ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը

27 դեկտեմբերի, 2023

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին: 

«Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, իմ թանկագին բարեկամ և ընկեր,
Ձերդ գերազանցություն,

հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ ողջունել պարոն նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս այցը կարելի է համարել մեր երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն, և այս առումով ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ մեր համատեղ աշխատանքի կարևոր ձեռքբերումները: Անշուշտ, այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն ճանապարհները, այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն նաև գալիք տարում:

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Բարձրաստիճան այսպիսի այցերը հենց այդ հարաբերությունների և այդ հարաբերությունների հենց այդպիսի ընկալման դրսևորում են: 

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մեր քննարկումներում անդրադարձ ենք կատարել երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ, ոլորտներ: Իհարկե, նշված բոլոր ոլորտները մեզ համար շատ կարևոր են, բայց ընդգծեմ, որ հատկապես ես և իմ հարգելի իրանցի գործընկերը վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու՝ սկզբում տարեկան մեկ, այնուհետև երեք միլիարդ դոլարի հասցնելու պատրաստակամությունը՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների: 

Ընթացիկ կամ անցնող տարում կարևոր ձեռքբերում պետք է համարել «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրի ստորագրումը: Լիահույս ենք նաև, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները:

Նաև կարևորություն եմ ուզում հաղորդել Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի հարթակին, որի հաջորդ՝ 18-րդ, նիստը հնարավորություն կընձեռի ևս նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին և դրանց զարգացմանը:

Անդրադառնալով ենթակառուցվածքային կարևոր նշանակության թեմաներին՝ ուզում եմ ընդգծել, և մենք կարևորել ենք մեր քննարկումներում այսօր, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Այս առումով և նաև իրանական ընկերությունների մասնակցության առումով Հայաստանի տնտեսական կյանքում կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավմանը, ինչն ազդարարվեց արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին ԻԻՀ ճանապարհների և տրանսպորտի նախարարի՝ ՀՀ կատարած այցի ընթացքում: 

Այս ծրագրերի կարևորությունը, իհարկե, միայն երկկողմ հարթությամբ չի սահմանափակվում: Այս համատեքստում մենք նախարար Աբդոլլահիանի հետ քննարկել ենք նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն ինքնին, ինչպես գիտեք, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է և զարգացումը. երկաթուղիներ, խողովակաշարեր, ավտոճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։ Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքները: 

Հարգարժա՛ն պարոն Աբդոլլահիան,

Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցային ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունը, մոտեցումները լիովին համահունչ են: Եվ այս առումով մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:

Հարգելի ներկաներ,

Ես գործընկերոջս և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացրել եմ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում զարգացումները և մանրամասները: Մենք կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն: Անդրադարձ ենք կատարել նաև Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս գործընկերների աջակցությանն այս խաղաղության գործընթացին:

Նախարար Աբդոլլահիանին ներկայացրել եմ նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հարձակումները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը՝ հոգալու բռնի տեղահանված անձանց, փախստականների, 100 հազարից ավելի մարդկանց կարիքները: 

Ամփոփելով՝ կուզենայի առանձնացնել նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի յուրօրինակ դերը՝ որպես երկկողմ և բազմակողմ երկխոսության և համագործակցության հարթակ: Օրեր առաջ վերջին իրադարձությունն այս հարթակի տեղի ունեցավ Թեհրանում, և այժմ մենք քննարկում ենք հաջորդ հանդիպումը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Առհասարակ, ես առավելապես խոսեցի երկկողմ հարաբերություններից, բայց ուզում եմ ասել, որ մեր համագործակցությունը, ինչպես այս հարթակի դեպքում, ամենևին չի սահմանափակվում երկկողմով: Մեր համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում, կան մի շարք եռակողմ հարթակներ, որոնց իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ և՛ մենք և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործադրում ենք ջանքեր և պատրաստակամ ենք միմյանց նաև այդ հարթանկներում տեսնել: 

Մեծարգո՛ գործընկեր, պարո՛ն Աբդոլլահիան,

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքն ու պատրաստակամությունը հաստատակամորեն խորացնել ջերմ և բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

***

Հարց ՀՀ ԱԳ նախարարին. Ողջունում եմ ձեզ։ Ողջունում եմ Ձեզ, պարոն Միրզոյան։ Պարոն Ամիր Աբոլլահիանը վերջերս «3+3» պլատֆորմում խորհրդակցություններ է ունեցել։ Եվ ինչպես նաև Ադրբեջանի համապատասխան գործընկերոջ հետ։ Եվ հաշվի առնելով երկու երկրների բարեդրացիական հարաբերությունները, և՛ խաղաղության, և՛ կայունության հաստատումը՝ կկարողանա՞նք ականատեսը լինել այդ խաղաղության հաստատմանը Կովկասում։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար և հետաքրքրության համար։ Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Բանակցություններ, որոնց վերջնանպատակը կլինի հարաբերութունների կարգավորումը և խաղաղության հաստատումը։ Մենք մեկ անգամ չէ, որ վերհաստատել ենք, հանրակռչակել ենք մեր նվիրվածությունը խաղաղության այս գործընթացին, և ընդհանրապես տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ 

Գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով, ըստ էության, բանակցություններ ենք ունեցել մի քանի փուլերով և կոնկրետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա ենք աշխատում։ Օրեր առաջ ստացանք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները։ Իհարկե, կուսումնասիրենք և պատշաճ կերպով կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները։ Իհարկե, շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա և հնարավորությունների իրական պատուհան կա այս խաղաղության գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Ես, անշուշտ, պետք է համաձայնեմ այս պնդումների հետ. մենք, իրոք, ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների, որ մենք ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը։ Իսկապես, մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ափսոս, ակնհայտորնեն, որևէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ մեր կառուցողականությանը զուգահեռ, մենք կարիք ունենք նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս ամփոփելով ասել, այո, այդ հնարավորությունը կա։ Այդ հնարավորությունը կախված է ոչ միայն հայկական կողմի կառուցողական մոտեցումից և ընդգրկումից, որը, այո, կա, այլ նաև ադրբեջանական կողմից։ Եվ մենք հուսով ենք, որ այդ կառուցողականությունն Ադրբեջանը կդրսևորի։ Մենք տեսնում ենք և դրական ազդակներ, ինչպես, օրինակ՝ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, և Հայաստանը սատարեց Ադրբեջանի թեկնածությունը «‎COP 29»-ի ընտրություններում։ Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ, ես նկատի ունեմ պարբերաբար հնչող խոսքերը, կոչերը Ադրբեջանից և նաև, ասենք, բանակցություններում, օրինակ՝ բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։ Գիտենք, որ տարբեր առաջարկներ կան, բայց այդ հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Կրկնում եմ, հուսով եմ, որ այնուամենայնիվ, կառուցողականությունը կհաղթի, և այս հնարավորությունն ունենալ իրական խաղաղության պայմանագիր, երկարատև խաղաղության պայմանագիր առաջիկայում կունենանք։

Հարց ՀՀ ԱԳ նախարարին․ Շնորհակալ եմ: Ես հարց ունեմ երկու նախարարներին էլ: Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, պարոն Միրզոյան, լավատեսական հայտարարություններ են հնչում, Դուք էլ քիչ առաջ հույս հայտնեցիք: Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք առաջնորդների երեկվա շփումների ընթացքում ադրբեջանական կողմը, մասնավորապես՝ Իլհամ Ալիևը, Հայաստանի պնդած երեք սկզբունքների հիման վրա պատրաստակամություն հայտնել է ստորագրելու այդ պայմանագիրը, և, մասնավորապես, խոսքը 1975-1990-ական թվականների կամ ամենավերջին քարտեզների մասին է, որը պնդում է Հայաստանը. արդյո՞ք այդ քարտեզների մասին հիշատակում կարող է լինել պայմանագրում: 

Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Հայաստանի պաշտպանած երեք սկզբունքներն, ըստ էության, երևի թե շատ ֆորմալ առումով, գուցե, ճիշտ չի ձևակերպել որպես Հայաստանի առաջ քաշած կամ Հայաստանի պաշտպանած երեք սկզբունք: Սրանք միջազգային իրավունքին համահունչ, ակնհայտ, արդար, ընդունված և նույնիսկ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում հանրահռչակված սկզբունքներ են: Այս երեք սկզբունքը, որ ասում ենք, խոսում ենք ինքնիշխանության մասին, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, սահմանների անձեռնմխելիության մասին, և դա տրանսպորտային-տնտեսական ենթակառուցվածքների մասին խոսելիս այս երեք սկզբունքի համատեքստում խոսում ենք կրկին ինքնիշխանության, իրավազորության մասին: Սրանք բաներ են, որոնք ընդունված են, ըստ էության, և որոնց լեգիտիմությունն ընդունված է ողջ աշխարհում, և ցանկանում եմ մեկ անգամ էլ կրկնել՝ սրանք բաներ են, որոնց մասին, օրինակ, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելն ինքը հայտարարել է հերթական 2023թ. հուլիսին եռակողմ հանդիպումից հետո: Այժմ այստեղ, շատ ֆորմալ, կոնկրետ հանդիպման ընթացքում «ընդունել է, չի ընդունել» դիսկուրսը, այսինքն՝ ոչ հրապարակային կամ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական շփման ընթացքում ընդունել, չընդունելը, կարծում եմ, մի փոքր հարցի պարզունակ գնահատում կլինի: Կարծում եմ, մենք պետք է առաջնորդվենք հրապարակային հայտարարություններով և հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով, այսինքն, եթե լինում է որևէ պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը կողմերը հանրահռչակում են, կողմերը հրապարակավ ասում են: Առավել ևս, երբ որ մենք նույնիսկ հանրահռչակված, հայտարարված պայմանավորվածությունների դեպքում տեսնում ենք երբեմն դրանց վերահաստատում, և երբեմն դրանց, ես չասեմ չեղարկում, ապա գոնե ոչ այնքան հետևողական վերահաստատում, այսինքն՝ լինում են պայմանավորվածություններ, որոնք ժամանակի ընթացքում այնքան էլ շոշափելի արդյունքի չեն վերածվում: Դրա համար ես ցանկանում եմ զուտ կրկնել լավատեսական գնահատականը, ասել, որ կա իրական հնարավորություն, բայց այդ հնարավորությունը կախված է մի շարք գործոններից, այդ թվում և՝ օրինակ՝ Ադրբեջանի կառուցողականությունից, և այդ հնարավորությունը կարող է իրականանալ և, իհարկե, տեսականորեն կարող է չիրականանալ: Ես, այնուամենայնիվ, կկանգնեի իրականանալու հավանականության վրա: Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա, այո, այս մասին մենք բազմիցս ասել ենք. խորհրդային, լեգիտիմ, ամենավերջին քարտեզներ: Ես ուզում եմ կրկին կարևորենք սկզբունքները. մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքները, դրա հիմքերը ամրագրվեն խաղաղության պայմանագրում: Մեզ համար, օրինակ՝ քարտեզների հիշատակումը այդպիսի մի դրսևորում է, վստահանալու, որ կանխատեսելիություն է ապահովվում, որոշակի կանխատեսելիություն՝ անշուշտ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի, բայց ապահովելու այդ տեսանելիությունը, այդ կանխատեսելիությունը: Պայմանագրի վերջնական տեքստ չունենք, հետևաբար ես չեմ կարող, և որևէ մեկը չի կարող ասել ինչ կլինի վերջնական բանակցությունների արդյունքում այնտեղ, ինչ չի լինի: Այս պահին այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես, ահա, այդպիսի սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու փորձ, դրսևորում: Շնորհակալ եմ:

Հարց ՀՀ ԱԳ նախարարին. Շնորհակալություն եմ հայտնում: Հարցս հետևյալն է: Հաշվի առնելով երկու երկրների միջև համագործակցության զարգացումը՝ ինչպե՞ս եք դիտարկում Իրանի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ, բայց ինձ համար միայն հաճելի է կրկնելը և խոսելը Իրանի այդ դերակատարության մասին. ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ, այդ թվում՝ և՛ Երևանում և՛ Թեհրանում: Այդ դերակատարությունն արդեն իսկ դրսևորվել է և շարունակում է դրսևորվել: Մենք քանիցս լսել ենք Իրանի հստակ ուղերձները և՛ երկու երկրներին, նկատի ունեմ Հայաստանին և Ադրբեջանին, և՛ թերևս գործընթացով հետքրքրվող բոլոր պետություններին: Իրանի մոտեցումները խաղաղության մասին, Իրանի հստակ դիրքորոշումը տարածքային ամբողջականության մասին, Իրանի հստակ դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության մասին, և սա, թերևս, լավագույնն է, որ այս պահին կարող է, կարծում եմ, արվել խաղաղության գործընթացի համար: Անշուշտ, կարող են արվել, չգիտեմ, հանդիպումների կազմակերպումներ և այլն տարբեր կողմերի կողմերից: Միևնույն ժամանակ շարունակաբար և շատ վճռականորեն, հաստատակամ կերպով նշելով և ամրագրելով այն սկզբունքները, այն հիմնասյունները, որոնց վրա պետք է հենված լինի այդ խաղաղությունը, կրկնում եմ, կարծում եմ, որ, դա երևի ամենամեծ ներդրումն է կամ ամենամեծ ներդրումներից մեկն է այդ գործընթացում:

Հարց ՀՀ ԱԳ նախարարին․ Շնորհակալություն։ Պարո՛ն Միրզոյան, Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով քննադատում են Ռուսաստանին, Մոսկվայի առաջնորդած կառույցները։ Տևական ժամանակ բոյկոտ էր իրականացվում և չէիք մասնակցում, Հայաստանը չէր մասնակցում այդ կառույցների աշխատանքներին։ Բայց հանկարծակի վարչապետը որոշեց գնալ և ԵԱՏՄ նիստին մասնակցել այդ ամենից հետո։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն այս ամիսների ընթացքում, որ տպավորություն էր, թե դեպի եվրաինտեգրում է գնում, կրկին տեղափոխվում է Մոսկվա։ Դուք սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Եվ արդյո՞ք Հայաստանը միանալու է Մինսկում կայացված ՀԱՊԿ փաստաթղթերին, թե ոչ։

Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Ես ներողություն եմ խնդրում և խնդրում եմ՝ բացասական չընկալվի իմ ասելիքի սկզբնամասը առնվազն: Բայց կարծում եմ, որ քաղաքականության մեջ և, մասնավորապես, այս դեպքում օրինակ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելիս, պետք է առավելագույնս ուշադիր լինենք ձևակերպումներին և չառաջնորդվենք պարզունակ գնահատումներով: Դուք ասում եք. «վերջին շրջանում Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին». եթե չեմ սխալվում՝ բառացի մեջբերեցի Ձեզ: Ես կխնդրեմ բերել օրինակներ, երբ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին: Այլ բան է այն, որ տարբեր խնդիրների բարձրաձայնում եղել է: Եթե Դուք ասեք, օրինակ՝ ռուսական պետական հեռուստաալիքների եթերներով քննադատում են Հայաստանի իշխանություններին, հայկական որևէ հեռուստաընկերության եթերով քննադատում են Ռուսաստանի որևէ քաղաքականություն, ես, գուցե կհամաձայնեմ կամ կբանավիճեմ, բայց պնդումը, որ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:Համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի, այդ ձևակերպմանը համապատասխանող դրվագներ այս պահին չկան: Սա չի նշանակում, և մենք սա երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, և այդ խնդիրները վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական և նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքների և այդ ակնկալիքների արդարացման կամ չարդարացման հետ: Այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները մենք տեսել ենք և՛ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններն են խախտվել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են հայտնվել օկուպացիայի տակ, և՛ այն դեպքերում, երբ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության կամ անգործության դեպքերում, և՛  բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ որոշակի տնտեսական հարցերում և այլն: Հիմա, ունեցե՞լ ենք մենք այս խնդիրները, ունեցե՞լ ենք մենք այս ակնկալիքները ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ-ից, այո, ունեցել ենք: Այդ ակնկալիքների չբավարարման կամ չիրականացման հետևանքով բարձրաձայնե՞լ ենք դրա մասին, այո, բարձրաձայնել ենք: Խոսել ենք դեռ քանի տարի առաջ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման մասին և ինչ-որ պահից, այս կամ այն հանգամանքից ելնելով, մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում պահել ենք այն աստիճանի վրա, որը ադեկվատ ենք համարել այդ պահին ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացներին կամ ՀԱՊԿ-ի կողմից ծավալվող գործունեությանը: 

Սա ՀԱՊԿ-ի մասին, որովհետև մենք խոսում ենք տարբեր կառույցների, տարբեր նշանակության և տարբեր ոլորտների մասին։ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որտեղ անդամները պարտավոր են պաշտպանել, եթե շատ կարճ ձևակերպենք, միմյանց սահմանները։ Հիմա մեր սահմանները խախտվել են, և մենք տեսել ենք, որ այս կազմակերպությունն այնքան էլ չի շտապել այդ սահմանները պաշտպանել։ Ես փորձում եմ շատ կարճ ձևակերպել, անշուշտ, խնդիրն ավելի շատ շերտեր ունի։ Հիմա Դուք ասում եք, այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը որոշեց գնալ Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին։ Ես չեմ կարծում, որ Դուք երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ-ի մասում մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին, օրինակ՝ ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում և որոնց մասին ես խոսեցի։ Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ պարագայում։ Անշուշտ, այս ձևակերպումները միշտ հարաբերական են։ Հիմա կարող եք ասել, որ այդ արդյունավետությունը բարձրացնելու տեղ ունի, բայց ես չեմ կարծում, թե Դուք կմտաբերեք մի այդպիսի դրվագ, երբ որ կարող եք նույն կերպ, թեև այդ ձևակերպումը այդքան էլ տեղին չի, նույնկերպ ասել, օրինակ, որ Հայաստանը քննադատում է Ռուսաստանին ԵԱՏՄ համատեքստում։ Այնտեղ էլ կան խնդիրներ, այդ մասին խոսում ենք։ Մի խոսքով, այսքանը թերևս։ Ձեր նշած մոտեցումը, կարծում եմ, ներողություն, պարզունակ է. Հայաստանը չէր գնում Ռուսաստան և հիմա հանկարծ որոշեց գնալ Ռուսաստան, արդյո՞ք դա նշանակում է, որ այլևս չենք խորացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Մոտավորապես այդպես էր հնչում Ձեր հարցը։ Եթե շատ կարճ պատասխանեմ՝ ոչ։

Տպել էջը