Ֆրանսիայում «Արարատ լեռան ստորոտում. Անտիկ Հայաստանի հրաշալիքները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման վերաբերյալ

16 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Բուշ-դյու-Ռոնի նահանգապետ Ժան-Նոել Գերինին, Պրովանս-Ալպ-Կոտ դ'Ազյուրի Շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը եւ Առլի քաղաքապետ Էրվե Սկիավետին Անտիկ Առլի եւ Պրովանսի թանգարանում բացեցին «Արարատ լեռան ստորոտում. Անտիկ Հայաստանի հրաշալիքները» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Այն բաղկացած է չորս բաժիններից, որտեղ Հայաստանից բերված շուրջ 150 ցուցանմուշները ներկայացնում են հայ ժողովրդի մշակութային արմատները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակից մինչեւ 10-րդ դար), Ուրարտական (մ.թ.ա. 10 - 6-րդ դդ.), ետուրարտական (մ.թ.ա. 6- 4-րդ դդ.) եւ բուն նախաքրիստոնեական շրջանները։ Ցուցանմուշները բերված են Հայաստանի պատմության թանգարանից, Էրեբունիի եւ Սարդարապատի թանգարաններից, ինչպես նաեւ Գորիսի Մշակույթի տնից ու Ահարոնյան հավաքածուից (Փարիզ):

Բացման խոսքով հանդես գալով հարյուրավոր հյուրերի առջեւ, ՀՀ դեսպանը նշեց, որ «Արարատն ավելին է, քան սուրբ լեռ, այն հայ ժողովրդի հավերժության խորհրդանիշն է, որ նա կրում է իր երգերում, առասպելներում եւ հոգում: Արարատ լեռան ստորոտին մեր ժողովուրդը ապրել, ավանդույթներ, առասպելներ եւ հրաշալիքներ է ստեղծել ու դրանք փոխանցել սերնդե-սերունդ»:

Ցուցահանդեսը կազմակերպված է Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եւ տեւելու է մինչեւ 2007թ. հուլիսի 29-ը։

Ցուցահանդեսի օրերին մայիսի 24-ին Առլում կայանալու են Աննա Մայիլյանի եւ Հայ երգի վարպետների համերգը, հուլիսի 26-ին դուդուկահար Արայիկ Բարթիկյանի համերգը: Հուլիսի 26-ին ցուցադրվելու է նաեւ Ռոբեր Գեդիկյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» ֆիլմը:

Անտիկ Առլի եւ Պրովանսի թանգարանում մայիս եւ հունիս ամիսներին երեխաների համար կազմակերպվելու են նաեւ զարդեղենների եւ կերամիկական իրերի պատրաստման խմբակներ, ուր ֆրանսիացի դպրոցականները փորձելու են ընդօրինակել հայկական զարդարվեստի նմուշները: Հունիսին 3-ին թանգարանը կազմակերպելու է նաեւ ընթերցումներ՝ «Այնտեղ՝ Արարատի վրա է իջել Նոյյան Տապանը» թեմայով:

Տպել էջը