ՀՀ ԱԳ նախարարի զեկույցը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում (մաս 1)
15 մարտի, 2024Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանդես է եկել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով:
Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն անդրադարձել է 2023թ. տարեսկզբից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո ԼՂ էթնիկ զտմանը, բնակչության բռնի տեղահանմանը, այդ ընթացքում ՀՀ դիվանագիտական ջանքերին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, և միջազգային արձագանքներին: Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, առկա խնդիրներին և դրանց շուրջ ՀՀ դիրքորոշումներին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ ներգրավվածության, մի շարք երկրների հետ երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նոր ձևաչափերով գործընկերության խորացմանն ուղղված ծավալուն աշխատանքը, արդյունքները:
Իր խոսքում նախարար Միրզոյանը հակիրճ անդրադարձ է կատարել նաև 2024թ. տարեսկզբից հիմնական զարգացումներին, ինչպես նաև պատասխանել վերոշարադրյալ թեմաների շուրջ պատգամավորների մի շարք հարցերի:
Նախարար Միրզոյանի ամբողջական զեկույցը ներկայացնում ենք ստորև:
«Իրականում 2023թ․ կատարված աշխատանքը և հաշվետվությունն այդ աշխատանքի վերաբերյալ բավականին ծավալուն է։ Ես կաշխատեմ ոսկե միջին սկզբունքով առաջնորդվել և տալ տեղեկատվություն՝ առանց շատ մանրամասներով ծանրաբեռնելու։
Բնականաբար 2023թ․ առաջին օրվանից մենք արդեն ունեինք շատ կոնկրետ իրավիճակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, շուրջ 20 օր այդ պահի դրությամբ։ Եվ հենց առաջին աշխատանքային օրվանից մեր ջանքերն ուղղվել են խնդրի մասին բարձրաձայնելու, միջազգային ներգրավվածություն ապահովելու, որի նպատակը, բնականաբար, պիտի լիներ ապօրինի արգելափակման վերացումը։ Այս ուղղությամբ, իհարկե, մեծ աշխատանք է կատարվել ինչպես երկրների հետ երկկողմ շփումներում հնարավոր ազդեցություն ունենալու ակնկալիքով, այնպես էլ միջազգային կառույցների, և առաջին հերթին, բնականաբար, ՄԱԿ-ի հետ՝ սկսած գլխավոր քարտուղարից և այնուհետև առանձին գերատեսչություններով և լիազորություններ ունեցող ինստիտուտներով, անձանցով, պաշտոնյաներով։ Կուզենայի հիշատակել հատուկ ընթացակարգերի, մանդատակիրների հրապարակած հաղորդագրությունները, նամակները, որով նրանք Ադրբեջանին կոչ էին անում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Կհիշեք՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ օգոստոսի 16-ին. հայկական կողմը ներկայացված էր ԱԳ նախարարի մակարդակով։
Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո մեր դիվանագիտական ջանքերը բնականաբար ուղղվեցին առաջին հերթին այդ հարձակման պահ առաջ, րոպե առաջ դադարեցմանը և այնուհետև արդեն քիչ անց կանդրադառնամ առաջացած խնդիրների՝ հատկապես հումանիտար խնդիրների հասցեագրմանը և, իհարկե, այս ուղղությամբ նույնպես միջազգային հնարավորինս լայն կոնսոլիդացիայի ապահովմանը։ Կհիշեք՝ հարձակման սկզբից 2 օր անց՝ սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ԱԽ հրատապ նիստ՝ այս անգամ Հայաստանի և Ֆրանսիայի պահանջով։ Հատկանշական էր, որ այս նիստին բացի մշտական և ոչ մշտական անդամներից, բացի Հայաստանի ԱԳ նախարարից և Ադրբեջանի ԱԳ նախարարից մասնակցեցին և ելույթ ունեցան նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը և Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
Արդեն էթնիկ զտում իրականացնելուց հետո իրավիճակին անդրադարձան ՄԱԿ մարդու իրավունքների մարմինները։ Մարդու իրավունքների խորհրդում՝ մասնավորապես 40 երկրի անունից, տարածվեց հայտարարություն։ Ինչպես նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական՝ Ալիս Նդերիտուն հրապարակեց երկու հայտարարություն՝ հիշատակելով տեղահանված 100,000-ից ավել փախստականներին։
Սա, եթե կարելի է այսպես պայմանական բաժանել ՄԱԿ քաղաքական հարթությունը և այնուհետև, իհարկե, տեղյակ եք՝ իրավական հարթության վրա ևս ջանքեր գործադրվեցին։ Ես նկատի ունեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը, որը, ըստ էության, եթե տարվա կտրվածքով նայենք 3 որոշում է ընդունել՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշում։ Առաջինը՝ հենց փետրվարի 22-ին՝ պահանջելով Ադրբեջանից ապահովել մարդկանց, բեռների անխափան շարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Այնուհետև հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց իր այս որոշումը, և մի որոշում էլ ընդունվեց նոյեմբերի 17-ին արդեն տեղահանությունից հետո։
Բնականաբար, գործընթացները չեն սահմանափակվել ՄԱԿ-ով. մյուս կառույցները և նաև պետությունները ևս ներգրավված են եղել և հանդես են եկել դիրքորոշումներով։
ԵԱՀԿ մշտական խորհրդի չորս հատուկ նիստ է տեղի ունեցել, որոնցից երկուսին ինքս մասնակցել եմ, ելույթ եմ ունեցել։ Եվրոպայի խորհրդի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարների կոմիտեում Իսլանդիայի նախագահությունը, երկու անգամ գլխավոր քարտուղարը, մարդու իրավունքների հանձնակատարը երկու անգամ հանդես են եկել հայտարարություններով։ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ կողմից ընդունվել են համապատասխան որոշումներ, այս որոշումները իհարկե հետո նաև Եվրոպայի խորհրդում և դրա շրջանակներից դուրս քննարկումների համար հղման բավական լուրջ հիմք են հանդիսացել։ Հունիսի 22-ին և հոկտեմբերի 12-ին երկու անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձևեր է ընդունել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ բնականաբար դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին 491 կողմ, 9 դեմ, 37 ձեռնպահ ձայներով ընդունել է բանաձև՝ կրկին նման բովանդակությամբ։ Տասնյակ երկրներ, հեղինակավոր կազմակերպություններ հասցեական հայտարարություններ են արել կրկին։
Ինչպես նշեցի, արդեն տեղահանությունից հետո մեր ջանքերն ուղղվեցին առավելապես բռնի տեղահանվածների, փախստականների կարիքները հոգալու համար միջազգային կոնսոլիդացիայի ավելացմանը։ Եղել են նամակներ, զանգեր, աշխատանք, որի արդյունքում, իհարկե, բոլոր վերաբերելի համապատասխան մարմինները՝ ՄԱԿ-ից, ՄԱԿ-ից դուրս, օրինակ՝ Կարմիր Խաչը և այլն, ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները մոբիլիզացրել են ջանքերը, և միջազգային հանրությունն, ըստ էության, էական մասնակցություն է ունեցել: Իմ տեղեկությամբ, առաջին օգնության տեսքով, բայց նաև գումարների տեսքով, ֆինանսական տեսքով այս պահի դրությամբ այն ժամանակ խոստացված գումարն ամբողջությամբ չի հավաքվել, բայց այս մասին և այս ուղղությամբ արված ջանքերը, բնականաբար ավելի մանրամասները փոխվարչապետի գրասենյակն է տիրապետում. այդ աշխատանքը կոորդինացվել է իրենց կողմից։
Բնականաբար, տարվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը, եթե չասեմ ամենաառանցքայինը։ Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ և նպատակն էլ շարունակել է մնալ նույնը։ Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք և այսուհետ առաջնորդվում ենք այդ խաղաղության մասին խոսելիս կամ այդ խաղաղության շուրջ բանակցելիս, դրանք ակնհայտ են, ես ամենահիմնականներին կանդրադառնամ, հիմնական հարցերին են առնչվում այդ սկզբունքները։ Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Շատ ենք խոսել այս մասին, բայց կարծում եմ արժի մի անգամ էլ հիշել։ Սա մի հռչակագիր է, որով 1991թ․, նորից ուզում եմ հիշեցնել, Խորհրդային միության 12 հանրապետություններ որոշում են և այդ հռչակագրով պարտավորվում են կամ հանրահռչակում են, որ ա) Սովետական միությունը դադարում է գոյություն ունենալ և, իհարկե, այլ բաների թվում մեր կոնտեքստում եմ ես թվարկում, բ) Խորհրդային սոցիալիստական նախկին հանրապետությունների միջև այդ պահի դրությամբ փաստորեն այդ ակտով, գոյություն ունեցող վարչական սահմաններն այդ պահից հռչակվում են և երկրները ճանաչում են որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ։ Եվ ահա վերադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ այս գործընթացում մեզ համար առանցքային է այս սկզբունքին հղում անելը, դա էական է և քաղաքական հիմք է և՛ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման համար, և՛ հետագա սահմանազատման գործընթացի համար։
Եվ, իհարկե, նաև քննարկվող տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում մեզ համար չափազանց էական է, որպեսզի այս ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների համաձայն. դրանք են՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը և, իհարկե ենթադրվում է և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա: Այս մասին շատ ենք խոսել, եթե կարիք կա, կարող եմ մանրամասնել։ Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև շահագռգրված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Մենք, բնականաբար, ակնհայտորեն, սա երևի բացատրելու կամ հիմնավորելու կարիք էլ չունի, ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման, իհարկե, այն ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որևէ կերպ չի կարող սահմանափակվել և մեր իրավազորության ներքո պետք է լինեն և իհարկե արդարորեն ակնկալելով, որ այդ ամեն ինչը և հեշտացումները, որ մենք պատրաստ ենք անելու, որպեսզի խրախուսենք այդ տարանցումը, պետք է փոխադարձվեն մյուս հարևան երկրների կողմից ևս։
Գիտեք, որ տարվա ընթացքում տեղի են ունեցել, խոսեցի սահմանազատումից և ենթակառուցվածքներից, այս ուղղությամբ մեր գործընկերների և հանձնաժողովների մի շարք հանդիպումներ, մասնավորապես երկու ուղղություններ նշեցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա նաև եղել են բանակցություններ երկրների ղեկավարների մակարդակով և ԱԳ նախարարների մակարդակով։ Վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 5 հանդիպում, մեկ եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, փետրվարի 18-ին Մյունխենում՝ մեկ եռակողմ հանդիպում, ՌԴ նախագահի մասնակցությամբ՝ մայիսի 25, Մոսկվա, երկու եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ՝ մայիսի 14 և հուլիսի 15, Բրյուսել, և մեկ հնգակողմ հանդիպում հունիսին Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ (հունիսի 1, Քիշնև):
Հավանաբար, կհիշեք պայմանավորվածությունը, սա եղել է հրապարակային պայմանավորվածություն՝ հանդիպել Բրյուսելում այնքան, որքան անհրաժեշտ է և կհասունանա քննարկումը երկրների ղեկավարների համար: Եվ միևնույն ժամանակ տարվա ընթացքում երկու անգամ տեղի է ունենում Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողով, նշեցի Քիշնևը։ Եվ ահա այդ պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ էլ պետք է առիթն օգտագործվեր և, Եվրոպական քաղաքական համայնքի հարթակը օգտագործելով, հանդիպում կազմակերպվեր հնգակողմ ձևաչափով։ Գիտեք, որ մյուս համաժողովը, գագաթաժողովը տեղի ունեցավ Գրանադայում, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել, չմասնակցեց ընդանրապես գագաթաժողովին և ըստ այդմ նաև՝ հնգակողմ հանդիպմանը, այնուամենայնիվ, քառակողմ հանդիպում տեղի ունեցավ։ Հայաստանի վարչապետից բացի հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Եվրոպական խորհրդի նախագահը և այդ հանդիպման արդյունքում եղավ քառակողմ հայտարարություն, որտեղ կրկին ֆիքսվեցին չորս մասնակիցների պատկերացումները խաղաղության կարգավորման վերաբերյալ, սկզբունքների վերաբերյալ: Ինչպես կարող եք դատել ինքներդ, համեմատելով, օրինակ՝ քիչ առաջ իմ հերթական անգամ բարձրաձայնած սկզբունքները և Գրանադայի հայտարարությունը, այս քառակողմ հայտարարության մասնակիցները մեծապես կիսում են մեր պատկերացումները, մենք էլ ստորագրող կողմն ենք, այսինքն՝ քառակողմից մեկը մենք ենք։
ԱԳ նախարարները երկու անգամ բանակցություններ են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ, մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ: Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։ Մենք դեռ շարունակում ենք բանակցել, խոսքը վերաբերում է հենց այն սկզբունքներին, այն կետերին, որոնք քիչ առաջ հիշատակեցի։
Բացի դրանից ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել, օրինակ՝ «3+3» ձևաչափի, կամ փաստացի «3+2» ձևաչափի նախարարական հանդիպման շրջանակներում՝ Թեհրանում։ Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից, սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաև մեր հանդիպումները ԱԳ նախարարների մակարդակով, թեև այդ ընթացքում մենք փոխանակվել ենք խմբագրական առաջարկներով։ Այնուամենայնիվ, թեև դա 2023թ․ չի վերաբերում, բայց գիտեք, որ 2024թ․ այս հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում երկրների ղեկավարների մակարդակով, ինչին հաջորդեցին Բեռլինում ԱԳ նախարարների բանակցություններ։
Սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին խոսեցի։ Ավելացնեմ միայն, որ շահագռգրված լինելով ապաշրջափակմամբ՝ իհարկե, մեր ընկալմամբ, մեր պատկերացրած սկզբունքներով՝ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «Խաղաղության խաչմերուկ» անվանում, և ուզում եմ նաև այս անվանման մասին խոսել։ Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի և՛ մասնակցող երկրներին, տարածաշրջանի երկրներին, բայց նաև տարածաշրջանից դուրս։ Կարող ենք նշել՝ պատկերացնելով ենթակառուցվածքները՝ Չինաստանից մինչև Եվրոպա։ Այսպիսով, ոչ միայն տնտեսապես ձեռնտու կլինի բոլոր մասնակիցներին, այլև եթե իրականացվի կդառնա խաղաղություն ապահովող, խաղաղությանը նպաստող էական գործոն։ Մենք այս տեսլականով կիսվել ենք և շարունակում ենք կիսվել զանազան միջազգային դերակատարների հետ: Մի մասը ողջունում են, ցավոք, Ադրբեջանից, որքան հիշում եմ, եղավ ձևակերպում, թե սա ուտոպիա է։ Իհարկե, որևէ կերպ հիմնավոր չենք կարող համարել այս ձևակերպումը։ Աշխատանքները շարունակվում են։ Ուզում եմ հիշեցնել, որ սա միայն մեր տարածաշրջանին չի հատուկ, կամ մեր փոքր տարածաշրջանին չի հատուկ. այսօր ողջ աշխարհն ակտիվորեն ներգրավված է և ջանքեր է գործադրում նոր լոգիստիկ ուղիների հաստատման, պայմանների դյուրացման ուղղությամբ և կարծում եմ, այսպես մի քիչ ավելի լայն գնահատական տալով՝ մենք պետք է ջանք չխնայենք՝ հերթական անգամ մեծ ծրագրերից դուրս չմնալու համար։
Հումանիտար հարցերով ունեցանք ի վերջո առաջընթաց: Հիշում եք, որ դեկտեմբերի 7-ին եղավ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարություն, և այդ հայտարարության համաձայն 32 հայ ռազմագերի ազատ արձակվեց, մեր կողմից ազատ արձակվեց 2 ռազմագերի։ Ինչպես նաև մենք աջակցեցինք, այսինքն՝ մենք հետ վերցրեցինք մեր թեկնածությունը «COP-29» կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացման համար և պաշտպանեցինք Ադրբեջանի թեկնածությունը: Ադրբեջանը իր հերթին պաշտպանեց Հայաստանի մասնակցությունը «COP-29» վերաբերելի մարմիններից մեկում։ Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, աշխատանքները շարունակվում են։
Մյուս կարևոր ուղղությունը, որն ուզում եմ նշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է: Ինչպես կարող եք դատել նայելով 2023թ.-ի իրադարձություններին՝ թեև մեծ, շոշափելի արդյունքներ, այսինքն՝ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնումենայնիվ, եղել են շատ ինտենսիվ իրադարձույթուններ:
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները: Այնուհետև՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանն արձագանքեց հումանիտար պատկերացումներից ելնելով, և հումանիտար դիրքորոշմամբ. մենք ուղարկեցինք փրկարարական ջոկատ, մենք ուղարկեցին հումանիտար օգնություն: Մեր ջոկատը գործուղվեց Թուրքիայի Ադիյաման քաղաք: Հումանիտար օգնությունը շատ խորհրդանշական էր. Մարգարայի կամրջով փետրվարի 11-ին և 14-ին այս մարդասիրական բեռով բեռնված 7 բեռնատար սահմանը հատեցին և հասցրին այն դրա կարիքն ունեցող բնակչությանը:
Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, այդ թվում նաև՝ Անկարա: Տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում: Գնացի նաև Ադիյաման, որտեղ հանդիպում ունեցա մեր որոնողափրկարարական թիմի հետ: Ուզում եմ նաև ասել մի շատ հետաքրքիր դիտարկում, որ ես ինքս էլ ունեցա և նաև տեղում շատ և՛ պաշտոնյաներ, և՛ մեր թիմի անդամներ կիսվեցին: Ըստ էության, առաջին պահին, առաջին օրերին, երբ մեր որոնողափրկարարական թիմը գնացել է Ադիյաման, այնտեղ բավական զգուշավոր են եղել բնակչության շրջանում, բայց հետո երախտիքը մեր ծառայողների նկատմամբ այնքան մեծ է եղել, և նրանց կատարած աշխատանքն այնքան շոշափելի, որ վերջին պահին արդեն քաղաքի բնակիչներն ուղղակի գալիս էին ավան, վրանային ճամբար և ուղղակի մեր դրոշի հետ և մեր թիմի հետ նկարվում էին՝ ցանկանալով որպես երախտիք ինչ-որ ժեստ արտահայտել:
Բացի դրանից մեր հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախ մասնակիորեն վերաբացել սահմանը: Սա մի պայմանավորվածություն էր, որ պարոն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի պայմանավորվածությունների արդյունքում էր ձեռք բերվել, ըստ էության, նախարարության մակարդակով էլ հաստատվեց մասնակիորեն բացել սահմանը. մասնակիորեն՝ նկատի ունեմ 3-րդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն: Նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասին: Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք՝ ոնց է այս աշխատանքը ամենաօպտիմալ կերպով հնարավոր կազմակերպել: Ցավոք, մյուս պայմանավորվածությունը մասնակի բացումը, մինչ այժմ իրականացված չէ, թեև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս պայմանավորվածությունը:
Հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկարայում մասնակցեց Թուրքիայի վերընտրված նախագահի պաշտոնամուտի արարողությանը: Ընդհանրապես, տարվա ընթացքում եղել է երեք հեռախոսազրույց, նաև հանդիպում: Ես եմ հանդիպել նախարար Ֆիդանին կրկին Թեհրանում «3+3» հանդիպման շրջանակներում, այդ ժամանակ վերահաստատեցինք մեր պայմանավորվածությունը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթաժողովին: Առաջ անցնելով, անցնելով 2023-ի սամանները՝ գիտեք, որ վերջերս կրկին մասնակցել եմ Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նաև հարցազրույցներ եմ տվել թուրքական լրատվամիջոցներին: Իմ հարցազրույցները շատ էին, բայց ես սրանք կարևորում եմ հատկապես այն առումով, որ մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ՝ մեր գործընկեր նախարարի կամ երկրի ղեկավարի, այլև թուրք հասարակության հետ: Ինչու՞, որովհետև կարելի է ենթադրել, բայց որքան նաև տեսնում ենք ինքներս, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը և կարևոր է մեր դիրքորոշումները, մեր ընկալումները, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել նաև թուրք գործընկերներին և նաև հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով:
Հայաստան-Իրան հարաբերություններ. Մեր այս հարևանի հետ ևս շատ ինտենսիվ են եղել 2023թ․ ընթացքում տեղի ունեցած շփումները։ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ։ Կայացել է ԱԳ նախարարի երկու այց Թեհրան։ Թեհրանում «3+3» հարթակին ենք մասնակցել, ինչպես նշեցի: Հեռախոսազրույցներ ենք ունեցել նախարարի հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանաի Իսլամական Հնարապետության նախագահի տեղակալի համանախագահությամբ կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանն է Իրան այցելել, հանդիպումներ ունեցել։ Էական և շոշափելի արդյունքների թվում ուզում եմ նշել օգոստոսի 10-ին Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրենի և իրանական կողմից նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրենի կողմից ստորագրված պայմանագիրը «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի վերաբերյալ։ Ըստ էության, այս ստորագրություններով ծրագիրը երկարաձգվել է մինչև 2030 թ․։ Հոկտեմբերի 23-ին Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալի Հայաստան այցի ընթացքում ստորագրվել է Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության մրցույթում իրանական ընկերությունը հաղթող ճանաչելու մասին փաստաթուղթը։
Մեր մյուս մի շարք նախարարներ կրկին այցելություն են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առողջապահության նախարարը, շրջակա միջավայրի նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Հայաստան են այցելել Իրանի գործընկերները։
Հարևանների հետ թեման շարունակելով` Հայաստան-Վրաստան հարաբերություններին անդրադառնամ: 2023թ. եղել է ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի վեց հանդիպում, որոնցից չորսը միջազգային հարթակներում: Երևանում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Կրկին շարունակելով շոշափելի արդյունքների ներկայացումը` այդ նիստի արդյունքներում ստորագրվել է «Երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որը 2023թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է արդեն: Այսինքն, սա այն մասին է, որ մեր քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտերով` առանց անձնագրերի: Թբիլիսիում եղել է հայ-վրացական գործարար համաժողով. մեր կողմից` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Սանոսյանն է մասնակցել: ՀՀ վարչապետի աշխատանքային այց Բաթում, իսկ արդեն հոկտեմբերի 26-27-ին վարչապետը Թբիլիսիում մասնակցել է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, որի ընթացքում, եթե հիշողությունս չի դավաճանում, առաջին անգամ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Պաշտպանության նախարարների այցելություններ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Անդրեասյանն է այցելել Վրաստան, գլխավոր դատախազը, ՊԵԿ նախագահը, պարո՛ն Խանդանյան, Դուք եք այցելել, քննչական կոմիտեի նախագահ պարոն Քյարամյանը, սահմանադրական դատարանի նախագահ պարոն Դիլանյանը, անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանը:
Անմիջական հարևանների թեման ավարտեցինք, ավելի մեծ տարածաշրջանին անդրադառնանք: Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններ․ տարվա ընթացքում շարունակվել է բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: Վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև տեղի է ունեցել երկու հանդիպում և 9 հեռախոսազրույց: Տարբեր համատեղ հարթակներ և ինստիտուտներ շարունակել են իրենց աշխատանքները՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստ, միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստ և այլն: Հայաստանի Հանրապետության նախագահ Խաչատուրյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումին: Երևանում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ՌԴ վարչապետ, կառավարության նախագահ Միշուստինի հանդիպում, արտաքին գործերի նախարարների շփումներ՝ 6 հանդիպում, երկու հեռախոսազրույց, խորհրդակցություններ են եղել ԱԳՆ-ների միջև:
Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ. Շարունակվել է ռազմավարական երկխոսության և գործընկերության ամրապնդումը: Կրկին, տեղի են ունեցել բազմաթիվ հեռախոսազրույցներ, հանդիպումներ, այդ թվում, օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն՝ 8 հեռախոսազրույց: Մարտի 29-ին վարչապետը մասնակցել, ելույթներով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթաժողովին, որն առցանց ձևաչափով է անցկացվել: Ապրիլի 7-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ֆորմատի շրջանակում տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի, այնուհետև՝ արդարադատության և իրավապահ մարմինների, ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստեր: Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակումից հետո Հայաստան է ժամանակել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ: 3 հանդիպում եմ ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ և 7 հեռախոսազանգ նրա տեղակալների հետ: 1 հեռախոսազանգ միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի զեկույցը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում (մաս 2)