ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանը լրատվամիջոցների հարցերին ԻԻՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
25 մարտի, 2025«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել ԻԻՀ ԱԳ նախարար, իմ շատ լավ բարեկամ և գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիին: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել գործընկերոջս և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի՝ Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնի կապակցությամբ։ Պետք է նշեմ, որ սա, իհարկե, իմ և պարոն նախարարի առաջին հանդիպումը չէ: Մենք հանդիպել, համագործակցել ենք միջազգային հարթակներում, և սա ԱԳ նախարարի պաշտոնում պարոն Արաղչիի առաջին այցն է Հայաստան, ուստի, պարո՛ն նախարար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու և այսօրվա համապարփակ քննարկումների համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ բարեկամ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը մեր կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Պարբերական արդյունավետ շփումներ ու փոխայցեր կան ոչ միայն մեր երկու նախարարությունների, այլ նաև բոլոր ճյուղային գերատեսչությունների միջև: Իրանի հետ հարաբերությունների հարուստ օրակարգը ներառում է կյանքի գրեթե բոլոր բնագավառները՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, կրթական, գիտական, մշակութային: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթաց ենք գրանցել, և վստահ եմ, որ երկկողմ գործակցության խորացումը կկրի շարունակական բնույթ:
Նախարար Արաղչիի հետ քննարկումներում ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին. կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն հինգ տարիների ցուցանիշը, և սա կարևոր արդյունք է: Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 մլդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այդ համատեսքտում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորություները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։
Նշեմ, որ Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն: Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչներից է։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը։
Հարգելի՛ ներկաներ,
Գործընկերոջս հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուն զուգահեռ, բնականաբար, անդրադարձել ենք նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացրել եմ Ադրբեջանի հետ միջպետական սահմանի սահմանազատման, և, իհարկե, Խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացների վերաբերյալ վերջին զարգացումները: Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից՝ երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին՝ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու և ստորագրումը կարևորելու համար: Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Ինչպես և Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն։
Այսօր հնարավորություն ունեցանք հանգամանալից քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք այլ խնդիրներ։ Ես ընդգծել եմ Երևանի պատրաստակամությունը մեր ավանդը բերելու մեր այլ բարեկամ պետությունների և Իրանի միջև երկխոսությանը։
Հարգելի՛ ներկաներ,
Իհարկե, այսօր առանձնահատուկ ուրախ էի ԱԳՆ հարկի տակ հյուրընկալել նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը:
Հարգելի՛ պարոն նախարար,
Պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը, այդ թվում նաև՝ որպես երկու քաղաքակրթությունների միջև ամուր կապի լավագույն դրսևորում, և բարձր է գնահատում երկու երկրների միջև սերտ փոխգործակցությունը: Լիահույս եմ, որ կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր երկրների միջև առկա ներուժի իրացմանն ուղղված նախագծերը կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի բարօրություն երկու երկրների և ժողովուրդների:
Շնորհակալություն եմ հայտնում կրկին և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:
Հարց (Sputnik Armenia) Հարցս երևի երկու նախարարներին եմ ուղղում. դուք ասացիք, որ բեռնափոխադրումների հարցն էլ է քննարկվել։ Ուզում եմ հետաքրքրվել` արդյոք քննարկվե՞լ է սահմանին հայ բեռնատարների վարորդների համար դիզվառելիքի թանկացման հարցը. զգալի մեծ թանկացում տեղի ունեցավ և մեծ դժգոհություն առաջացրեց վարորդների շրջանում: Կարծեմ՝ դուք արդեն 1 անգամ քննարկել եք, և ԱԳՆ-ն հայտնել էր, որ պետք է փորձագիտական խմբեր ստեղծվեն այդ հարցը քննարկելու համար: Արդյո՞ք որևէ նորություն կամ տեսլական կա, թե ինչպես այդ հարցը պետք է լուծվի։
Արարատ Միրզոյան․ Այո, աշխատանքներ այդ ուղղությամբ տարվել են Ձեր նշած փորձագիտական խմբերը կամ փորձագետները, կամ աշխատանքային խումբը այդ ուղղությամբ աշխատել է։ Մենք մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների համար էլ, երկու երկրների և՛ բեռնափոխադրողների, և՛ վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ և ավելի հարմարավետություն կառաջարկի: Առաջիկայում կվերջնականացվեն աշխատանքները, և ուզում եմ նշել նաև, որ մենք շատ մոտ ենք վերջնականացմանը: Երբ որ կվերջնականացվեն, այսդեպքում նաև արդեն բնականաբար կհանրայնացնենք։
Հարց (Ազատություն). Պարոն Միրզոյան, Ադրբեջանի հետ արդյո՞ք եղել են խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասով, կա՞ համաձայնություն՝ երբ պայմանագիրը կստորագրվի, թե՞ Բաքուն չի հրաժարվում նախապայմաններից, ու այդ դեպքում ի՞նչ է անելու Երևանը։ Շնորհակալություն:
Արարատ Միրզոյան․ Հետևել եք իրադարձություններին. պաշտոնական Երևանն անմիջապես այն հայտարարությունից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ` որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում: Ի՞նչ պետք է անենք. պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին, այո, չկա ըմբռնում որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք ուզում եմ մեկ անգամ ևս սա ասել. պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել էդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը։