ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 1)

23 հունվարի, 2024

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը: 

ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադարձ է կատարվել 2023թ. սկզբից Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ԼՂ-ում էթնիկ զտման կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերին՝ թե երկկողմ ձևաչափով, թե բազմակողմ հարթակներում, Հարավային Կովկասում կայունության ապահովմանը միտված ջանքերին, խաղաղության օրակարգին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարբեր երկրների, կառույցների հետ ՀՀ երկկողմ հարաբերություններում զարգացումներին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ օրակարգի առաջմղմանը:

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: 

Ես հանդես կգամ ամփոփիչ ներածական խոսքով 2023թ. գործունեության վերաբերյալ, հնարավորինս կաշխատեմ լինել սեղմ, հակիրճ: Ենթադրաբար կունենաք հարցեր, և ներածական խոսքից հետո կպատասխանեմ ձեր հարցերին:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. 2023թ. առաջին օրերից Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ փորձելով, բնականաբար, ապահովել միջազգային առավելագույնս և հնարավորինս լայն ներկայություն և միջազգային ջանքեր՝ ուղղված հարցի լուծմանը, Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը: Տեղի է ունեցել նամակագրություն այս առումով և բազմաթիվ հեռախոսազանգեր իմ, այլ պաշտոնյաների կողմից, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն: Ելույթներ են եղել, օրինակ, զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, հանդիպումներ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` զինված հակամարտություններում երեխաների հարցերով հատուկ ներկայացուցչի, մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ, բազմաթիվ այլ գործընկերների հետ, նաև երկկողմ հարթություններում:

Գործունեության արդյունքում նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի մանդատակիրները հրապարակել են հաղորդագրություններ, նամակներ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և դրա հետևանքներին և ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա սննդի, առողջության, կրթության և այլ իրավունքներից օգտվելու հարցում։ Ադրբեջանին կոչ է արվել վերացնել արգելափակումը։ Օգոստոսի 16-ին, կհիշեք, տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին ես եմ ելույթով հանդես եկել։ Արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռազմական հարձակումից հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերն ուղղվել են ռազմական ուժի կիրառման դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային ջանքերի և միջազգային կոնսոլիդացիայի ձևավորմանը։ Կրկին, այս անգամ Հայաստանի և Ֆրանսիայի պահանջով, տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ։ Այստեղ ևս ես ելույթով հանդես եմ եկել։ Հատկանշական է ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամներից շատերը հանդես եկան բավականին իրավիճակն օբյեկտիվ կերպով արտացոլող դիրքորոշումներով։ Արժի հիշատակել նաև, որ բացի ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցում էին նաև այլ երկրներ։ Ես կուզենայի առանձնացնել նաև Եվրոպական միության բարձր հանձնակատարի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ունեցած ելույթները։ Բառացիորեն, օրեր անց, նույն բովանդակությամբ, ըստ էության, ելույթ եմ ունեցել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ 

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց հետո իրավիճակին անդրադարձել են ՄԱԿ մարդու իրավունքների մարմինները։ Կուզենայի առանձնացնել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում 40 երկրի անունից Ֆրանսիայի կողմից տարածված համատեղ հայտարարությունը։ Եվ, իհարկե, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր խորհրդականի՝ Ալիս Նդերիտուի երկու հայտարարությունները, որոնք հիշատակում են տեղահանված 100,000-ից ավել փախստականներին, և նշում էին, որ ոճրագործությունների ռիսկը դեռևս շարունակվում է առկա մնալ։ 

Գիտեք, որ գործընթացները նաև շարունակվել են իրավական հարթության վրա։ Մասնավորապես, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը  փետրվարի 22-ին իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում, ուշագրավ է՝ միաժամանակ մերժելով Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի պահանջները։ Եվ ահա այս որոշմամբ դատարանը փաստել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվեցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը, ըստ էության, վերահաստատել է իր այս որոշումը, իսկ արդեն սեպտեմբերի 19-ից հետո, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 17-ին, Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հաստատել է, որ կա հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ՝ պարտավորցնելով Ադրբեջանին պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարաձի իրավունքի իրացման համար։ 

Բնականաբար, զարգացումներ տեղի են ունեցել և մեր ջանքերը նաև ուղղված են եղել ՄԱԿ շրջանակներից դուրս այլ միջազգային կառույցների, ինչպես ասեցի, նաև երկկողմ ուղղություններով առանձին երկրների հետ աշխատանքներում։ 

2023 թվականին տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի չորս հատուկ նիստ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Երկուսին ինքս եմ մասնակցել և ելույթով հանդես եկել։ Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաներ և մարմիններ հանդես են եկել հայտարարություններով, դիրքորոշումներն են հրապարակել, այդ թվում՝ նախարարների կոմիտեում Իսլանդիայի նախագահությունը, գլխավոր քարտուղարությունը երկու անգամ, մարդու իրավունքների հանձնակատարը երկու անգամ։ Բնականաբար, Ադրբեջանի նկատմամբ միջոցներ կիրառելու վերաբերյալ նաև ՄԻԵԴ կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնք արդեն Եվրոպայի խորհրդում և դրանց շուրջ քննարկումների համար բավական արդեն լայն կերպով հիմք են հանդիսացել և հղման առիթ են եղել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից երկու բանաձև է ընդունվել. մեկը հունիսի 22-ին, մյուսն՝ արդեն նշածս ռազմական գործողություններից և էթնիկ զտումներից հետո՝ հոկտեմբերի 12-ին։ Եվ մասնավորապես այս վերջինով ԵԽԽՎ-ը դատապարտել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման  վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության հետևանքով։ Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին կրկին ընդունել է բանաձև, որով դատապարտել է նույն ռազմական ագրեսիան։ Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան գործադիր մարմինների՝ արտաքին գործերի նախարարության մակարդակով, հանդես են եկել հայտարարությամբ։ Օրինակ, Եվրոպական միության դեպքում կոչ է արվել Ադրբեջանին անպայմանորեն իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի և հուլիսի որոշումները։ Բոլոր դեպքերում դատապարտվում են Ադրբեջանի ռազմական գործողությունները, ուժի կիրառումը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության դեպքում առանձնահատուկ նշվում է, որ Ադրբեջանը, ըստ էության, խախտել է միջազգային հանրությանը տրված խոստումը՝ չդիմել ուժի կիրառման Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում։ Նաև բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների մակարդակում տեղի են ունեցել քննարկումներ, եղել են բանաձևեր, հայտարարություններ։ Կուզենայի նշել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը, Նիդերլանդների խորհրդարանը, Իսպանիայի Սենատը, Ավստրիայի Ազգային խորհուրդը։ 

Բնականաբար, էթնիկ զտման այդ գործողությունից և բռնի տեղահանությունից անմիջապես հետո Հայաստանի դիվանագիտական ծառայության ջանքերն ուղղված են եղել նաև փախստականների կարիքները հոգալուն և այդ համատեքստում միջազգային ջանքերի ներգրավմանը, միջազգային մեխանիզմների գործարկմանը: Կայացել են հանդիպումներ արտաքին գործերի նախարարությունում, նաև օտարերկրյա պետություններում, միջազգային կառույցներում։ Հոկտեմբերի 7-ին իմ և փախստականների հարցերով բարձր հանձնակատարի նամակների փոխանակման արդյունքում ՄԱԿ-ի և գործընկերների կողմից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանն աջակցելու համատեղ կոչը։ Մեկնարկել է ՄԱԿ միջգործակալական արձագանքման ծրագիրը, որն այդ պահին իր առջև նպատակ էր դրել հավաքագրել շուրջ 97 միլիոն եվրո։ Հանդիպումներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի` Ֆիլիպո Գրանդիի հետ, նրա գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ, բազմաթիվ այլ վերաբերելի միջազգային պաշտոնյաների հետ։ Աջակցության ծրագրեր են իրականացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը, ինչպես նաև առանձին երկրներ՝ Ճապոնիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Դանիան, Կանադան, Շվեյցարիան, Կորեան։ Դրամական միջոցներ են հատկացվել ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Նաև Չինաստանի, Եվրոպական միության, Կանադայի, Էստոնիայի, Լիտվայի, Չեխիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Ռումինիայի կողմից այլ խողովակներով նույնպես աջակցություն, մասնակցություն է ցուցաբերվել փախստականների կարիքները հոգալու ջանքերին։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթաց. հարգելի՛ գործընկերներ, տարվա սկզբից Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը: Սա վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց մասնավորապես նաև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքմանը, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանային,  տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը: 

Մեզ համար այս գործընթացում շարունակել են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ: Ես կարող եմ և անհրաժեշտ եմ համարում թվարկել: Հակիրճ, նախ և առաջ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողող ձևակերպումների: Մյուսը՝ երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա: Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-78 թվականների քարտեզների մասին, որպես այս իրողությունը, այս նշածս սկզբունքները արտացոլող ամենաթարմ քարտեզներ: Հետաքրքրական է, որ առաջարկ է եղել օգտագործել 1974-90 թվականների քարտեզներ: Այս առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը: Որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով, և նաև ենթադրում եմ, հարցեր կլինեն այդ մասին, նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում: 

Բայց վերադառնալով սկզբունքներին՝ ուզում եմ կրկին արձանագրել, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, ընդ որում իրավական առումով անխոցելի, հնարավորինս հստակությունն առանցքային է, և այս կոնտեքստում ուզում եմ նորից հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը: Ավելորդ չի նորից ասել, ինչի մասին է սա: Կհիշեք երևի, Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային միության նախկին 12 հանրապետությունները, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են, ընդունել են, և հետագայում որևէ մեկը վերապահում չի հայտնել այս մասին, որ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև ադմինիստրատիվ, վարչական սահմաններն այդ հռչակագրի ընդունմամբ հետայսու ճանաչվում են բոլորի կողմից իբրև նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ: Սա կրկին, ինչպես ասում են, բավականին առանցքային համաձայնություն է: Եվ սա մի համաձայնություն է, որը բացի նրանից, որ 1991 թվականին պայմանավորվել են Հայաստանը և Ադրբեջանը և մյուս հանրապետությունները, բայց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ըստ էության վերահաստատել են, օրինակ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և արդեն հետագա նաև մի շարք հանդիպումների ընթացքում:

Վերադառնալով սկզբունքներին, համաձայն որոնց մենք պատկերացնում ենք խաղաղության գործընթացը՝ երրորդ, թերևս, էական սկզբունքը կրկին հայտնի է բոլորին՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո և համաձայն փոխադարձության և հավասարության սկզբունքների: Սա ևս, մեծ հաշվով, մի բան է, որի շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ և ունենք, ըստ էության, փոխըմբռնում և փոխհամաձայնություն, բայց նորից անդրադառնալով վերջին հայտնի հարցազրույցին, ուզում եմ ասել, որ այստեղ ևս տեսնում ենք հետընթաց ադրբեջանական կողմից: 

2023 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 5 հանդիպում, այդ թվում՝ 4 եռակողմ հանդիպում և նաև մեկ հնգակողմ հանդիպում հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ, միջնորդությամբ: Կհիշեք, որ Քիշնևից հետո պայմանավորված էր ունենալ կրկին եռակողմ հանդիպում, որը տեղի ունեցավ արդեն հուլիսի 15-ին Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ, և ենթադրվում էր, որ դրանից հետո եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը Գրանադայում հոկտեմբերին պետք է լիներ հերթական հնգակողմ հանդիպումը: Հիշում եք, որ Ադրբեջանի նախագահը չմասնակցեց Գրանադայի հանդիպմանը, տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, ընդունվեց համատեղ հայտարարություն, որով մեծ հաշվով արտացոլվում է կարգավորման այն սկզբունքները, որոնք ես քիչ առաջ հիշատակեցի: Ուզում եմ ասել որ նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով մենք երկու անգամ բանակցություններ ենք ունեցել Միացյալ Նահանգներում՝ յուրաքանչյուրը մի քանի օրանոց, և մեկ հանդիպում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կազմակերպմամբ: Կարծում եմ՝ արժի հիշատակել, որ մեր նախարարների և թիմերի մասնակցությամբ այս բանակցությունների արդյունքում, և մինչ օրս էլ խաղաղության պայմանագրի տեքստի առանձին ձևակերպումների շուրջ հնարավոր է եղել գալ փոխհամաձայնության, թեև մի քանի առանցքային հարցերում կան դիրքորոշումների տարբերություններ։

Ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել նաև, օրինակ՝ Թեհրանում հոկտեմբերի 23-ին «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման շրջանակներում, բայց հատկանշական է, որ  Ադրբեջանի նախագահի կողմից հետագա եռակողմ կամ հնգակողմ հանդիպումներին մասնակցելուց հրաժարվելուն զուգընթաց մենք տեսանք նույնպիսի մի միտում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Ըստ էության, Գրանադայից հետո քննարկվում էր ոչ միայն հնարավոր նոր հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, այլ նաև՝ արտաքին գործերի նախարարների: Ենթադրվում էր, որ պետք է շարունակվի աշխատանքը պայմանագրի տեքստի շուրջ, և տեսնում ենք, որ փաստորեն ոչ միայն Ադրբեջանի նախագահը, ինչպես ասեցի, դադարեց մասնակցել այդ հանդիպումներին, այլ նաև արտաքին գործերի նախարարը: Հանուն արդարության նշեմ, որ հանդիպումների չկայանալը, որովհետև մի քանի առաջարկ եղավ հանդիպման, այնուամենայնիվ,  բացասաբար անդրադարձավ, իհարկե, կենդանի քննարկումների և գործընթացի վրա, բայց հանդիպումների բացակայության պայմաններում կողմերը շարունակեցին աշխատանքը և փոխանակեցին խաղաղության պայմանագրի նոր խմբագրական առաջարկներ: Նախ, մենք ուղարկեցինք մեր 6-րդ խմբագրությունը, ստացանք ադրբեջանական կողմի 7-րդ խմբագրությունը, և ահա արդեն 2024 թվականի առաջին օրերին ադրբեջանական կողմին ենք փոխանցել հայկական 7-րդ խմբագրությունը:

Գիտեք, որ սահմանազատման ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվել են: Հուլիսին, նոյեմբերին տեղի են ունեցել համապատասխան սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումները: Հնարավոր է եղել համաձայնեցնել աշխատակարգը: Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին: Եվ, իհարկե, նույն կերպ աշխատանքներ են ընթացել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ:

Շարունակվում են չկարգավորված մնալ հումանիտար հարցերը: Տեղյակ եք, որ դեկտեմբերի 7-ին հնարավոր եղավ ձեռք բերել պայմանավորվածություն երկուստեք գերիների և պահվող անձանց փոխանակման մասին: Ըստ այդմ, հայաստանյան կողմն ազատ արձակեց 2 ադրբեջանցիների, որոնք պահվում էին Հայաստանում, և ադրբեջանական կողմն ազատ արձակեց 32 հայ զինծառայողի: Նաև զուգահեռաբար պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ Հայաստանը հանում է իր թեկնածությունը կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը հյուրընկալելու հարցում և պաշտպանում է Ադրբեջանի թեկնածությունը. ըստ այդմ հետագայում որոշվեց Բաքվում կազմակերպել այդ միջոցառումը:

Սա, անշուշտ, որոշակի դրական իրադարձություն էր ձգձգվող բանակցությունների ֆոնին: Պետք է ասեմ, որ հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները: Ցանկանում եմ ասել, որ, կհիշեք, վստահաբար, մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև, տարօրինակորեն, շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այդքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը: Այստեղ տեղին է հիշել, որ այդ ականապատումը՝ հաճախ հենց նույն տարածքների, սկսվել էր դեռ 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից: Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, ինչ մեզ հասանելի էր: Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկությունների համաձայն, այժմ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել նոր տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ, և չեմ բացառում, որ համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն: Ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին, թեև կարող եմ ասել, որ վստահաբար այս անգամ պետք է այդ գործողությունն անել միջազգային գործընկերների միջոցով, և հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման պահին, կամ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում, բայց ես երևի մի փոքր առաջ անցա, կրկնում եմ, որ հարցումները դեռևս իրականացվում են այս առումով:

Խոսելով վստահության ամրապնդման մասին և ընդհանրապես վստահության մթնոլորտի մասին՝ ցավով պետք է նշեմ, որ թեև այս՝ դեկտեմբերի 7-ի դրական մեկանգամյա քայլին, հետագայում մենք տեսանք, որ կառուցողական մոտեցումն առնվազն Ադրբեջանի կողմից չի շարունակվում, և դա դրսևորվեց և՛ պայմանագրի 7-րդ խմբագրության՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և՛ նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ: Այստեղ էական հետընթաց կար և, կարելի է ասել, հարված կար խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում: Դա վերաբերում է և՛ ընդհանրապես տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին կամ սահմաններին: Կհիշեք, Ադրբեջանի նախագահն անգամ հղում էր անում 1918-20 թվականների ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի: Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմաններն այն կերպ, ինչպես դրանք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին, ինչի մասին, կրկին ուզում եմ ասել, խոսվում է Ալմա-Աթայի հռչակագրում: Անշուշտ, սովորաբար, սահմանազատման հանձնաժողովները որոշակի փոխադարձ ընդունելի ճշգրտումներ կարող են անել սահմանների, բայց ես կրկնում եմ, նրանք կարող են միայն վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել:

Ենթադրում եմ, որ դուք հարցեր կունենաք, և առանձին նրբերանգների մասին նաև հարցերին պատասխանելիս կարող եմ անդրադառնալ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. 2023թ. ընթացքում թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ չեն կայացել և առանց նախապայմանների հարաբարությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց չի գրանցվել, սակայն տարին առանձնանշվել է մի շարք բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք կարող եմ ասել, որ դրական հիմք են ստեղծել հետագա գործընթացների համար: 2023թ. հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային փոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները: Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը գործուղվել է Թուրքիայի Ադիյաման քաղաք և մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Փետրվարի 11-ին, 14-ին Մարգարայի կամրջով համապատասխանաբար 100 և 12 տոննա մարդասիրական բեռով 7 հայկական բեռնատար հատել է հայ-թուրքական սահմանը և ուղևորվել աղետի գոտի: Փետրվարի 15-ին ինքս այցելել եմ Թուրքիա և կրկին իմ հետ նաև տարել եմ հումանիտար օգնություն:

Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի պատմական կամուրջը: Ասեցի արդեն, այնտեղից՝ Անկարայից, անցելել եմ աղետի գոտի՝ Ադիյաման: Ցանկանում եմ նորից նշել,որ փետրվարի 16-ին հայ փրկարարները ցամաքային ճանապարհով Ադիյամանից վերադարձել են Երևան՝ հատելով Ալիջան-Մարգարա սահմանային անցակետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին Անկարայում մասնակցել է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը: Ընդհանրապես, հաշվետու տարվա ընթացքում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Էրդողանի երեք հեռախոսազրույց: Երեք դեպքերում էլ ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու և երկկողմ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը:

Թեհրանում հոկտեմբերի 23-ին «3+3»  ձևաչափով նախարարական հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել իմ և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հանդիպումը: Մենք վերահաստատել ենք, և՛ ես, և՛ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որ նախկինում մեր ձեռքբերված պայմանավորվածությունները հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ ուժի մեջ են, և աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է շարունակվեն:

Հայաստան-Իրան հարաբերություններ. երկու անգամ տարվա ընթացքում վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Երկու անգամ ինքս այցելել եմ Թեհրան՝ մեկը երկկողմ այցով, մյուսը, արդեն նշեցի, «3+3»-ի շրջանակներում: Դեկտեմբերի 27-ին Հայաստան է այցելել Իրանի արտաքին գործերի նախարարը, մենք նաև հանդիպել ենք միջազգային հարթակներում՝ Ժնևում, Նյու Յորքում, և ունեցել ենք հեռախոսազրույցներ տարվա ընթացքում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի նախագահի տեղակալի համանախագահությամբ Թեհրանում կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը: Այլ պաշտոնյաների փոխայցեր են տեղի ունեցել: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է և հեռախոսազրույցներ է ունեցել: Կուզենայի առանձնացնել նաև հետևյալը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի տնօրենի և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարարի, գազի ազգային ընկերության տնօրենի կողմից ստորագրվել են «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի պայմանագիր, համաձայն որի ծրագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը: Նաև Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի և ճանապարհների և քաղաքաշինության նախարարի կողմից ստորագրվել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության մրցույթում իրանական ձեռնարկությունը հաղթող ճանաչելու մասին փաստաթուղթը: Մեր մյուս գերատեսչությունների ղեկավարները՝ առողջապահության նախարարը, շրջակա միջավայրի նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, այցելել են Իրան, և իրանական գործընկերներն են այցելել Հայաստանի Հանրապետություն: 

Հայաստան-Վրաստան հարաբերություններ. Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վեց հանդիպում, որից չորսը միջազգային հարթակներում: Երևանում կայացել է երկու վարչապետների մասնակցությամբ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդության մասին: Ինչպես կարող եք դատել վերնագրից, այն հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին սահմանը հատել  նույնականացման քարտերով: Տեղի է ունեցել հայ-վրացական գործարար համաժողով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատանքային այց Բաթում: Դա հուլիսին, իսկ հոկտեմբերի 26-ին վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, որի ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»  նախագիծը: Եվ կիկին, մեր մի շարք նախարարներ այցելել են, հնարավորություն են ունեցել երկկողմ այցերով լինել Վրաստանում:

Հայաստան-ՌԴ հարաբերություններ. Շարունակվել է բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: Վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև տեղի է ունեցել երկու հանդիպում, 9 հեռախոսազրույց: Տեղի է ունեցել միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը: Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին: Շփումներ են եղել նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով: 6 հանդիպում ենք ունեցել, և երկու հեռախոսազրույց իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ: Տեղի են ունեցել թեմատիկ մի քանի խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ. Ռազմավարական երկխոսությունը երկու երկրների միջև  շարունակվել է, և գործընկերության ամրապնդումը, խորացումը, ընդլայնումը մի քանի ուղղություններով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի բարեփոխումների և այլ ուղղություններ: Կայացել է վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի 8 հեռախոսազրույց: Վարչապետը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո  Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին առցանց ձևաչափով: Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում  տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի, իսկ այնուհետև արդարադատության և իրավապահ մարմինների և ժողովրդավարության հարցերով խմբերի նիստերը: 

Հատկանշական է, որ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակմանը և դրան հաջորդած էթնիկ զտմանը, բռնի տեղահանությանը հաջորդող օրերին Հայաստան է ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների բավարարման ուղղությամբ: Տեղի են ունեցել շփումներ նաև իմ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ երեք հանդիպում պետքարտուղար Բլինքենի հետ, մի շարք հեռախոսազանգեր այլ պաշտոնյաների հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերություններ. Մեր քաղաքական երկխոսությունն անցած տարի զգալիորեն խորացել է` էապես բարձրացնելով այդ երկխոսության մակարդակը, ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում նաև՝ անվտանգության ոլորտում: 2023թ. հունվարի 23-ին, կհիշեք, Եվրոպական միությունը որոշում ընդունեց Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ, և առաքելության գործունեության մեկնարկը տրվեց արդեն փետրվարի 20-ին: Առաքելությունը նպատակ ունի մշտադիտարկում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` սահմանամերձ գոտում հայկական կողմից և մեծ հաշվով նպատակ ունի նպաստել սահմանամերձ գոտիներում կայունությանը, կառուցել վստահության և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Դեկտեմբերի 12-ին 2023թ. Եվրոպական միության արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել քաղաքացիական առաքելության թվաքանակի ավելացմանը` 138-ից հասցնելով 209-ի:

Հայաստանի և Եվրոպական միության միջև մեկնարկել է քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը. հունվարին մենք ունեցել ենք այս ձևաչափի անդրանիկ նիստը Երևանում, իսկ արդեն նոյեմբերի 15-ին Բրյուսելում՝ երկրորդ նիստը: Նիստերի արդյունքում ընդունվել են համատեղ հայտարարություններ, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Շարունակվել են շփումները վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև, կայացել են հեռախոսազրույցներ: Հեռախոսազանգեր են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, իսկ արդեն Գրանադայում տեղի է ունեցել հանդիպում վարչապետի և տիկին ֆոն դեր Լեյենի միջև: Եվ հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում անդրադարձ է կա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական կապերի ակտիվացմանը:

Առանցքային էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եվրոպական խորհրդարան, որի շրջանակներում վարչապետը հանդես եկավ ելույթով լիագումար նիստի ընթացքում:

Ակտիվ շփումներ ենք շարունակել նաև արտաքին գործերի նախարարության մակարդակով: Ինքս հունվարի 24-ին, նոյեմբերին, դեկտեմբերին աշխատանքային այցերով եղել եմ Բրյուսելում, հանդես եմ եկել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տեղի է ունեցել քննարկում, ապա նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գլխավոր վեհաժողովի տարեկան հանդիպմանը: Եվ նաև մասնակցել եմ Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԱլԳ արտաքին գործերի նախարարների նիստին: 

5 հանդիպում, 1 հեռախոսազրույց ենք ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բոռելի հետ: Բրյուսել այցերի ընթացքում, իհարկե, չենք սահմանափակվել այս շփումներով և նաև հանդիպումներ ու մի շարք քննարկումներ ենք ունեցել ԵՄ անդամ այլ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: 

Ուզում եմ նշել անպայման նոյեմբերի 27-29-ը արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության այցը Հայաստան: 

Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններ. Այս հարաբերությունները 2023թ. ընթացքում ողջ խորությամբ բացահայտել են իրենց, ինչպես մենք ենք ասում, առանձնաշնորհյալ բնույթը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից Հայաստան փոխայցերի աննախադեպ մեծ քանակ ենք նկատել անցած տարի: Կայացել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի այցը Հայաստան, առաջին անգամ ի դեպ, արտաքին գործերի նախարարի երկու այց անցյալ տարվա ընթացքում, նաև մեր մյուս նախարարների և ռեգիոնալ ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների այցեր: Մեր մյուս գործընկերներն են այցելել Ֆրանսիա, մասնավորապես պաշտպանության նախարարը: Անշուշտ, հիշատակման արժանի է նաև այն, որ Ֆրանսիան հաշվետու տարվա օգոստոսին որոշում  է կայացրել հյուպատոսական գրասենյակ բացել Գորիսում: Օգոստոսի 1-ին Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը բացվեց Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի Փարիզ կատարած այցի ընթացքում պաշտպանական զինտեխնիկայի մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրվեց: Շարունակում ենք քննարկումները մեր երկկողմ տնտեսական  համագործակցության ուղղությամբ և  սրա վերաբերյալ ունենք ճանապարհային քարտեզ: 

Աննախադեպ էր տարին Հայաստան-Գերմանիա հարաբերություններում բարձրաստիճան երկխոսության ինտեսիվության առումով: Նաև սա իհարկե չսահմանափակվեց երկկողմ համատեքստում: Ուզում եմ հիշատակել Գերմանիայի կանցլեր   Օլաֆ Շոլցի մասնակցությունը հունիսի 1-ին Քիշնևում և հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած հանդիպումներին: 2023 թվականի ընթացքում  աշխատանքային այցով Գերմանիա այցելեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային Ժողովի նախագահը, արտաքին գործերի նախարարը:

Աննախադեպ էին նաև, իհարկե, Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունները: Տարին աննախադեպ էր նաև այս երկկողմ հարաբերությունների խորացման առումով: Ես այցելել եմ Միացյալ Թագավորություն, և այդ այցի ընթացքում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության մեկնարկ ենք տվել: Եվ, իհարկե, սրանով չի սահմանափակվել, նաև փոխադարձ այցեր են եղել Միացյալ Թագավորությունից, մեր մյուս գործընկերները՝ Էկոնոմիկայի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս այցելել են Միացյալ Թագավորություն և իրենց հանդիպումներն են ունեցել գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 2)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 3)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 4)

 

Տպել էջը