ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունն ու պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

21 հունվարի, 2025

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել նախարար Լավրովին այս այցի կազմակերպման և ավանդական հյուրընկալության համար: Պետք է նշեմ, որ այս այցի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք ամիս, սակայն տեխնիկական պատճառներով այն մի քանի անգամ հետաձգվել է, և ահա, վերջապես, մեզ հաջողվեց հանդիպել։ Սերգեյ Վիկտորի, ուրախ կլինեմ տեսնել Ձեզ Երևանում:

Նշեմ, որ այսօրվա հանդիպումն անցավ անկեղծ և կառուցողական մթնոլորտում: Քննարկված հարցերի շրջանակը բավական ընդգրկուն և բազմաշերտ էր: Մենք անդրադարձանք երկկողմ համագործակցության հարցերին և, իհարկե, քննարկեցինք Հարավային Կովկասում խաղաղության թեման։

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության ինտենսիվության պահպանման, այդ թվում՝ արտաքին գործերրի նախարարությունների գծով, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականության կարևորությունը։ Նշել ենք հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական միտումը հումանիտար ոլորտում։ Ի թիվս այլ միջոցառումների, ինչպես Դուք նշեցիք, Սերգեյ Վիկտորի, այս տարի Ռուսաստանում նախատեսվում է Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը։

Ընդգծելով ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը՝ մենք նաև քննարկել ենք մեդիա դաշտում ստեղծված իրավիճակը և առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները։

Մեր համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը տնտեսությունն է։ Այստեղ թվերն ինքնին խոսուն են: Ինչպես գիտեք, դեկտեմբերին տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հայաստանի համար առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, շարունակում է մնալ տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման վրա ազդեցություն ունեցող կարևոր գործոններից մեկը։ Այս համատեքստում, օրինակ, կցանկանայի առանձնանշել անցյալ տարի Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը, գտնվելով յուրահատուկ խաչմերուկում, կարող է նշանակալի ներդրում ունենալ միջտարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման գործում՝ նպաստելով տարածաշրջանի լոգիստիկ գրավչության բարձրացմանը։ Հենց այս նպատակին է ուղղված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը. ծրագիր, որը մշակվել և ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ հիմնված բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ուրախ եմ ընդգծել, որ այս ծրագիրը դրական արձագանք է ստացել մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։

Նախարար Լավրովի հետ մենք անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերին:

Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը, մեր համոզմամբ, համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին կարծիքների հանգամանալից փոխանակման համար՝ հույս հայտնելով, որ այսօր տեղի ունեցած քննարկումները կնպաստեն փոխըմբռնման ամրապնդմանը և հիմնական առաջնահերթությունների շուրջ փոխշահավետ համագործակցության շարունակմանը: 

Շնորհակալություն։

Հարցուպատասխան

Հարց (РБК). Պարո՛ն Միրզոյան, Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանն անդամակցելու օրինագծին, և այժմ այդ նախագիծը գտնվում է խորհրդարանում: Ի՞նչ ժամկետներ է կանխատեսում կառավարությունը ԵՄ-ին անդամակցելու համար, և ինչպե՞ս է ձեր կառավարությունը մտադիր համատեղել անդամակցությունը ԵՄ-ին անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ, կարծում եմ, որ այս օրենքի նախագիծը հանրային փաստաթուղթ է, և Դուք կարող եք ծանոթանալ վերջինիս բովանդակությանը, եթե դեռ չեք ուսումնասիրել այն: Առայժմ այնտեղ ոչ ժամկետների, ոչ մեխանիզմների մասին խոսք չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ այս նախաձեռնությունը պատկանում է քաղաքացիական հասարակությանը։ Կազմակերպությունները հավաքել են ստորագրություններ՝ Հայաստանի Սահմանադրությամբ պահանջվող 50 հազար ձայնը, և այն այժմ ավտոմատ կերպով վերածվել է օրենքի նախագծի, որն էլ կքննարկվի խորհրդարանում։ Կառավարությունը, ինչպես ճիշտ նկատեցիք, արդեն տվել է իր հավանությունը, և ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը «կողմ» կքվեարկի օրինագծին։ Այս պահին, օրենքի վերաբերյալ, իմ կարծիքով այսքանն է։ Հետագա զարգացումներին կանդրադառնանք ավելի ուշ։ Այս օրինագծով այլ բան չի նախատեսվում։

Հարցի երկրորդ մասը վերաբերում էր Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ հակասություններին։ Տեսաբանները և ոլորտի մասնագետները նշում են, որ առկա են որոշակի հակասություններ։ Ես չէ, որ պետք է դատեմ, որևէ նոր բան չեմ կարող հորինել: Հարցն այդ տեսանկյունից դիտարկելու պարագայում, հավանաբար, անհրաժեժտ կլինի այն քննարկել:

Հարց (NEWS.ru) Հարգելի՛ պարոն Միրզոյան, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը ՀԱՊԿ շրջանակներում։ Անցյալ շաբաթ Ռուսաստանն ու Իրանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Արդյո՞ք Հայաստանի և Իրանի սահմանն այժմ ավելի հանգիստ և անվտանգ կդառնա, քանի որ երկու երկրներն էլ այժմ Մոսկվայի դաշնակիցներն են։ Եվ երկրորդ հարցը. Ձեր բանակցությունների ընթացքում քննարկվե՞լ է վերջերս Իրանի և Հայաստանի սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումը։ Շնորհակալություն։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Չեմ կարող թաքցնել զարմանքս: Անկեղծ ասած, Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է շատ հանգիստ և ազատ։ Այնտեղ ընդհանրապես երբեք խնդիրներ չեն եղել, ուստի չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող է այս սահմանն ավելի հանգիստ դառնալ։ Այն կշարունակի մնալ հանգիստ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամակցությանը, գիտեք, մենք Ռուսաստանի հետ ունենք բավականին լուրջ և ամենաամուր երկկողմ պայմանագրերը: Մենք իսկապես դաշնակիցներ ենք։

Մենք Իրանի հետ ունենք շատ լավ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ։ Այժմ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ գործընկերություն է զարգացնում Իրանի հետ։ Կարծում եմ, որ մեր բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից։

Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից մեր խնդրանքով ռուս սահմանապահները ժամանակավորապես ներգրավվել են Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովման գործում, իսկ ժամանակն ավարտվելուն պես՝ մենք, իհարկե, շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և համապատասխան ռուսական ծառայությանը մեր սահմանին նման երկարատև ծառայության համար և արդեն տեղեկացրել ենք, որ մեր սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պահպանվել մեր իսկ ուժերով։ Այստեղ նույնպես որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա։

Տպել էջը