջև կապերի զարգացման գործում իր դերն ունի նաև Կանադայի հայ համայնքը։
Թե´ երկկողմ հարաբերությունների խորացման, թե´ տարածաշրջանային կայունության ամրապնդման համատեքստում մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը միանալու, նրա մաս կազմելու՝ Կանադայի նախաձեռնությունը:
Այս վերջինը կցանկանայի հատուկ առանձնացնել, քանզի մեր տարածաշրջանը հիրավի կարիք ունի խաղաղության ապահովմանն ուղղված անկեղծ և գործուն քայլերի, որոնք միտված կլինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիվ գնահատականի, մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության ապահովմանը և նոր արհավիրքների կանխմանը։
Տիկի՛ն նախարար,
Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ։ Ցավալիորեն, մեր միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, և արդյունքում Ադրբեջանն իր շարունակական գործողություններով իրականացրեց ԼՂ ամբողջական էթնիկ զտումը։ Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելության մթնոլորտի հաղթահարմանը և իր հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։
Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Կանադայի կառավարությանն այս դժվարին պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար:
Հարգելի՛ ներկաներ,
Մեկ անգամ չէ, որ այս ամբիոնից վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունն առաջ մղել խաղաղության օրակարգը՝ սատարել այդ ուղղությամբ մեր գործընկերների ջանքերին։ Այդ մասին այսօր խոսել ենք նաև նախարար Ժոլիի հետ։ Հայաստանն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների կողմից, ինչպես նաև լիակատար, գործնական աջակցություն կունենա մեր միջազգային գործընկերների կողմից։ Այդ կերպ մենք հնարավորություն ենք տեսնում կարգավորել առկա խնդիրներն այն սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումը գտան Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ Այդ նպատակով առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ բառացելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհդային միության Գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա։ Մենք շահագրգիռ ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության վրա, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների՝ մի իրական «Խաղաղության խաչմերուկ» ստեղծելով Հայաստանի Հանրապետության տարածքում։
Տիկի՛ն նախարար,
Մենք քննարկել ենք նաև այլ հարցեր, բայց այսքանով եզրափակեմ խոսքս, դեռ հնարավորություն էլ կունենանք պատասխանել լրագրողների հարցերին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։»
Արարատ Միրզոյանի պատասխանը լրագրողի հարցին.
Հարց /Աստղիկ Բեդևյան, «Ազատություն» ռադիոկայան/. Պարո՛ն նախարար, հոկտեմբերին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ծրագրված հանդիպումը չի տեղի ունենա, չի կայանա։ Պաշտոնական պատճառաբանությունը ժամանակի սղությունն է։ Խնդրում եմ պարզաբանեք՝ ո՞վ ժամանակ չի գտել գնալ բանակցությունների Բրյուսել, եթե, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը իրենց նախնական համաձայնությունը, ըստ Շառլ Միշելի, տվել էին այդ հանդիպման հետ կապված։ Վարչապետը հույս էր հայտնել, որ Գրանադայում Ալիևի բացակայությամբ քառակողմ հայտարարության երեք հիմնական սկզբունքները Ալիևի հետ էլ Բրյուսելում կամրագրվեն։ Արդյո՞ք հիմնական պատճառը, այսպես ասած, չկայանալու բրյուսելյան բանակցությունների այլ է, և օրինակ Ադրբեջանը նորից պահանջներ է առաջ քաշում, օրինակ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հարցը։ Եթե կան նոր ժամկետներ Բրյուսելի հետ կապված, խնդրում եմ ասեք։ Շնորհակալ եմ։
Պատասխան /ԱԳ նախարար Արարատ Միրզոյան/. Շատ լավ, Ձեր հարցը, հարցի պատասխանը շատ ուղիղ է և կարճ. Դուք հարցնում եք՝ «ո՞վ ժամանակ չի գտել», ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը։ Մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը, հուսամ, իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել, ինչպես արդեն ասեցի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։ Ավելին ասեմ, Դուք հիշատակեցիք Գրանադայի հայտարարությունը. մեծ հաշվով Գրանադայի հայտարարության մեջ էլ նոր բան չկա։ Այն արձանագորւմ էր նույն սկզբունքները, գուցե մի փոքր ավելի մանրամասնում, որոնք արդեն իսկ հնչել էին Շառլ Միշելի կողմից եռակողմ հայտարարության արդյունքներով, և այդ սկզբունքներին, հուլիսի 15-ին և դրանից հետո չէին առարկել կամ որևէ այլ առարկող հայտարարություն չէին արել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը։ Մենք խոսում ենք նույն սկզբունքների մասին, և մենք շարունակում ենք հավատացած լինել, որ հենց այդ սկզբունքերն են, որ պիտի ընկնեն խաղաղության հիմքում։ Կարող եմ ավելին ասել, մենք ոչ պաշտոնական շփումներ ունեցանք նաև Ադրբեջանի նախարարի հետ երկու օր առաջ Թեհրանում, և Հայաստանը շարունակում է պատրաստ լինել՝ արագ շարունակելու խաղաղության գործընթացը, այդ թվում նաև՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Մեր մոտեցումները հայտնի են, և մեկ անգամ չէ, որ դրանք հայտնել ենք։
Ինչպես Դուք նշեցիք, կարծես թե ժամանակի հարց է, առաջիկա օրերին մենք կտեսնենք։
Հարցի շարունակություն։ Վստահում ե՞ք այդ պայմանավորվածություններին։
Պատասխան։ Վստահելու հարց չկա, պետությունների միջև հարաբերություններում գոյություն ունի փաստաթուղթ, գոյություն ունեն պայմանավորվածություններ։ Կստացվի նոր հանդիպման պայմանավորվածություն, հանդիպման ընթացքում կտեսնենք։ Ժամկետների նոր առաջարկներ այս պահին չունենք։ Շնորհակալություն։