ՀՀ ԱԳ նախարարի զեկույցը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում (մաս 2)
15 մարտի, 2024Հայաստան-ԵՄ հարաբերություններ. Ակնհայտ է, որ մեր քաղաքական երկխոսությունը զգալիորեն խորացել է` էապես բարձրացնելով այդ երկխոսության մակարդակը, ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: 2023թ. հունվարի 23-ին Եվրոպական միության խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Առաքելության մեկնարկը տրվել է 2023թ. փետրվարի 23-ին:
2023թ. դեկտեմբերի 12-ին, այսինքն՝ տարվա ավարտին, արդեն ԵՄ արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել քաղաքացիական առաքելության թվաքանակի ավելացմանը, և կարող ենք ասել, որ այս առաքելության տեղակայումից հետո նախ սա, ըստ էության, առաջին անգամ է որ Եվրոպական միությունը՝ որպես ամբողջություն, որպես ինստիտուտ մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերին: Նաև, կարծում եմ՝ կարևոր է նշել, որ այս առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունը էականորեն նվազել է, և փաստորեն ստացվում է, որ այս առաքելությունը էական գործոն է դարձել հենց սահմանի կայունության համար:
2023թ. Հայաստանի և Եվրոպական միության միջև մեկնարկել է (այս ֆորմանը չունեինք նախկինում) քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը: Առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում, իսկ երկրորդ նիստն արդեն նոյեմբերին Բրյուսելում: Ընդունվել են համատեղ հայտարարություններ, որտեղ կտեսնեք դիրքորոշումներ և անդրադարձ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերին:
Շարունակվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերութան համաձայնագրով (CEPA-ի մասին է խոսքը) նախատեսված կանոնադրական մարմինների աշխատանքը:
Շարունակվել են շփումները վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև, կայացել է երեք հեռախոսազրույց և հինգ հանդիպում: Հանդիպումներ են տեղի է ունեցել վարչապետի և եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Կարևոր է, որ Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, և ընդգծվել է նաև հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցել Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, օրինակ՝ Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի վերաբերյալ նախագծում:
Կարող եմ ասել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների համար առանցքային էր և ուղենշային էր 2023թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան, և նրա ելույթը Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: Նաև, իհարկե, իմ և իմ գործընկերների մակարդակով են ակտիվ շփումներ եղել. 5 հանդիպում և 1 հեռախոսազրույց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի և իմ միջև:
Ելույթով հանդես եմ եկել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գլխավոր վեհաժողովի տարեկան հանդիպմանը, նաև մասնակցել եմ Եվրոպական միության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը և նաև Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների նիստին:
Ակտիվ են եղել շփումները խորհրդարանական մակարդակում: Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստը, Քիշնևում՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջան է եղել, հունիսի 19-22-ին կայացել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակության այց Հայաստան:
Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններ․ Գիտեք, որ այս հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ ունենք, և այս առումով մեր շփումները իսկապես գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները: Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահն է այցելել Հայաստան. սա երբևէ մինչ այդ տեղի չէր ունեցել: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը երկու անգամ տարվա ընթացքում այցելել է Հայաստան: Տեղի է ունեցել մեր կողմից` ԿԳՄՍ, իրենց կողմից` մշակույթի նախարարների փոխայցեր, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան: Խորհրդանական և ռեգիոնների մակարդակով, մեր կողմից մարզային այցելությունները, տարվա ընթացքում կրկին շատ մեծ թիվ են կազմում: Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական խոցելիության համատեքստում Ֆրանսիան կարևոր որոշում է կայացրել. օգոստոսին հայտարարեցին, որ հյուպատոսական գրասենյակ են բացելու Գորիսում: Հայաստանում բացվեց Ֆրանսիայի պաշտպանական առաքելությունը, այսինքն` ռազմական կցորդի ինստիտուտի հաստատման մասին է խոսքը:
Տնտեսական ուղղություն. մենք ինտենսիվորեն շարունակում ենք հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները:
Մի շարք ընթացիկ ծրագրերի հետ մեկտեղ էներգետիկայի ոլորտում Ֆրանսիայի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերի 13-ին Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ առայժմ լողացող ֆոտովոլտային կայանը:
Հայաստան-Գերմանիա հարաբերություններ. 2023 թվականն իսկապես աննախադեպ էր Հայաստանի և Գերմանիայի միջև բարձր մակարդակի շփումների առումով: Պետք է արձանագրել, որ տարվա ընթացքում Գերմանիան միացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական ջանքեր գործադրող երկրների խմբին: Նախ, Օլաֆ Շոլցը հունիսի 1-ին Քիշնևում մասնակցեց արդեն նշածս հնգակողմ հանդիպմանը և ապա՝ հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, և քառակողմ հայտարարության ստորագրող կողմ է, ըստ էության, Գերմանիայի կանցլերը և Գերմանիան:
2023 թվականի ընթացքում աշխատանքային այցով Գերմանիա այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ես: Վարչապետը և նախագահը իրենց գործընկերների հետ ունեցել են նաև հեռախոսազրույցներ:
Տեղի է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի աշխատանքային այցը Հայաստան: Միջկառավարական բանակցություններ են անցկացվել ֆինանսական և տեխնիկական համագործակցության շուրջ:
Հայաստան-Միացյալ Թագավորություն. Մեծ Բրիտանիայի հետ ևս այս տարին հարաբերությունների առումով աննախադեպ էր: Հայաստան այցելեց Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի և Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպմամբ Լոնդոնում հիմնադրվեց Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսությունը, ընդունվել է համատեղ հայտարարություն հանդիպման արդյունքում: Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանն է այցելել Մեծ Բրիտանիա:
Հայաստան - եվրոպական այլ երկրներ․ Տեղի ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Էստոնիա։ Տարվա ընթացքում Էստոնիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն են հանդիպել և հեռախոսազանգեր ունեցել։
Նախագահը պաշտոնական այցով այցելել է Լիտվա, Իտալիա։
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Չեխիա։
Ես պաշտոնական այցով եղել եմ Մալթայում և Ռումինիայում։ Ավելորդ է նշել, որ բնականաբար նաև միջազգային հարթակներում շատ ակտիվ շփումներ և հանդիպումներ են եղել և՛ վարչապետի մակարդակով, և՛ իմ մակարդակով, մեր զանազան եվրոպական երկրների գործընկերների հետ, ես անդրադարձա մասնավորապես միայն երկկողմ այցերին։
Հայաստան են ժամանել, պաշտոնական և աշխատանքային այցերով հետևյալ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սլովենիայի ԱԺ նախագահ, Հունգարիայի փոխվարչապետ, Սուրբ Աթոռի պետքարտուղար, Լիտվայի վարչապետ, Խորվաթիայի, Լյուքսեմբուրգի, Հունգարիայի, Բելգիայի, արտաքին գործերի նախարարներ, Իտալիայի մշակույթի նախարար, Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, և այլ գործընկերներ: Բելգիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում պաշտոնապես ազդարարվել է Հայաստանում Բելգիայի Թագավորության ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ։
Տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության այց Լեհաստան։
Հայաստան-Հնդկաստան հարաբերություններ. Կրկին շատ ինտենսիվ և արդյունավետ հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ և 2023 թվականը ևս աչքի է ընկել ինտենսիվությամբ: «Ռաիսինա» երկխոսությանն ենք բավականին ներկայանալի և բազմաոլորտ պատվիրակությամբ մասնակցել: Ապրիլի 20-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները: Կառավարության տարբեր անդամներ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել են Հնդկաստան: Հայաստանի կողմից պաշտոնապես ստորագրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ նախաձեռնված «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:
Հայաստան-Չինաստան հարաբերություններ. Կրկին շարունակել ենք ինտենսիվ շփումները: Հատկապես պաշտպանության և էկոնոմիկայի գծով մեր գործընկերների միջև հայկական կողմից և բնականաբար նաև փոխադարձաբար չինական կողմից ևս ինտենսիվ շփումներ են եղել: Նաև արտաքին գործերի նախարարությունների մակարդակով կայացել են քաղաքական խորհրդակցություններ:
Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Կորեա հարաբերությունները կրկին պահպանել են իրենց դինամիկան: Քաղաքական խորհրդակցություններ ենք ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հետ և շարունակում ենք աշխատանքները 2025թ. Օսակա քաղաքում կայանալիք «World Expo» ցուցահանդեսին ՀՀ մասնակցության նախապատրաստման ուղղությամբ: Կորեայի Հանրապետության հետ կրկին շարունակելով շոշափելի արդյունքները՝ երկու երկրները հրապարակավ հայտարարել են համապատասխանաբար մյուս երկրում դեսպանություն բացելու մտադրության վերաբերյալ:
Մերձավոր Արևելք. Տարին հարուստ էր Հայաստան-Միջին Արևելք հարաբերությունների համատեքստում: Գիտեք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի հետ: Այս ուղղությամբ հայկական դիվանագիտությունն աշխատում էր շուրջ 30 տարի և, ինչպես արդեն կարող եք դատել, չկար վերջնական արդյունք: Ահա անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխադարձ ըմբռնման և համաձայնության և այսուհետև Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն դիվանագիտական հարաբերություններ, ընթացքի մեջ է դեսպանների նշանակման գործընթացը:
Արաբական Միացյալ Էմիրությունների հետ շատ ինտենսիվ շփումներ ենք ունեցել: Ինքս այցելել եմ ԱՄԷ: Ամենաբարձր մակարդակով, օրինակ՝ ԱՄԷ-ի նախագահի կողմից ընդունելության ենք արժանացել, և պետք է ասեմ, որ շատ կոնկրետ և հետաքրքիր տնտեսական համատեղ ծրագրեր ենք քննարկում էմիրաթական կողմի հետ:
Հայաստանում է գտնվել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Պետություն:
Մյունխենի անվտանգության խորհրդի համաժողովի շրջանակներում անցած տարի և այս տարի ևս վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետի հետ, Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ:
Սիրիա եմ այցելել ես՝ կրկին երկրաշարժի համատեքստում: Երկրաշարժը, որն ավերածություններ է առաջացրել Թուրքիայում, կհիշեք՝ նաև Սիրիայում է նույն աղետը տեղի ունեցել, էլի ավերածություններ, էլի հումանիտար ճգնաժամ, և նույն կերպ մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել նաև Սիրիա: Ինքս եմ մեկնել, այսինքն` օգնության մի մասը միաժամանակյա էր: Բացի Դամասկոսից այցելել եմ նաև Հալեպ:
Հետաքրքիր էր տարին նաև Միջին Արևելքին վերաբերող և ավանդաբար արաբական երկրներին ընդգրկող բազմակողմ հարթակներում մեր մասնակցության առումով: Օրինակ` ես հրավեր եմ ստացել և Կահիրեում մասնակցել եմ և ելույթ եմ ունեցել Արաբական պետությունների լիգայի նախարարական մակարդակով 159-րդ նիստին, և կրկին Հայաստանի Հանրապետությունն այս հնարավորությունը երբեք չէր ունեցել, և, կարծում եմ՝ շատ կարևոր է կանգնել Արաբական լիգայի պետությունների առջև և ներկայացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը` կիսվելով բոլորին հուզող հարցերի և, առաջին հերթին, մեզ վերաբերող հարցերի և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր տեսլականով: Նման մի այլ հնարավորություն էր նաև Բահրեյնում:
Այլ գործընկեր պետությունների հետ հարաբերություններ և համագործակցություն․ Պաշտոնական այցով Հայաստանում է եղել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։ Նախագահ Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվել է Արգենտինայում, Ուրուգվայում։
Շարունակելով բազմակողմ համագործակցության թեման՝ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում անցած տարի։ Մենք կազմակերպեցինք Դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունների նախարարական հանդիպման շրջանակներում միջոցառումը․ և այս շրջանակներում ես շփում եմ ունեցել Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարների հետ։ Բոտսվանայի հետ ստորագրել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման համագործակցություն։
Կայացել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետի այց Հայաստան։
Փոխվարչապետ Գրիգորյանի և Ղազախստանի փոխվարչապետի գլխավորությամբ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն է կայացել։
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի նախագահի, Բելառուսի նախագահի, Ղազախստանի նախագահի հետ։
Հաշվետու ժամանակաշրջանում, ԵԱՏՄ շրջանակներում կայացել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երկու, Եվրասիական միջկառավարական խորհրդի երեք հերթական և մեկ արտահերթ նիստ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական խորհրդի 12 նիստ։
Հունիսի 20-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որին ես մասնակցել եմ: Գիտեք, որ ՀԱՊԿ-ում մենք մեր մասնակցությունն այս պահին որոշակիորեն սառեցրել ենք, և պատճառն էլ հանրահայտ է: Մեզ համար մինչ այս պահը անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի մեր գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին: Գիտեք, որ սա պայմանագիր է և, ըստ այդմ, կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են միմյանց, ի թիվս այլ բաների, փոխօգնությամբ հանդես գալ և պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը: Ցավոք սրտի, այն պահին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի, և Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեն փաստերի այն ընկալումը և այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ես ներկայացրի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա: Սա, անշուշտ, հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, և քանի դեռ այս հարցերին պատախասններ չունենք, մեր մասնակցությունն այստեղ որոշակիորեն սառեցրել ենք:
ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը շարունակվել է. կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ է տեղի ունեցել, կնքվել են մի շարք համաձայնագրեր:
Միավորված ազգերի կազմակերպություն. Ես տարածաշրջանին վերաբերող հարցերին արդեն անդրադարձա, այդ թվում՝ և՛ Անվտանգության խորհրդի 2 նիստ, և՛ տարբեր մարմինների, պաշտոնյաների հայտարարություններ և այլն: Այս հատվածում անդրադառնամ կայուն զարգացմանը և մնացած ուղղություններին, քանի որ տարածաշրջանային հարցերին արդեն եղավ անդրադարձ: Մենք շարունակել ենք մասնավորապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայուն զարգացման օրակարգում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը: Խոսեցի արդեն Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում մեր ակտիվության և Երևանում կազմակերպված միջոցառման մասին: Պետք է նշեմ, որ այդ միջոցառումը բավականին ներկայանալի էր մասնակցության առումով, օրինակ՝ ՄԱԿ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ԳՔ բարձր ներկայացուցիչ և նաև գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆաթիմա, ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ և այլն, նախարարներ և փոխնախարարներ: Հանդիպման ավարտին ընդունվել է «Երևանի հայտարարությունը», որը կարևոր նշանակություն ունի տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտի քննարկումներում:
Հոկտեմբերի 8-11-ը Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելություն՝ գնահատելու և հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կրթության ոլորտում առկա կարիքները: Ես առիթ եմ ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի նստաշրջանին մասնակցել, ելույթով հանդես գալ: Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի շրջանակներում Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, և կան նաև այլ համատեղ նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:
Հետաքրքրական փաստ. 2023թ. Հայաստանը ընտրվել է բոլոր այն 5 մարմիններում, որտեղ առաջադրել է իր թեկնածությունը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդ (ՄԱԳԱՏԷ), Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողով, Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողով, ՄԱԿ ծրագրերի և համակարգման կոմիտե և ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտե:
ԵԱՀԿ-ում մեր մասնակցությունն ակտիվորեն շարունակվել է: Մեր նախաձեռնությամբ, մեր տարածաշրջանին վերաբերող հարցերով տեղի է ունեցել 14 ընթացիկ քննարկում: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին է այցելել Հայաստան:
ԵԱՀԿ համատեքստում կարևոր իրադարձություն էր նոյեմբերի 18-19-ին Երևանում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի բացմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Եվրոպայի խորհուրդ. Մենք կարողացանք պաշտոնական մեկնարկ տալ Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրին: Ծրագրի բյուջեն 21 միլիոնից ավել է: Ռեյկյավիկում կայացավ ԵԽ երկրների կառավարությունների և երկրների ղեկավարների չորրորդ գագաթաժողովը, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի հետ շարունակվել է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Ես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել եմ Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Նրա հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ շփումներ, նրան ընդունել է վարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե և Հայաստան ձևաչափով հանդիպմանը: Հետաքրքրական փաստ. Հայաստանը Կոսովոյում իր խաղաղապահ անձնակազմը 2023թ.-ին ավելացրել է 17 զինծառայողով, այժմ մենք ունենք 57 զինծառայող այս առաքելության կազմում: Համաձայնեցրել ենք «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագրի նախագիծը, սա նոր նախագիծ է, ըստ էության, իր նախորդ՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ֆորմատն արդեն սպառել էր իրեն և հիմա մենք այս նոր ձևաչափին ենք անցել՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն․ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր ակտիվությունը շարունակվել է։ Գիտեք, որ մենք նախագահություն ունենք և 2023թ. սեպտեմբերի 29-ին փոխանցել ենք մեր հայտը Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ։ Դեկտեմբերի 14-ին արդեն այդ հայտի շնորհանդեսը տեղի է ունեցել։
ՀՀ ԱԳ նախարարի զեկույցը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում (մաս 1)