ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 4)
23 հունվարի, 2024Հարց (Sputnik Արմենիա). Պարո՛ն Միրզոյան, թեթև անդրադարձաք հայ-թուրքական հարաբերություններին: Ուզում եմ ավելի կոնկրետ հարց տալ։ Մարգարայի հետ կապված պայմանավորվածություն կար, որ պետք է 3-րդ երկրների անձինք կարողանան անցնել սահմանը և դիվանագիտական անձնագրերով անձինք։ Խոսվում էր, որ դեռ անցած տարվա ամռանը նախատեսվում էր, որ այդ գործընթացը կսկսվի։ Նաև Անիի կամրջի մասով ԿԳՄՍՆ-ից երկու անգամ հարցում ենք արել, ասում են, որ չեն համագործակցում թուրքական կողմի հետ, և որևէ առաջընթաց չկա այս, համենայն դեպս, վերականգնման ուղղությամբ։ Արդյո՞ք այդ գործընթացն ինչ-որ պրակտիկ դաշտում կանգնած է, քայլեր իրականացվու՞մ են ընդհանրապես, այդ երկու պրոյեկտներն իրականանալու՞ են, թե ոչ, համենայն դեպս, արդյո՞ք կապված է դա ադրբեջանական դիրքորոշման հետ։ Շնորհակալություն։
Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ։ Հայաստան–Թուրքիա կարգավորման համատեքստում անցյալ տարի տեղի ունեցած գործընթացների մասին ես արդեն ներածական խոսքում ասեցի։ Այն ձևակերպումը, որը Դուք արեցիք, կարծեմ ես չօգտագործեցի, բայց դուք իրավացի եք, այսինքն՝ քննարկման առարկա եղել է և համաձայնություն ձեռք բերվել է այն մասին, որ սահմանը բացվի, ցամաքային սահմանը բացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր։ Նաև այս պայմանավորվածությունն ենք մենք վերահաստատել նախարար Ֆիդանի հետ հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Ինչպես կարող եք տեսնել, մինչ օրս շոշափելի առարկայական քայլեր այս ուղղությամբ կամ չեն արվել, կամ վերջնական արդյունք չկա, այսինքն՝ այդ սահմանը նշվածս խումբ մարդկանց համար բաց չի, չի գործում։ Ենթակառուցվածքների ուսումնասիրություն է եղել երկու կողմից, անցակետերի և այլն, ճանապարհի, կամրջի, բայց սահմանը շարունակվում է մնալ փակ, այնպես, ինչպես կար։ Անիի կամրջի մասով. մենք որոշակի շարժ և առաջընթաց ունենք: Թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, մենք կարձագանքենք և ըստ այդմ առաջ կգնանք։
Ի պատասխան լրագրողի ճշտող հարցի. Մարգարայի մասով մենք վերահաստատել ենք, որ պայմանավորվածություններն ուժի մեջ են։ Հայաստանյան կողմը պատրաստ է այդ սահմանի շուտափույթ բացմանը, պատրաստ է քաղաքական առումով, պատրաստ է ենթակառուցվածքների առումով, ճանապարհ, անցակետ և այլն։ Եվ, այո, միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որպեսզի սահմանը բացվի և աշխատի, դա թուրքական կողմի որոշումն է ձեռնամուխ լինել բացմանը։
Հարց (CIVILNET). Պարո՛ն Միրզոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «պատճառը տարածաշրջանի և աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ են կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան», սա իր ցիտատն է։ Ասացե՛ք, խնդրեմ, տարածաշրջանի և աշխարհի հատկապես ո՞ր փոփոխություններն են ստիպում մտածել Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալու մասին և Սահմանադրության փոփոխությունը ի՞նչ է տալու Հայաստանին արտաքին վտանգներից խուսափելու համար։ Ավելի պարզեցնեմ հարցս․ Սահմանադրությունը խանգարու՞մ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ի նկատի ունեմ՝ Սահմանադրության մեջ եղած հղումն այն որոշմանը, որ Արցախը և Հայաստանը միավորվում են: Շնորհակալություն։
Հարց (Ազատություն ռադիոկայան). Պարո՛ն Միրզոյան, եթե կարելի է լրացնեմ գործընկերոջս հարցը։ Այն պահից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության կամ, գոնե, դրա վերաբերյալ քննարկում սկսելու մասին, ընդդիմադիր պատգամավորները, որոնք ծանոթ են խաղաղության գործընթացին, փաստաթղթերի փոխանակմանը, միանգամից հայտարարեցին, որ դա հաստատ կապ ունի նրա հետ, որ Բաքուն պահանջում է մեր Սահմանդրությունից հեռացնել անկախության հռչակագրին հղումը հայտնի պատճառներով, որովհետև այնտեղ էլ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Եթե դա այդպես է և, իսկապես, բանակցությունների ժամանակ Բաքուն խնդիր է տեսնում անկախության հռչակագրի վերաբերյալ հղման հետ կապված, արդյո՞ք Հայաստանն էլ խնդիր չի տեսնում Ադրբեջանի Սահմանադրության հետ, որտեղ էլ հղում կա իրենց անկախության ակտին, որն էլ հայտարարում է, որ Ադրբեջանն առաջին հանրապետության ժառանգն է, այլ սահմաններով պետության մասին է խոսքը: Շնորհակալություն։
Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Ես մտածում եմ՝ կամ ես բավարար չափով ուղիղ չձևակերպեցի, երևի, կամ, գուցե, Դուք այդ դրվագում ուշադիր չեղաք, որովհետև ես ինքս խոսեցի այդ մասին, ես ասացի, որ երկուստեք, երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել են այս առումով և այդ խնդիրները ներկայացվել է մյուս կողմին, և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ։ Այնպես որ, այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, ինչպես Դուք ասացիք, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից: Բայց ուրիշ բան եմ ուզում ասել․ ես վստահ չեմ, որ Դուք ճշգրիտ մեջբերում արեցիք վարչապետի խոսքից, որ այդ իրողություններն են պատճառը, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։ Ըստ էության, մենք սահմանադրական փոփոխություններից խոսել ենք և հանձնաժողովը ձևավորվել է 2018թ. հեղափոխությունից կարճ ժամանակ անց, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Սա իմ ընկալմամբ, իհարկե, սահմանադրագետները, վստահաբար, ավելի լավ կձևակերպեն կամ սահմանումներ կտան, բայց իմ ընկալմամբ սա մի փաստաթուղթ է, որը, բացի կոնկրետ իրավահարաբերություններ ամրագրելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական, գուցե կարելի է ասել, հենքն է, և իզուր չէ, որ ասում եմ մայր օրենքն է, որով կառուցվում են այդ հասարակության ներսում, տվյալ դեպքում պետության ներսում՝ Հայաստանի Հանրապետության ներսում, իրավահարաբերությունները՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն և այլն։ Սա առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող կարգավորումներ են և ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Անշուշտ, չեմ ուզում ամբողջովին մերժել, որ, ներքին նշանակություն ունենալով հանդերձ, այն՝ այսինքն ցանկացած Սահմանադրություն, թերևս, ավելի լայն ազդեցություն ունի և ավելի լայն կապեր ունի, այսինքն՝ անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ։ Այո, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ, ըստ էության, բացառություն չէ, բայց նորից եմ ուզում ասել, որ ձևակերպումը, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառը, թերևս, մեծ չափազանցություն կլինի: Այսինքն՝ համաձայն չեմ առնվազն Ձեր պնդման հետ: Եվ ինչպես Դուք եք հարցնում, արդյո՞ք Սահմանադրությունն է պատճառը խաղաղության գործընթացի արգելակման, ապա, եթե շատ կարճ այսքան ասելուց հետո, ամենևին ոչ։
Հարց (Հրապարակ). Պարո՛ն Միրզոյան, 2020 թվականից հետո հայտարարեցիք, որ Հայաստանը պետք է նոր դաշնակիցներ փնտրի։ Իրավիճակը սակայն 2020 թվականից հետո փոխվել է։ Նոր դաշնակիցներ փնտրելու գործընթացն ո՞ւր հասավ։ Արդյո՞ք կա այդպիսի ցանկ պետությունների, որոնք կարող են լինել մեր հավանական դաշնակիցները, և փոխվել է արդյո՞ք նախկին դաշնակիցների սպեկտրը։ Շնորհակալություն։
Պատասխան (Արարատ Միրզոյան). Ես կարծում եմ, որ որևէ ողջախոհ ռացիոնալ հանրույթ, և, կարծում եմ՝ այս պնդումը ճիշտ է նույնիսկ անհատի մակարդակով, մշտապես պետք է ջանքեր գործադրի նոր և նոր դաշնակիցներ ու աջակիցներ փնտրելու ուղղությամբ: Առավել ևս մեզ համար ակնհայտ էր, հրամայական էր այնպիսի աղետից հետո, ինչպիսինն էր 2020թ. պատերազմը, և դրան հաջորդած այդ նույն ուղղությամբ գործընթացները ևս նկատի ունեմ: Մենք տեսանք, բախվեցինք մի իրավիճակի, երբ մեր դաշնակցային գործող ամրագրված մեխանիզմները, համենայն դեպս, մեր ակնկալիքները որևէ կերպ չարդարացվեցին: Հաճախ մեր կողմից հնչեցին գնահատականներ, որ մենք ականատես եղանք այդ մեխանիզմների չգործելուն և, հետևաբար այս պայմաններում, թեևս ես իմ խոսքի սկզբում ասեցի, որ առհասարակ սա ողջամիտ գործընթաց է, բայց առավել ևս այս պայմաններում բնական է, որ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ՝ առաջին հերթին իր անվտանգային մտահոգությունները փարատելու կամ անվտանգային կարիքները լուծելու ուղղությամբ: Եթե Դուք նկատի ունեք ֆորմալ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծման վերաբերյալ նոր փաստաթղթեր, ապա ինքներդ էլ գիտեք Ձեր հարցի պատասխանը. ոչ, այդպիսի ոչ մի փաստաթուղթ չի կնքվել: Այսինքն, նրանք չէին կարող գաղտնի լինել, բայց եթե մենք հարցին նայենք ոչ շատ ֆորմալ մոտեցմամբ, այլ ըստ էության և բովանդակային, մենք գիտենք, որ գործարկվել են մեխանիզմներ, որոնք, այո, ավելացրել են անվտանգության և կայունության աստիճանը, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Եվ մենք այդպես ենք գնահատում, օրինակ՝ Եվրոպական միության առաքելությունը: Մենք այդպիսին ենք գնահատում մեր տարածաշրջանի և մեր սերտ գործընկերների հայտարարությունները: Մենք բազմաթիվ հայտարարություններ ենք տեսել, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից այն մասին, որ տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխելիությունը հիմնարար սկզբունք են իրենց համար: Մենք այդպիսի պնդումներ, հայտարարություններ ենք լսել բազմաթիվ այլ մայրաքաղաքներից, գործադիր մարմիններից, երկրների ղեկավարներից, կազմակերպություններից: Հաշվի առնելով, որ սա մեր թիվ մեկ ակնկալիքն է այսօր մեր անվտանգության ապահովման ուղղությամբ` այն է, կրկին ու կրկին, ունենալ հավաստիացումներ, որ մեր տարածքային ամբողջականությունը չի խախտվի և մեր սահմանները չեն խախտվի, և սահմանների ստեղծագործ մոտեցման գծելը չի սպասվում մեր տարածաշրջանին, մեզ համար չափազանց կարևոր են հնչում այդ նշածս հայտարարությունները:
Ես ցավում եմ, բայց Դուք, երևի, լավ չեք հիշում կամ, հաշվի առնելով, գուցե, որ որոշակի մոտեցումներ եք ներկայացնում նաև, պետք է ասեմ, որ փորձը ցույց տվեց, որ ոչ միայն հայտարարությունները, այլ նաև գրված, ստորագրված դաշնակցային պարտավորությունները չեն գործում, և այս ֆոնին, գուցե, երբեմն հայտարարություններն ավելի գործուն են լինում։
Հարց (ժողովուրդ օրաթերթ). Պարո՛ն Միրզոյան, հարցս հետևյալն է․ ինչու՞ աշխատանքից ազատվեց Ձեր տեղակալ Վահե Գևորգյանը, քանի որ Վահե Գևորգյանը, գրեթե, 25 տարի աշխատանքի փորձ ունի ԱԳՆ ոլորտում և մեծ ներդրումներ այս ոլորտում։
Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ, շնորհակալ եմ։ Վահե Գևորգյանն ազատվել է իր այդ պահին զբաղեցրած պաշտոնից և հաջորդ իսկ օրը նշանակվել է Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Գործընթացից քիչ թե շատ տեղեկություն ունեցող և գործընթացին մասին քիչ թե շատ պատկերացում ունեցող որևէ փորձագետ, կարծում եմ, պետք է իմանար, որ սա մի պրոցես է, որն ամենևին ոչ մեկ օրում, ոչ մի շաբաթում տեղի ունեցող գործընթաց չի։ Ենթադրվում է, որ մենք այս մասին չինական կողմին համապատասխան հայտագրով դիմել ենք ամիսներ առաջ, ստացել ենք չինական կողմի համաձայնությունը, մեր ներքին ընթացակարգերը և այլն։ Մենք կարծում ենք, որ պարոն Գևորգյանն ինչպես մինչ այժմ կարևոր և էական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության մեջ, այնպես էլ կշարունակի այդ ներդրումն ունենալ այնպիսի կարևորագուն մայրաքաղաքում, ինչպիսին Պեկինն է։ Ձեր հարցից կարելի է ենթադրել, որ Վահե Գևորգյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության համակարգից. ամենևին այդպես չէ։ Մի շատ կարևոր, պատասխանատու պաշտոնից, ըստ էության, տեղափոխվել է այլ՝ շատ կարևոր և պատասխանատու պաշտոնի։
Հարց (Փաստինֆո)․ Պարո՛ն Միրզոյան, 2023թ. հունիսի 13-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաձայնությունները երեք հիմնական հարցերի շուրջ են․ սահմանազատում, երաշխավորների ինստիտուտ և նաև Բաքու- Ստեփանակերտ երկխոսություն։ Վերջին հարցը օրակարգից դուրս եկավ, երբ Ադրբեջանն ուժով լուծեց այդ հարցը։ Երաշխավորների հարցը, կարծես թե, նույնպես այս պահին օրակարգում տեսանելի չէ, կարծես դուրս է։ Սահմանազատման հարցում Ադրբեջանը հիմա հայտարարում է, որ հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանի սուվերեն տարածքից, ապաշրջափակում պատրաստ չէ անել, քանի դեռ «Զանգեզուրի միջանցք» չկա։ Ես ուզում եմ հարցնել այս ամենի համատեքստում՝ ի՞նչ է մեզ տալու խաղաղության պայմանագիրն ի վերջո, եթե Հայաստանի սահմաններում շարունակում են մնալ ադրբեջանական զորքերը, եթե Հայաստանի սահմանները շարունակում են փակ մնալ։ Եվ ինչու՞ է այն կոչվում խաղաղության պայմանագիր, եթե որոշակի առումով այն նաև մեզ համար սպառնալիքների աղբյուր կարող է հանդիսանալ նաև ապագայում, որովհետև, հիշեցնեմ, Ադրբեջանը պահանջում է պայմանագիրը կնքել մինչև սահմանազատումը։
Պատասխան (Արարատ Միրզոյան). Դուք ասում եք Ադրբեջանը չի պատրաստվում ապաշրջափակել Հայաստանը, Ադրբեջանը սահմանազատումը պատրաստվում է իրականացնել, եթե սխալ լինի ուղղեք խնդրում եմ, իր պատկերացումներով, Հայաստանի տարածքից դուրս չի գալու և այլն, և այլևս ինչ է մեզ տալու խաղաղության պայմանագիրը։ Այստեղ տրամաբանական խնդիր կա, հակասություն կա․ մենք միշտ այդ հարցը բազմիցս, և այսօր էլ կրկին ասում ենք, որ մեզ համար շատ առանցքային են խաղաղության գործընթացում մի քանի հարցեր, օրինակ՝ սահմանազատումը տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, և այն իրավական ակտերի, դրանցից բխող քարտեզների վրա, որոնք ընդունվել են ԽՍՀՄ իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում։ Այսինքն՝ ամուր իրավական հիմք ունեցող քարտեզների վրա։ Մենք ասում ենք, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության ներքո և համաձայն փոխադարձության սկզբունքի։ Հիմա, եթե այս ամեն ինչի արդյունքում գալիս հասնում ենք խաղաղության պայմանագրի կնքման, ստացվում է, որ մեր մտահոգությունները փարատված են: Այս պահին մենք չունենք խաղաղության պայմանագիր, այս պահին մենք ունենք բանակցային գործընթաց, որտեղ, այո, ցավոք, վերջին պնդումը, որ լսել ենք Ադրբեջանից, կարող ենք համարել հարված խաղաղության գործընթացին, այո, կարող ենք համարել հետընթաց նույնիսկ եղած պայմանավորվածություններից: Բայց եթե բանակցությունները շարունակվեն և մենք հասնենք խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա չի լինի այն իրականությունը, որ Դուք նկարագրեցիք։ Հաջողվե՞ց ինձ տրամաբանական հակասությունը ցույց տալ։ Այլ կերպ. եթե լինի խաղաղության պայմանագիր, ապա կլինեն փոխադարձ ընդունելի լուծումներ, հակառակ դեպքում չի լինի խաղաղության պայմանագիր։ Մեզ համար առանցքային է Ալմա-Աթայի նախանշած սահմանների, կամ արտացոլած սահմանների վերարտադրությունը, այս սկզբունքներով սահմանազատումը։ Եթե կա պայմանագիր՝ դա պայմանների ինչ-որ փոխադարձ ընդունելի համադրություն է։
Հարց (24news). Օրերս Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ խաղաղության պայմանագրի հետ կապված Ադրբեջանը փորձում է այնպիսի փաստաթուղթ ձեռքբերել, որը կլեգիտիմացնի իր հետագա ռազմական գործողությունները, և նա առաջարկով էր հանդես եկել, որ սպառազինության հետ կապված վերահսկողություն իրականացվի երկուստեք՝ Հայաստանը՝ Ադրբեջանին, Ադրբեջանը՝ Հայաստանին։ Այս առումով ի՞նչ մեխանիզմներ են մշակվել։ Արդյո՞ք այս առաջարկը ուղարկվել է Ադրբեջան։ Կասկածներ կան նաև, որ Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության պայմանագրում Հայաստանի զինված ուժերի թվաքանակի հետ կապված թիվ սահմանափակվի։ Արդյո՞ք նման պահանջ Ադրբեջանի կողմից նշվում է, թե ոչ։
Պատասխան (Արարատ Միրզոյան). Սպառազինությունների կամ պայմանագրում Հայաստանի սպառազինությունները սահմանափակող դրույթի առկայության հարցի մասով. այդպիսի բան չկա պայմանագրում, այդպիսի բան չի քննարկվում, այդպիսի բան չի քննարկվել։ Ես ուղղակի օրեցօր նորանոր դավադրաբանական բաներ եմ լսում խաղաղության պայմանագրի տեքստի մասին։ Կարծում եմ, Ազգային Ժողովի Ձեր գործընկերներից ոմանք հնարավորություն ունեցել են ծանոթանալու քննարկվող տեքստին, նախագծին, և առնվազն Դուք, կարող էիք ցանկության դեպքում իրենցից էլ հավաստիանալ։ Ինչևէ, մտահոգությունը հնչեց, ես հերքեցի այդպիսի դրույթի առկայությունը։
Որպես վստահության ամրապնդման հավելյալ միջոց, որպես տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման գործուն, ռեալ, շոշափելի քայլ, մենք առաջարկել ենք, օրինակ՝ սահմանին սպառազինությունների վերահսկման որևէ մեխանիզմ։ Այդպիսի մեխանիզմները բազմաթիվ են, կան միջազգային նույնիսկ համապատասխան կառույցներ, կարող ենք մտածել նորերի մասին՝ միջազգային որևէ ներգրավմամբ, միմյանց հավաստիացնելու, որ այդ սպառազինությունները չափի մեջ են, չեն օգտագործվի միմյանց դեմ և այլն։ Այն ամենը, ինչ կարող ենք հասկանալ սպառազինությունների վերահսկում թեմայի տակ։ Սրա մասին մենք արձագանք դեռ չենք լսել ադրբեջանական կողմից, բայց սա մեր միակ նախաձեռնությունը չէ։ Հիշում եք՝ մենք հանդես ենք եկել, օրինակ՝ ԽՍՀՄ ԳՇ քարտեզով սահմանված սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով: Կրկին, մենք կարծում ենք, որ եթե սահմանագիծը և դրա շուրջ որոշակի տարածք ապառազմականացվի, այսինքն՝ այդտեղ զինվորներ չլինեն, այլ լինեն սահմանապահներ, որոնց և՛ հանդերձանքն է ուրիշ, և՛ զենքերը, և՛ գործելու մեթոդներն են ուրիշ սահմանված փաստաթղթերով, ապա դրանից անվտանգության աստիճանը սահմանին միայն կավելանա և այլն։ Այսինքն, մենք մշտապես հանդես ենք գալիս նախաձեռնություններով, որոնք կօգնեն ավելացնել անվտանգության և կայունության մակարդակը սահմանագծին։ Հիմա սա դրանցից մեկն է։ Կոնկրետ այս մեկով մենք պատասխան դեռ չենք լսել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 1)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 2)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023թ. ամփոփիչ ասուլիսը (մաս 3)