ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

10 հունվարի, 2024

«Բարև ձեզ,

Մեծարգո՛ պարոն նախարար, 

Մեծարգո՛ պարոն Գերապետրիտիս,

Ձերդ գերազանցություն, իմ լավ բարեկամ,

Սիրելի՛ հյուրեր,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Սա մեզ համար տարվա առաջին պաշտոնական այցն է և այս առումով ևս բավականին խորհրդանշական է: Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը, պարոն նախարար: 

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունն, իհարկե, գնում է դարերի և հազարամյակների խորքը, և՛ հայկական, և՛ հունական պետականություններն են սերտ համագործակցություն ունեցել պատմության տարբեր դրվագներում, բայց անդրադառնալով մեր ժամանակակից պետություններին՝ Հայաստանի Հանրապետությունը Հունաստանի հետ անցած 30 տարիների ընթացքում հաջողել է կառուցել ամուր գործընկերային, բարեկամական հարաբերություններ, մեր օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է մեր այսօրվա այցին, անշուշտ, այսօրվա այցը և հադիպումը ևս շատ լավ հնարավորություն էր անդրադառնալ այդ օրակարգին, նոր լիցք հաղորդել հարաբերություններին, մի քայլ առաջ մղել մեր ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, անդրադառնալ բազմաթիվ թեմաների՝ տնտեսությունից, անվտանգությունից, պաշտպանությունից մինչև մշակույթ: Մենք նախանշեցինք նաև այս տարվա համար մեր գործողությունները՝ մի յուրօրինակ, կարելի է ասել, ճանապարհային քարտեզ՝ սկսած բարձրաստիճան պաշտոնական այցելություններից մինչև տարբեր ոլորտներում միջոցառումներ: Իհարկե, շատ մեծ դեր այստեղ կարող է ունենալ տարվա առաջին կիսամյակում նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ես շնորհակալություն եմ հայտնել նաև իմ հույն գործընկերոջը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Մենք իսկապես տրամադրված ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ հիմնված այն արժեքների վրա, որ մենք կիսում ենք Հայաստանում, Հունաստանում և Եվրոպական միությունում. խոսքը, բնականաբար, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և մյուս արժեքների մասին է: Եվ ես ակնկալում եմ Հունաստանի հետագա աջակցությունն այս գործընթացում ևս:

Պետք է նշել, որ մեր համագործակցությունը բավականին արդյունավետ և ինտենսիվ է նաև բազմակողմ հարթակներում, և սա վերաբերում է նաև առանձին եռակողմ ձևաչափերի, որ մենք ունենք Հունաստանի հետ: Մենք մտադիր ենք այս ձևաչափերով ևս շարունակել մեր համագործակցությունը: 

Իհարկե, հարգելի՛ գործընկերներ, իմ գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները, ծրագրերը և նախաձեռնությունները, որոնցով Հայաստանի Հարնապետությունը հանդես է եկել՝ որպես լուծում, օրինակ «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և, իհարկե, մյուս մանրամասները:  Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը, որոնց մենք ականատես ենք լինում որոշ դեպքերում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում:  

Եզրափակելով, մեծարգո՛ պարոն նախարար, ուզում եմ շնորհակալություն հայտնել այցի համար և հայտնել վստահություն, որ սա միայն մեկ օրն էր մեր շատ ինտեսիվ և՛ բարեկամական, և՛ եղբայրական հարաբերությունների: 

Շնորհակալ եմ»:  


***

Հարց ՀՀ ԱԳ նախարարին (Հունաստանի հեռուստատեսություն). Ձեր հարաբերությունները ԵՄ-ի հետ ինչպե՞ս եք տեսնում:

Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Շնորհակալ եմ: Ըստ էության, ես և իմ սիրելի բարեկամը՝ նախարարը, անդրադարձանք, մեծ հաշվով, այդ հարցին, բայց ես կարծում եմ, որ դեռ իսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ցանկանում եմ վստահեցնել, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և կոնկրետ ծրագրեր: Ծրագրեր, որոնց մի մասը բխում են, օրինակ, մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև ունեցած գործող «CEPA/ՀԸԳՀ» պայմանագրից, և ծրագրեր, որոնք այդ պայմանագրից, իհարկե, անդին են: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, նրանց հետ հանդիպումների ընթացքում մեկ ամիս առաջ, և՛ իմ այցի ընթացքում Բրյուսել, որտեղ ես պատիվ ունեցա մասնակցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ: Եվ այս խոսակցությունը շարունակական է: Մենք քիչ առաջ լսեցինք նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական ու ինտենսիվ կերպով է շարունակվում: Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստաիցման և աջակցության վրա: Մեր կողմից մենք պատրաստ ենք: Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ինտենսիվ կերպով ժողովրդավարական բարեփոխումները, շարունակում է տարբեր ոլորտներում այդ բարեփոխումների գործընթացը, և մենք համոզմունք ունենք, որ այդ բարեփոոխումները ևս իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական միությանը: Ես ցանկանում եմ նաև ընդգծել, որ այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Սա ևս մի գործոն է, որը կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սահմանի գոտում, և սա ևս մի ոլորտ է և մի թեմա է, որը ենթակա է շարունակական զարգացման: Բոլորովին վերջերս Եվրոպական միությունը որոշում ընդունեց ավելացնել, մեծացնել և երկարաձգել այս քաղաքացիական առաքելության մանդատը, ինչը մեծապես ողջունվեց Հայաստանի կողմից: Ամփոփելով՝ ցանկանում եմ ասել, որ սա ճանապարհ է, որը դեռ պետք է անցնենք ավելի մեծ քայլերով, ավելի ինտենսիվ քայլերով և, իհարկե, Հունաստանի աջակցությամբ:

Հարց (Նանե Սահակյան. «Ազատություն»). Պարո՛ն Միրզոյան, ՀՀ անվտանգության խորհուրդի քարտուղարը խոսում էր բանակցային փոխանակվող փաստաթղթերում հետընթացի մասին: Դուք համաձա՞յն եք, որ հետընթաց կա: Եվ այս ֆոնին ուղիղ բանակցությունները Բաքվի հետ հնարավոր համարու՞մ եք, թե ոչ: Շնորհակալություն:   

Պատասխան (Արարատ Միրզոյան). Իսկապես, մենք ստացել ենք դեկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց դրանից առաջ, Դուք գիտեք, որ բավականին տևական ժամանակ ադրբեջանական կողմը հրաժարվում էր մասնակցել այն հանդիպումներին, որոնք մենք սովորաբար ունենում ենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ես խոսում եմ երկրների ղեկավարաների մակարդակով հանդիպումների մասին. հիշում եք, որ նախագահ Ալիևը չմասնակցեց Գրանադայի հանդիպմանը, այնուհետև ենթադրաբար պետք է տեղի ունենար կրկին եռակողմ հանդիպում Բրյուսելում, և կրկին նախագահ Ալիևը չհաստատեց իր մասնակցությունը, և ըստ էության, այդ հանդիպումը ևս տեղի չունեցավ: Մեծ հաշվով նույնը կարելի է ասել նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով տեղի ունեցող բանակցությունների փուլերին. ենթադրվում էր, որ մենք այդ հնարավորությունը կունենանք և գործընթացը կշարունակենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն այդ հանդիպումները ևս տեղի չունեցան: Եղել են, անշուշտ, ոչ պաշտոնական շփումներ. օրինակ՝ կհիշեք Թեհրանում իմ և իմ գործընկերոջ հանդիպումը, նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով հանդիպումները: Եվ այս, մի կողմից ոչ կառուցողական մթնոլորտում, մենք նաև տեսել ենք կառուցողական քայլեր: Այս համատեքստում նախարար Գերապետրիտիսն արդեն հիշատակեց հայ-ադրեջանական պայմանավորվածությունը և գերիների ազատ արձակումն ու վստահությանն ուղղված այլ միջոցառումներ, ինչպես թեկնածության պաշտպանումը Բաքվում COP-29-ի անցկացման համար: 

Որքան էլ գուցե տարօրինակ հնչի, չնայած հանդիպումների բացակայությանը, տեղի են ունեցել նաև առաջարկների փոխանակումներ խաղաղության պայմանագրի շուրջ. ինչպես ասացի, մենք ստացել էինք ադրբեջանական առաջարկները, հունվարի 4-ին, արդեն մենք ենք փոխանցել մեր հերթական առաջարկները: Այո, ես կասեի, որ բովանադակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, տեքստի որոշ մասերով և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ: Եվ մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, կրկին վստահ եմ, որ շատ կառուցողական են: 

Բայց ես ուրիշ բան եմ ուզում ընդգծել. ոչ այնքան հերթական առաջարկների այս կամ այն հոդվածի հետընթաց կամ առաջընթաց լինելը, կառուցողական կամ ոչ կառուցողական լինելը, որքան այն սկզբունքները, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը: Անկախ նրանից՝ տվյալ հերթական առաջարկի որևէ մի կոնկրետ հոդվածն առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայմանորեն պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք և խոսել ենք այդ մասին. 

  • երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն` առանց որևէ այլևալության, առանց որևէ երկիմաստության: Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի: 
  • Նաև, հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայամանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթաց: Ես ուզում եմ ընգծել, որ այս երկու հարցերը՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը և նաև սահմանների հետագա դելիմիտացիան այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն նաև առաջնային առումով այն պատճառով, որ որևէ անորոշություն մեծ հիմք է և պարարտ հող է հետագա ագրեսիաների և հետագա էսկալացիաների: Հետևաբար, եթե մենք խաղաղություն ենք հաստատում՝ մենք հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որը հնարավորինս դժվար և գրեթե անհնար լինի կասկածի տակ դնել և խախտել, չդնել առնվազն հիմքեր հետագա էսկալացիայի համար այդ պայմանագրում:
  • Հաջորդ սկզբունքը, որը մենք, վստահաբար, ուզում ենք տեսնել հաստատված խաղաղության մեջ, տարածաշրջանի տնտեսական կապուղիների, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որովհետև խաղաղությունը, կարծում եմ՝ կկիսեք իմ մոտեցումը, միայն կրակոցների բացակայությունը չէ, խաղաղությունը նաև բաց սահմաններն են, խաղաղությունը նաև ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով: Այսինքն, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, այս իրավիճակը դժվար կլինի անվանել Հարավային Կովկասում խաղաղության հաստատում, և մենք շահագրգռված ենք այս կապուղիների ապաշրջափակմամբ, բայց մենք նաև վստահ ենք, և կարծում եմ, որ սա մի մոտեցում է, որն աշխարհում բոլորը կկիսեն, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի շատ պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա: Դրանք ևս հայտնի են, բազմիցս խոսել ենք այդ մասին: Օրինակ՝ այն, որ այդ ենթակառուցվածքները պետք է մնան կոնկրետ այդ երկրների ինքնիշխանության ներքո, այսինքն, մասնավորապես ենթակառուցվածքների հայաստանյան հատվածը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, դրանք պետք է գործեն մեր իրավազորության ներքո, և ամեն ինչ, իհարկե, պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Կրկին, եթե միայն Ադրբեջանը կարողանա օգտագործել հայկական, ենթադրենք, երկաթուղիներ, և Հայաստանը չկարողանա օգտագործել ադրբեջանական երկաթուղիները, դա դժվար թե արդար, հիմնարար և երկարատև լուծում համարվի: Սրանք են այն սկզբունքները, որոնք անպայմանորեն պետք է ընկնեն խաղաղության հիմքում: Հիմա կոնկրետ որ փուլում, որ հոդվածով ձևակերպումները որքանով են հետընթաց և առաջընթաց, կարծում եմ՝ կարևոր, բայց ոչ կենսական նրբերանգներ են:

Դուք նաև հարցրեցիք՝ ուղիղ բանակցություններ, թե միջնորդավորված: Ըստ էության, մեր բանակցությունները, մեծ հաշվով, միշտ էլ ուղիղ են եղել, մենք հանդիպել ենք տարբեր մայրաքաղաքներում, եղել են երկրներ, կողմեր, որոնք ֆասիլիտացրել են մեր հանդիպումները, կազմակերպել են այդ հանդիպումները, երբեմն կառուցողական առաջարկներով են փորձել հանդես գալ կամ կամրջող ձևակերպումներով, բայց, միևնույն է, բանակցությունները միշտ էլ եղել են երկկողմ, և մենք շահագրգռված ենք բանակցությունների շարունակմամբ, մենք նաև ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել, արդեն ասացի, և ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի, այնուամենայնիվ, ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը և շարունակել մեր բանակցությունները: Եվ այստեղ ևս կարևորում եմ նաև Հունաստանի պատրաստակամությունը ֆասիլիտացնել այդ գործընթացը: Շնորհակալ եմ:

Տպել էջը