ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը Ախթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման վերաբերյալ
28 մարտի, 2007Թուրքական իշխանությունների կողմից Ախթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման ու վերաբացման փաստն, անկասկած, դրական երեւույթ է, քանի որ խոսքը վերաբերում է հայ միջնադարյան ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկի վերածննդին, որը 1915 թ-ից հետո լքված եւ անբարվոք վիճակում էր։
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման եւ բացման խնդրում թուրքական իշխանությունները եւ լրատվամիջոցները չեն շեշտում դրա պատմամշակութային արժեքը, որեւէ հիշատակություն չի արվում դրա հայկական եւ առաքելական պատկանելության մասին։ Այս փաստը քարոզչական նպատակով շահարկվելով` բացառիկ ինտենսիվությամբ օգտագործվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով: Սա թուրքական կառավարության կողմից պատասխանատվության շրջանցում է ոչ միայն պատմությունից եւ հիշողությունից, այլեւ սեփական երկրի հայ փոքրամասնությունից։
Անդրադառնալով խնդրի պատմական կողմին՝ անհնար է չնշել, որ Սբ. Խաչ եկեղեցին Թուրքիայի տարածքում գտնվող հայ ճարտարապետական բազմաթիվ կոթողներից մեկն է միայն: Այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Անիի տասնյակ եկեղեցիները, Տեկորի եկեղեցին, Մշո Սբ. Կարապետ վանքը, Բագարանի Սբ. Հովհաննես տաճարը եւ հազարավոր ուրիշներ հիմնովին ոչնչացվել են կամ շարունակվում են ոչնչացվել: Այս բոլոր պատմական հուշարձանները ոչնչացվել են անտարբերության եւ հայերին պատկանելու հանգամանքից ելնելով, սակայն, երբ Թուրքիայում խոսվում է «անատոլիական մշակույթի» մասին, անհնար է պատկերացնել այդ մշակույթն առանց իր բաղկացուցիչ մաս հանդիսացող հայկական բաղադրիչի:
Հայաստանը գնահատում է Թուրքիայի նախաձեռնությունը՝ վերանորոգելու հայկական պատմամշակութային հայտնի արժեքներից մեկը` հույս հայտնելով, որ դա չի մնա որպես եզակի օրինակ: Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու է ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական պատվիրակությունը, ինչն ինքնին դրական քայլ է: Ցավալի է սակայն, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությանը չեն կարող մասնակցել Հայաստանի բազմաթիվ հայորդիներ, որոնց մի մասի նախահայրերն են կառուցել այդ եկեղեցին։
Հայկական կողմն, իսկապես, կցանկանար թուրքական իշխանությունների այս նախաձեռնությունը գնահատել որպես հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանն ու մերձեցմանն ուղղված իրական քայլ: Սակայն շատ դժվար է դա անել, երբ թուրքական իշխանությունների կողմից չկա այդ հուշարձանի պատմամշակութային, այն ստեղծած ժողովրդի եւ քաղաքակրթության իրական գնահատականն ու ըմբռնումը, երբ անգամ Անկարայի «Անատոլիական քաղաքակրթությունների» թանգարանում շատ դժվարությամբ կարող ես գտնել հայ եւ հայկական բառերը:
Ախթամարի վերակառուցումը ինչքան կարեւոր է մեր, նույնքան էլ` թուրք հասարակության համար: Մի ամբողջ ժողովրդի պատմական ներկայության, ինքնության եւ մշակույթի, քաղաքակրթական նման հզոր շերտի մերժումն այսօր անհարիր է մի երկրի ու ժողովրդի համար, որն ինքն է այսօր հավակնություններ ցուցաբերում մաս կազմել այսօրվա քաղաքակրթական արժեքային համակարգի: Այս բոլորի փոխարեն, ամեն կերպ արծարծվում է դրա քաղաքական ենթատեքստը, ենթարկվում է ցավալի շահարկումների ինչ-ինչ նպատակներով որպես «բարի կամքի դրսեւորում» Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ:
Հայաստանը եւ հայերը ցանկանում են առարկայական, լուրջ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ մեր ցավոտ անցյալի եւ հարեւանների հետ միասնական ապագայի վերաբերյալ։ Մենք չենք ցանկանում ներքաշվել ժեստերի ավարտ չունեցող մի խաղի մեջ, որը ոչ թե իրական հաշտեցման, այլ քարոզչական նպատակ է հետապնդում եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է իրական խնդիրներից։ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը հորդորել Թուրքիային բացել սահմանները եւ հաստատել նորմալ հարաբերություններ։
Հայկական կողմը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման իրական առաջընթաց կարող է հանդիսանալ, նախեւառաջ, 1993թ. ի վեր փակված սահմանի վերաբացումը: