ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով
18 մարտի, 2024Հարգելի՛ պարոն նախարար,
Սիրելի՛ բարեկամ, Մուրատ Աբուգալիևիչ,
Շատ ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել Հայաստանում:
Մենք ընդհանրապես շատ հաճախ շփվում ենք բազմակողմ հարթակներում, բայց այս երկկողմ այցը շատ լավ հնարավորություն է մանրամասն քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադառնալ տարածաշրջանային և միջազգային հարցերին, ձևավորել հետագա համագործակցության ուղենիշները: Այս տարվա սեպտեմբերին լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի 25-րդ տարին, և նշելով այս առիթը՝ մենք միևնույն ժամանակ լավ հնարավորություն ունենք ամփոփել 25 տարվա գործընկերությունը և նոր էջ բացել մեր հարաբերություններում՝ ի շահ մեր երկու երկրների բարօրության:
Անշուշտ, մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը, մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, մեր առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, թեև, կարծում եմ, որ պետք է խոստովանել, որ այս ամենով հանդերձ մենք մեծ տեղ և մեծ, դեռևս չիրացված հնարավորություններ ունենք, և հարգելի գործընկերներ, այսօր մեր հանդիպման ընթացքում մենք եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ պատրաստակամություն ունեն զարգացնել այդ հարաբերությունները և իրացնել այդ չիրացված հնարավորությունները:
Ես կցանկանայի շեշտադրել, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ Ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, մինչև Արևելյան Ասիա, և իհարկե, Ղազախստանի հետ հարաբերություններն իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ: Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը Ղազախստանի կողմից: Կրկնում եմ՝ մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր այս հարաբերությունների զարգացման համար:
Անշուշտ, խոսելով տնտեսական հնարավորություններից՝ մենք չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային կապերին, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է, կարևոր է, և ես հնարավորություն ունեցա նաև իմ գործընկերոջը ներկայացնել այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը: Դուք գիտեք «Խաղաղության խաչմերուկի»-ի մասին, մենք այսօր խոսեցինք այդ մասին: Լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Իհարկե, նաև իմ սիրելի գործընկերոջը ներկայացրեցի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության գործընթացը: Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը պահ առաջ ստորագրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիրը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հիմնված նաև սահմանների հետագա սահմնազատման վրա և, իհարկե, գիտեք, որ գաղտնիք չէ, որ այս հարցերում հատկապես առանցքային է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են արդեն նորանկախ հանրապետությունների միջև միջազգային, միջպետական սահմանները, որոնք հենց նույն փաստաթղթով, ըստ էության, ճանաչվել են նախկին Խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանների հիման վրա: Սա են հիմնարար սկզբունքներն՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, որոնց վրա մենք պատկերացնում ենք խաղաղությունը և ներդաշնակությունը Հարավային Կովկասում և շատ ավելի լայն տարածաշրջանում:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր այցի համար և շատ կառուցողական, հանգամանալից քննարկումների համար: Լավատեսորեն սպասում եմ և ակնկալում եմ հետագա համագործակցությունը: