Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական կոնֆերանսի վերաբերյալ 23 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյեմբերի

23 նոյեմբերի, 2007

Ս.թ. նոյեմբերի 19-22-ը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ Է. Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 65-րդ եւ Նախարարական կոնֆերանսի 23-րդ նստաշրջաններին, որոնք կայացան Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում՝ հինգ մայրցամաքները ներկայացնող 68 երկրների արտաքին գործերի նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ:

Ելույթ ունենալով նախարարական կոնֆերանսի լիագումար նիստին` դեսպան Նալբանդյանը Հայաստանի անունից ողջունեց մշակութային բազմազանության խթանմանն ուղղված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ջանքերը եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի համապատասխան Կոնվենցիայի մշակման, ընդունման եւ կիրառման մեջ նրա ակտիվ ներգրավումը: Նա նշեց, որ Հայաստանն առաջինների թվում ստորագրեց եւ վավերացրեց այդ փաստաթուղթը` կարեւորություն տալով միջմշակութային երկխոսությանն ու փոխադարձ հանդուրժողականությանը, որոնց պակասը մեր տարածաշրջանում հաճախ հանգեցնում է մշակութային ու պատմական արժեքների միտումնավոր ոչնչացմանը:

Հայաստանի դեսպանը նշեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներին երիտասարդության ակտիվ ներգրավման կարեւորությունը: Այդ առումով որպես հետաքրքիր փորձ դեսպան Նալբանդյանը բերեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա ընթացքում «Հայաստանի 1000 դեսպան» ծրագրի դրական օրինակը, երբ 12-14 տարեկան հայաստանցի հարյուրավոր ֆրանսախոս պատանիներ մեկ շաբաթով հյուրնկալվեցին ֆրանսիացի իրենց հասակակիցների մոտ` հնարավորություն ստանալով ավելի լավ ճանաչելու միմյանց երկրներն ու ավանդույթները: Հաշվի առնելով մշակութային բազմազանության գաղափարները երիտասարդության միջոցով տարածելու կարեւորությունը՝ Հայաստանի դեսպանն առաջարկեց հաջորդ տարի Քվեբեկում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին անցկացվելիք Քվեբեկի 400-ամյակի տոնակատարություններին հրավիրել նաեւ կազմակերպության անդամ երկրների երիտասարդներին, ինչը տտրբեր մշակույթների կրող երիտասարդների միջեւ շփումների լավ հնարավորություն կստեղծի:

Դեսպան Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ կիսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնական սկզբունքներն ու նպատակները, ինչպիսիք են խաղաղության, ժողովրդավարության ու մշակութային բազմազանության արժեքների տարածումը, ինչպես նաեւ հաշվի առնելով ֆրանսախոսության տարածումը Հայաստանում, Հայաստանն ուսումնասիրում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանում իր դիտորդի կարգավիճակը ասոցիացված անդամի բարձրացնելու հնարավորությունը:
Տպել էջը