ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու հանդիպման վերաբերյալ

26 հուլիսի, 2007

Ս.թ. հուլիսի 25-ին Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու հետ:

Հարեւան երկրների ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերը,համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ անդրադարձան միջազգային կազմակերպություններում գործակցության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաեւ վերջերս վրացի իրավապահների կողմից Վրաստանի սահմանի ապօրինի անցման, մեղադրանքով ՀՀ քաղաքացիների ձերբակալումների խնդրին:

ԱԳ նախարարներն անդրադարձան նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման պայմանագրի վերաբերյալ բանակցություններին:

Խոսելով տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հեռանկարների մասին` նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացները եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Գելա Բեժուաշվիլին ներկայացրեց Աբխազիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ վրացական կողմի մոտեցումներն ու Հարավային Օսիայի խնդրի միջազգայնացմանն ուղղված քայլերը:

Տպել էջը