Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին
12 մարտի, 2025Պարո՛ն նախարար, սիրելի՛ գործընկեր, չափազանց ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։
Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք «Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» հռչակագրի ստորագրմամբ: Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Ուստի՝ շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար և մեզ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ։
Հարգելի՛ գործընկերներ, նախարար Վելդկամպի հետ մեր այսօրվա քննարկումներում արդեն կենտրոնացել ենք մեր հաջորդիվ անելիքների վրա. մենք դրա համար արդեն ունենք շատ կոնկրետ և շատ ամուր հիմք՝ փաստաթուղթը, որը քիչ առաջ վկայակոչեցի: Այդ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և վերջինը, թերևս նշեմ, բայց ոչ նվազ կարևորը` մարդկանց միջև շփումները։
Շուտով հնարավորություն կունենաք ծանոթանալու փաստաթղթի մանրամասներին, այն կհրապարակվի: Ես, թերևս, հաշվի առնելով նաև ավելի լայն օրակարգը՝ մեկ-երկու բան առանձնացնեմ: Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայինորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա: Նաև առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ Նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում:
Ի թիվս այլ ոլորտների, որպես ռազմավարական գործընկերության էական բաղադրիչներ, կրկին հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կուզեի ընդգծել կիբերդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը։ Սա, իհարկե, միայն Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է, նաև վերաբերում է Հայաստան և ամբողջ Եվրոպական միության միջև համագործակցությանը, երկխոսությանը:
Շարունակելով Եվրոպական միության հետ համագործակցության թեման՝ նշեմ, որ նախարար Վելդկամպի հետ քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը և առհասարակ մեր միջև գործընկերության խորացման հեռանկարները և աջակցությունը Հայաստանի ջանքերին այս համատեքստում:
Ես խոսեցի, իհարկե, անելիքների մասին, բայց մենք այսօր առիթ ենք ունեցել նաև ամփոփելու և արձանագրելու, որ արդեն իսկ ունենք երկկողմ համագործակցության էական ձեռքբերումներ։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Նիդերլանդները Եվրոպական միության շրջանակներում Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկերներից է, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ինստիտուցիոնալ զարգացման ավանդական և շոշափելի աջակիցը, ինչի համար նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնել նախարարին։
Հարգելի՛ գործընկերներ, անշուշտ, մենք չենք խուսափել նաև մեր տարածաշրջանային հարցերը քննարկելուց, ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը, երկխոսությունը մեր հարևանների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը։ Նշել եմ նաև, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով։
Եզրափակեմ խոսքս: Պարո՛ն նախարար, կրկին շնորհակալ եմ խորը և հանգամանալից քննարկումների համար և ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել Նիդերլանդների հետ Հայաստանի բարեկամության և համապարփակ գործընկերության շարունակական ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատելու մեր պատրաստակամությունը»:
---
Հարց (Ազատություն ռադիոկայան). Պարո՛ն նախարար, ուզում եմ իմանալ` արդյո՞ք Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներին։ Նախորդ անգամ վարչապետն ընդհանուր գծերով Հայաստանի մոտեցումները բարձրաձայնել էր. ընդունելի է խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելը, սահմանազատված հատվածներում էլ դիտորդների չտեղակայումը: Եթե պայմանագիրը ստորագրված չէ, նշանակում է` Ադրբեջանն անհամաձայնություններ ունի։ Այս դեպքում հայկական մոտեցումները կխնդրեի ասել` ինչպե՞ս են փոխվել և արդյո՞ք փոխվել են, արդյո՞ք հայկական կողմը համաձայն է, օրինակ, հայցերը հետ քաշել նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում կարծում եմ, որ Ձեր բարձրացրած հարցերի պատասխանները կարող ենք հենց հարցի ձևակերպումների մեջ գտնել։ Երևույթները, որոնք Դուք նշեցիք, և մի շարք այլ հարցեր, քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այո, մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը։ Այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման։
Մեր մոտեցումն ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք և առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման վավերացման հետ կապված բոլոր հարցերը:
Մեր մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, համապատասխանում են մեր խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը և Հայաստանի Հանրապետության շահերին։
Հարց (նիդերլանդական Financieele Dagblad). Ես Թբիլիսիում եմ ապրում և աշխատում։ Այնտեղ ինչ լսում եմ, հետևյալն է. շատ անհանգստություն ենք տեսնում ամբողջ աշխարհով մեկ, Ուկրաինայում պատերազմ է, ԱՄՆ-ում մի նոր նախագահ կա, ով, կարծես, ավելի Ռուսաստանի կողմն է այս ամբողջ հակամարտության մեջ, պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Սակայն Վրաստանում գիտե՞ք ինչ է շատ շրջանառվում, այն, որ ամեն ինչ կախված է Ուկրաինայի իրադարձություններից, այն ինչ տեղի կունենա Ուկրաինայում, ուղղակիորեն կպայմանավորի այն ամենն, ինչը տեղի կունենա Վրաստանում։ Ուզում եմ իմանալ, թե արդյո՞ք որքանով է նման իրավիճակը Վրաստանում և Հայաստանում, արդյո՞ք դուք ճնշում զգու՞մ եք Ռուսաստանի կողմից Հայաստանն իր ուղեծրի մեջ ներառելու համար։ Մենք տեսնում ենք, գիտենք, որ վերջին տարիների ընթացքում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի զարգացումներից հետո, շատ վրդովմունք կա Ռուսաստանի հանդեպ, և ավելի դեպի ԵՄ է գնում Հայաստանը կամ գնացել։ Արդյո՞ք դուք ճնշում զգու՞մ եք Ռուսաստանի կողմից նորից իրենց ուղեծիր մուտք գործելու համար։
Արարատ Միրզոյան․ Կարծում եմ` մեր մեծ տարածաշրջանում գտնվող, այսինքն` ամբողջ Եվրասիական մայրցամաքում գտնվող որևէ պետություն չի կարող ասել, որ Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդեցություն չեն ունենա իրենց վրա։ Ըստ էության, ողջ աշխարհն այսօր կենտրոնացած է մի քանի խնդրի վրա, և թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջիններից մեկը, կամ առաջինը հենց Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերն են առաջարկները և դրանց շուրջ տարբեր երկրների կամ երկրների խմբերի դիրքորոշումները։
Իհարկե, Հարավային Կովկասում իրավիճակը ևս մեծապես կարող է կախված լինել դրանից, բայց Ձեր հարցին կուզենամ պատասխանել հետևյալ կերպ՝ և՛ այո, և՛ ոչ։ Այսինքն` կապ անշուշտ կա, և ազդեցություն անշուշտ կարող է լինել, և աշխարհում ոչինչ, ըստ էության, բացարձակ վակուումի մեջ չէ, և փոխկապակցվածություն տարբեր խնդիրների միջև կա, բայց նաև կան հավելյալ ջանքեր, հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, նույնիսկ չկապված Ուկրաինայում կամ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն օր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, որի մասին ես քիչ առաջ խոսեցի, և, ըստ այդմ, փակելու թշնամանքի էջը Հարավային Կովկասում: Իհարկե, մեկ փաստաթղթով բոլոր խնդիրները չեն լուծվի, բայց սա կարող է լինել խաղաղության գործընթացի սկիզբը, ըստ էության, ոչ թե վերջնարդյունքը, և կմնան խնդիրներ, որոնք մենք երկկողմ ջանքերով կկարողանանք շարունակել կարգավորել, մանավանդ, որ նույն համաձայնագրում նախատեսված են հետագա երկկողմ աշխատանքներ և խնդիրները կարգավորելու մեխանիզմներ։
Նույն կերպ մենք նաև պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ և հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները, ինչի մասին, ընդ որում և՛ մենք, և՛ Թուրքիան պարբերաբար, համատեղ և առանձին-առանձին հայտարարել ենք: Այնպես որ այս գործընթացները ինչ-որ առումով կարող են նույնիսկ առաջ անցնել կամ զուգահեռ ընթանալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ ճնշումներին կամ հիասթափություններին, գիտեք, մենք վարում ենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն: Մենք ունենք քաղաքացիական նախաձեռնություն, որը քննարկվում է Ազգային ժողովում, առաջին ընթերցմամբ ընդունվել է, որը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Եվրոպական միության անդամակցման գործընթաց նախաձեռնի, մեկնարկի: Մենք ունենք շատ խորը հարաբերություններ Եվրոպական միության հետ և ընդ որում, դրանք հենց այսօր էլ նորից զարգացնում ենք, խորացնում ենք: Ընդամենը երկու ամիս առաջ ստորագրեցինք նույն այս անունը կրող ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք առաջին հերթին շարունակում ենք և շահագրգռված ենք զարգացնել մեր հարաբերությունները մեր անմիջական հարևանների` Վրաստանի, Իրանի հետ։ Հասկանում ենք, որ տարբեր երկրների տարբեր գործընկերություններ կարող են դուր չգալ, կարող են հիասթափությունների առիթ դառնալ։ Գուցե: Բայց մենք փորձում ենք բացատրել, որ մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով, մեր որևէ գործընկերություն ուղղված չէ երրորդ երկրի դեմ: Մեր ռազմավարական համագործակցության փաստաթուղթը Նիդերլանդների Թագավորության հետ ուղղված չէ ո՛չ Ռուսաստանի դեմ, ո՛չ Վրաստանի դեմ, ո՛չ Թուրքիայի դեմ, ո՛չ Իրանի դեմ, ո՛չ էլ որևէ հեռավոր երկրի։ Սա մեր և Նիդերլանդների հարաբերությունների խորացման մասին է, այսքանը։