ՀՀ ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերությունների մասին լսումներին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթի վերաբերյալ 19 դեկտեմբերի 2007թ.
19 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում մեկնարկեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. Հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով լսումները:
Լսումներին ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Իր ելույթում նախարար Օսկանյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառներին եւ ներկայացրեց Հայաստանի կառավարությամ տեսակետները երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Նախարար Օսկանյանը պատասխանեց նաեւ բազմաթիվ հարցերի:
Մեծարգո պարոն նախագահ,
մեծարգո նախագահող,
հարգելի պատգամավորներ,
սիրելի հայրենակիցներ, հյուրեր, դիվանագետներ
Ես նույնպես կարեւորում եմ այս լսումները եւ միանում եմ պարոն Թորոսյանին եւ Ռուստամյանին իրենց հիմնավորումների մեջ: Եվ իրոք, մենք ունենք մեկ այլ փորձ. դա Ղարաբաղի լսումներն էին եւ դա իրոք օգտակար էր, անձամբ իմ համար, հատկապես երբ այդ բոլոր ելույթները հրապարակվեցին: Երբ թերթում ես, իսկապես զգում ես, թե ինչպիսի կարծիքներ են հնչում, մեր հանրությունը, հասարակությունը ինչպիսի մոտեցումներ ունի նման կարեւորագույն հարցերի նկատմամբ:
Նաեւ ես շնորհակալություն եմ հայտնում ինձ այս հնարավորությունը տալու համար. մեկ անգամ եւս այս բարձր ամբիոնից ճիշտ շեշտադրումներով ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Եվ իսկապես, երբ իմ մտքերն էի ամփոփում այս ելույթի համար, զգացի որ ինձ կրկնում եմ: Այն տպավորությունը կարող է ստեղծվել, որ այնքան եմ ասել սրա մասին, որ երեւի թե ձանձրալի կլինի լսողների համար:
Բայց մյուս կողմից, երբ անդրադառնում եմ մյուս կողմի` Թուրքիայի, երբեմն եվրոպական, միջազգային հանրության ընկալումներին, պատկերացումներին Հայաստանի մոտեցումների նկատմամբ, գալիս եմ այն համոզմանը, որ մի գուցե մենք բավարար չենք ասում: Թեեւ կարծում եմ, որ ասում ենք: Խնդիրն այն է, որ այստեղ կա միտումնավորություն. Թուրքիան չի ուզում հասկանալ, միտումնավոր չի ուզում իրավիճակը ճիշտ ներկայացնել, անընդհատ աղավաղում է, որովհետեւ այստեղ կա մի ակնհայտ փաստ. մեր մոտեցումների արդարացիությունը եւ թուրքական մոտեցումների սխալ լինելը:
Այստեղ, իհարկե, այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ ելույթներ են լինելու, բազմաթիվ ելույթներ կրկնվելու են: Երբ լսում էի նախորդ ելույթները, նկատեցի, որ արդեն բավական բան ասվեց, որ այստեղ պիտի կրկնեմ: Բայց ես կփորձեմ առավել հիմնավորված եւ համապարփակ ձեւով ներկայացնել մեր մոտեցումները, մեր ընկալումները, մեր պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների անցյալի եւ ներկա վիճակի, բայց հատկապես հնարավոր լուծումների եւ կարգավորման կապակցությամբ:
Պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունները բավական բարդ են: Բարդությունը հիմնականում կայանում է նրանում, որ այստեղ կա անցյալի բեռը մի կողմից, եւ կա այսօրվա այս տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության եւ կայունության մեջ միասին ապրելու հրամայականը: Եվ Հայաստանն առաջին օրվանից մինչեւ այսօր, եւ նույնը կլինի ապագայում, մեզ համար իսկապես մեծ մարտահրավեր է եղել. ինչպես համադրել այս երկուսը` անցյալը ներկայի եւ ապագայի հետ: Հայաստանի մոտեցումը եղել է այն, որ անցյալի խնդիրները, ինչքան էլ, որ նրանք բարդ լինեն, միայն ու միայն հնարավոր կլինի քննարկել, կարգավորել, լուծել, եթե երկու երկրների միջեւ լինեն նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ:
Թուրքիայի մոտեցումը այս տարիների ընթացքում եղել է եւ շարունակում է մնալ տրամագծորեն հակառակը: Թուրքիան առաջարկում է կարգավորել բոլոր անցյալի խնդիրները, ստանալ իրենց բավարարող պատասխանները եւ լուծումները, եւ միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը Հայաստանի հետ: Սա նշանակում է Թուրքիան դնում է նախապայմաններ Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու, հաստատելու համար: Հայաստանը նախապայմաններ չունի: Սա է ամփոփումը այդ ներկայացման: Բայց այստեղ նույնպես Թուրքիան շփոթություն է առաջացնում, պատճառահետեւանքային շփոթություն, եւ աշխարհին ներկայացնում է, թե իբր` Հայաստանը. պահանջելով, որ նախ բացենք սահմանը եւ հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, ինքն է պայմաններ դնում: Նույնսիկ այս պրիմիտիվ հարցում Թուրքիան փորձում է շփոթություն առաջացնել:
Վերջ ի վերջո ո՞րն է սկզբնակետը. պատմությու՞նը, թե այսօր միջպետական, միջկառավարական հարաբերությունները: Միջազգային հարաբերություններում, երբ մի երկիր անկախանում է, կամ երկուսը միաժամանակ են անկախանում, առաջին զրոյական սկզբնակետը այդ երկու երկրների հարաբերություններում բաց սահմաններն են եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այնպես որ այդ պահանջը, ինչքան էլ, որ մեկը փորձի իր երեւակայությանը ուժ տալ, հնարավոր չէ համարել որպես նախապայման:
Բերվեց նաեւ Եվրոպայի օրինակը: Իսկապես մենք այդ ցամաքամասում ենք գտնվում եւ այդ արժեքներով պետք է առաջնորդվենք: Ցույց տվեք երկու եվրոպական հարեւան երկիր, որոնք չունեն նման հարց, անցյալ, ինչ մենք ունեցել ենք Թուրքիայի հետ: Կան երկրներ, որ առավել բարդ անցյալ են ունեցել: Բայց այսօր այդ երկրները, հակառակ, որ իրենց անցյալը քննարկում են, փորձում են դրանց լուծումները տալ, եւ երբեք նրանցից որեւէ մեկը սահման փակելով կամ դիվանագիտական հարաբերություններ խզելով, պայմաններ չի դնում, չի պարտադրում մյուս կողմին իր անցյալը հերքելու: Եթե առաջնորդվելու ենք իսկապես եվրոպական արժեքներով` սա է ճանապարհը:
Մեծ հաշվով, այստեղ երկուսը նշվեց, կա նաեւ երրորդ նախապայմանը, որ Թուրքիան դնում է մեր առջեւ: Մեծ հաշվով դրանք երեքն են: Առաջինը` դա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է կամ առնվազն` Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին, երկրորդը` Թուրքիայի սահմանների ճանաչում Հայաստանի կողմից, երրորդ` ցեղասպանության հարցի ճանաչումից հրաժարում: Սրանք են հիմնական երեք պայմանները, որ Թուրքիայի կողմից այսօր առաջադրվում են: Իհարկե այս երեք պայմանները, այս տասնհինգ-տասնվեց տարիների ընթացքում տարբեր ճանապարհներով են ներկայացվել: Եվ ես, դրանից էլ ելնելով, կփորձեմ հայ-թուրքական հարաբերությունները բաժանել մի քանի փուլերի:
Առաջին փուլը 1991 թվականից մինչեւ 1993 թվականն էր, մեր անկախության առաջին տարիները: Դեռեւս չկար Ղարաբաղի հետ կապված պայման, բաց էին սահմանները Թուրքիայի հետ, Թուրքիան ճանաչել էր Հայաստանի անկախությունը, բայց մերժում էր հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Այդ ճանապարհին նա փորձում էր լուծել երկու հարց. սահմանների եւ ցեղասպանության ճանաչման խնդիրները: Դա չստացվեց, որովհետեւ նրանց կողմից ներկայացված տրամաբանությունը հնարավոր չէր իրականացնել:
Երկրորդ փուլը` 1993 թվականից մինչեւ իշխանափոխությունն էր Հայաստանում: Ադրբեջանի կորցրած եւ մեր ազատագրած տարածքների քանակի ավելացումով, Թուրքիան արդեն երրորդ նախապայմանը դրեց` այդ տարածքների վերադարձ: Բայց որովհետեւ 1993թ-ից մինչեւ 1998 թթ. ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկար (չնայած արծարծվում էր, սա պետք է արձանագրել. այդ հարցը անընդհատ բարձրացվում էր, քննարկվում էր, բայց պաշտոնապես մեր արտաքին քաղաքականության օրակարգում չէր դրվել) եւ մեր արտաքին քաղաքականությունն այդ տարիներին ավելի բարյացակամ էր Թուրքիայի նկատմամբ, Թուրքիան առաջին երկու նախապայմանները` ցեղասպանության հարցը եւ սահմանները, կարծես թե, ժամանակավորապես մի կողմ էր դրել եւ շեշտը հիմնականում դնում էր Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Այսպիսով մենք մինչեւ 1998թթ. որեւէ առաջընթաց չկարողացանք արձանագրել Թուրքիայի հետ: Իհարկե այդ ժամանակահատվածում սահմանը մնաց փակ:
Երրորդ փուլը իշխանափոխությունից հետո մինչեւ այսօր, 1998 թվականից մինչեւ այսօր: Իրավիճակն այսօր մի քիչ ավելի բարդ է: Սա պետք է արձանագրել, որովհետեւ այդ երեք նախապայմանները այսօր դրվում են մեր առաջ միաժամանակ եւ բավական ուժգնորեն. ճանաչել Թուրքիայի սահմանները, հրաժարվել ցեղասպանության խնդրից եւ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` ի օգուտ Ադրբեջանի: Իհարկե այս երեք նախապայմանները զուտ միջազգային հարաբերությունների եւ իրավական տեսանկյունից չեն դիմանում որեւէ քննադատության: Որոշ չափով արդեն անդրադարձան դրան, բայց ես փորձեմ առավել հիմնավորել:
Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Սա Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիր է, սա հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խնդիր է: Թուրքիան, եթե միջազգային հարաբերությունների տեսանկյունից դիտարկենք, ինչքան էլ համակրանք ունենա ադրբեջանցիների նկատմամբ, չի կարող կողմ դառնալ` փակելով սահմանը եւ պայմաններ դնելով Հայաստանի եւ հայերի առջեւ: Միջազգային հարաբերություններում սա ընդունված չէ: Հենց Թուրքիայի օրինակով կարծում եմ, որ այստեղ հակասություն կա` հաշվի առնելով Կիպրոսի հարցը եւ թուրք-հունական հարաբերությունները:
Երկրոդը` սահմանների ճանաչման խնդիրը: Այստեղ Թուրքիան նման հարց բարձրացնելու նույնիսկ իրավունք չունի, որովհետեւ դեռեւս ուժի մեջ են Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը: Մենք դրանք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից: Մեր օրենսդրությունը այդ հարցերում շատ հստակ է: Եթե Սովետական միությունից ժառանգված պայմանագրերը չեն փոխարինվել նորով, դրանք դեռեւս մնում են ուժի մեջ: Եթե դրանք ուժի մեջ չեն, ապա ուժի մեջ չեն միայն այն պատճառով, որ Թուրքիան` ինքը, կոպտորեն խախտել է այդ պայմանագրերի դրույթները: Բայց մեզ համար դրանք մեծ հաշվով ուժի մեջ են եւ այդ պայմանագրերը այսօր հստակորեն ուրվագծում են Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները: Իսկ եթե Թուրքիան իսկապես մտահոգված է եւ ուզում է դրան լուծում տալ, ապա լավագույն մոտեցումը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Միջազգային ընդունված պրակտիկա է, որ ցանկացած դիվանագիտական հարաբերությունների հիմքում դրվում է հուշագիր, որը հիմնվում է երկու երկրների սուվերենության փոխադարձ հարգանքի, սահմանների ճանաչման եւ ներքին գործերին չմիջամտելու դրույթների վրա:
Երրորդ` ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այստեղ Թուրքիան ուղղակի բարոյական իրավունք չունի նման խնդիր բարձրացնելու: Դա մեր բարոյական պարտավորություն է, դա մեր իրավունքն է: Մեր շահերի, իրավունքների պաշտպանությունն է: Հայաստանը, այո, դրել է իր արտաքին քաղաքականության օրակարգի վրա ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց այնքան ժամանակ, որ Թուրքիայի կողմից այդ հարցի ճանաչումը չի դարձնում հարաբերություների նորմալացման նախապայման, Թուրքիան պարզապես իրավունք չունի նման խնդիր բարձրացնելու: Ճիշտ է այդ հարցը թերեւս նոր երանգներ է ստացել վերջերս: Ինչպես արդեն նշվել էր, երբ մեր հայրենակիցները իրենց համապատասխան երկրների խորհրդարաններում բարձրացնում են այս հարցը, Թուրքիան մեղադրանքը դնում է Հայաստանի վրա, իբրեւ մենք նախաձեռնում ենք, խրախուսում ենք: Այս մասով ես կարող եմ շատ հստակ ասել մեր դիրքորոշումը, մեր մոտեցումը: Ինչ կատարվում է այլ երկրների խորհրդարաններում դա այդ երկրների ներքին գործն է, դա վերաբերում է իրենց քաղաքացիներին եւ նրանց կողմից ընտրվածներին: Հայաստանն այդ հարցերում չի միջամտում: Այլ խնդիր է գործադիրի հետ այդ հարցի բարձրացումը մեր կողմից, որովհետեւ դա մեր արտաքին քաղաքականության օրակարգում է, բայց մենք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին: Դա մեր հայրենակիցների իրավունքն է: Վերջ ի վերջո նրանք մտահոգված են նաեւ Հայաստանի խնդիրներով, մեր տարածաշրջանի խնդիրներով: Նրանք գտնուն են նաեւ, որ այլ երկրների խորհրդարանների ճանաչումով նրանք կարող են վերջ ի վերջո հասնել Թուրքիայի կողմից ճանաչումին, որը կբերի իսկապես այս տարածաշրջանում իրավիճակի էական փոփոխության, կկարգավորի անվտանգության խնդիրները: Առհասարակ նոր մթնոլորտ կստեղծի եւ վերջ ի վերջո կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:
Մեր կարծիքով Թուրքիան այս տասնվեց տասնյոթ տարիների ընթացքում երկու պատմական առիթ է կորցրել` իր դրական ներդրումը բերելու մեր տարածաշրջանի խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման խնդիրներին: Առաջինը 1991թ. երբ Սովետական Միությունը փլուզվեց: Իսկապես այս տարածաշրջանում առաջացել էր վակուում. Ռուսաստանը թույլ էր, իր ազդեցությունը չէր կարողանում բանացնել, մրցակցություն կար Թուրքիայի եւ Իրանի միջեւ, բայց որովհետեւ Արեւմուտքը դիմադրում էր Իրանի թափանցմանը եւ խրախուսում էր Թուրքիայինը, դաշտը իսկապես Թուրքիայի համար բաց էր: Բայց Թուրքիան չկարողացավ տարածաշրջանի ստրատեգիական շահերը դնել առաջնային իր նեղ քաղաքական շահերի նկատմամբ: Նա իսկապես կորցրեց այդ հնարավորությունը: Ոչ միայն չկարողացավ ազդեցություն բերել տարածաշրջան դրական առումով, այլ հակառակը` այս տարիների ընթացքում իր հանրային կարծիքը այնպես պատրաստեց, որ այսօր իսկապես իրենք են դնում իշխանություններին անկյունում, որից դուրս գալը համարյա անհնար է:
Եվ այս տարիների ընթացքում իհարկե ավելացավ այդ բոլորին ադրբեջանական ճնշումը` Հայաստանի հետ սահմանը չբացելու, նորմալ հարաբերություններ չհաստատելու նպատակով: Իհարկե, այս բոլորից նույնպես հնարավոր էր դուրս գալ, եթե Թուրքիան օգտագործեր իրեն ընձեռնված երկրորդ հնարավորությունը: Դա 2004 թ. էր, երբ Թուրքիային իրավունք տրվեց անդամակցության բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ, որովհետեւ այնտեղ արժեքային այլ համակարգ է եւ որովհետեւ ԵՄ-ի անուղղակի պայմաններից է բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Թուրքիան ե'ւ իր ժողովրդին, ե'ւ Ադրբեջանին հստակորեն կարող էր ասել, որ իրենց համար ԵՄ անդամակցությունը գերագույն խնդիր է, եւ ի հեճուկս Ադրբեջանի, ի հեճուկս հանրային կարծիքի նրանք պետք է կարգավորեն իրենց խնդիրները Հայաստանի Հանրապետության հետ. առաջին հերթին բացելով սահմանը եւ հաստատելով նորմալ հարաբերություններ: Բայց Թուրքիան չգնաց դրան: Չգնաց դրան, որովհետեւ նա նախընտրեց գործընթացը արդյունքից:
Վերջ ի վերջո Հայաստանը նույնպես դրական է վերաբերվում նրանց անդամակցությանը ԵՄ-ին: Իսկապես Հայաստանի շահերից բխում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Այն բոլոր դրական հիմնավորումներին, որ նշվեց, ես նաեւ ավելացնեմ այն, որ վերջ ի վեջո ԵՄ-ի սահմանը գալիս է Հայաստան: Մենք սահմանակից ունենում ենք ԵՄ: Սա մեզ համար տնտեսական, քաղաքական, բարոյական, բոլոր առումներով մեծ հնարավորություն է: Բայց մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ արդյո՞ք ԵՄ-ի որոշումը կլինի արդար, անշեղում, այն, ինչ որ արվել է մյուսների համար, թե զուտ այլ նկատառումներից ելնելով ԵՄ կկայացնի քաղաքական որոշում Թուրքիայի անդամակցության կապակցությամբ: Սա է մեր մեծագույն մտահոգությունը, որովհետեւ մեր փորձն այստեղ դառն է: Երբ Թուրքիան սկսեց իր անդամակցության գործընթացը, արդեն նախապատվություն էր տրվել նախորդների նկատմամբ, ովքեր նույն ճանապարհով են անցել. Թուրքիային այն թույլ տվեց մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում, Հայաստանի հետ սահմանների բացակայության պայմաններում սկսել այդ գործընթացը: Ահավասիկ սա է մեզ մտահոգում: Բայց, ամեն պարագայում, Թուրքիան, այս առումներով, գտնվում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում տեղաշարժ արձանագրելու ԵՄ ճնշման տակ:
Թուրքիան այսօր շեշտը դնում է գործընթացների վրա եւ բացարձակապես հետաքրքրված չէ արդյունքներով: Այս կոնտեքստում է, որ պետք է դիտարկել մի քանի տարի առաջ Հայաստանի նախագահին ուղղված վարչապետ Էրդողանի նամակը` առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով, ուսումնասիրելու համար 1915թ-ի իրադարձությունները եւ հանգել համապատասխան եզրակացությունների: Սա արվել է պարզապես Եվրոպային ցույց տալու, որ Թուրքիան ունի բարի կամք, ունի ցանկություն մտնել երկխոսության մեջ եւ այդ ամենակենտրոն խնդիրը լուծել հենց հայերի հետ: Այս առաջարկությունն իհարկե հնարավոր չէ լուրջ ընդունել, որովհետեւ խաղը մեր բոլորի համար ակնհայտ է: Այն լուրջ հնարավոր չէր ընդունել, որովհետեւ Թուրքիայից դուրս ցեղասպանության ճանաչման խնդիրը ոչ ոք պատմական հարթակում չի դիտարկում: Այդ հարցը լուրջ պատմաբանների համար, լուրջ ցեղասպանագետների համար փակված խնդիր է: Եթե մենք նայենք Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի եզրակացությունները, նրանց բաց նամակը Էրդողանին, հստակ կարելի է եզրակացնել, որ նրանց համար այդպիսի խնդիր չկա: Մի՞թե այդ ասոցիացիան ինքը նման հանձնաժողով չէ: Այնտեղ համարյա հայեր չկան: Կարելի է մատների վրա հաշվել: Այնտեղ հիմնականում օտար երկրների քաղաքացիներ են, տարբեր գիտնականներ, եւ այս տարիների նրանց ուսումնասիրությունները հանգել են միանշանակ եզրակացության, որ 1915թ.-ի դեպքերը իսկապես ցեղասպանություն է:
Երկրորդ, ինչպե՞ս կարելի է Էրդողանի նամակը լուրջ ընդունել, երբ իր երկրի ներսում, իր քրեական օրենսգրքում կա 301 հոդվածը, որը քրեականորեն պատժում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ոչ միայն արտասանել ցեղասպանություն բառը, այլ նույնիսկ քննարկել 1915թ.-ի իրադարձությունները: Եվ ահավասիկ ներքին նման պայմաններում Թուրքիան առաջարկում է, որ իր պատմաբանները, իր գիտնականները ներգրավվեն այս հարցի քննարկման մեջ:
Եվ վերջապես, այդ նամակը չէր կարելի լուրջ ընդունել, որովետեւ վերջ ի վերջո չկան համապատասխան նորմալ պայմաններ, չկա մթնոլորտ նման կարեւորագույն հարց քննարկելու համար: Փակ են սահմանները երկու երկրների միջեւ, չկան դիվանագիտական հարաբերություններ: Հակառակ այդ բոլորին, եղավ Հանրապետության նախագահի պատասխանը, բայց Թուրքիան առ այսօր, երբ այդ հարցը բարձրացվում է, երբեք չի ընդունում, կամ չի հայտարարում, որ նրանք ստացել են իրենց նամակի պատասխանը: Նրանք աղավաղում են ասելով, որ իրենց առաջարկության պատասխանը դեռեւս Հայաստանից չեն ստացել: Հայաստանի նախագահի պատասխանի համաձայն, մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ միջպետական մակարդակով, միջկառավարական հարթակում քննարկել ցանկացած խնդիր առանց որեւէ բացառության: Բայց պետք է լինեն երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ:
Եվ սա իսկապես մեր մոտեցման, մեր արտաքին քաղաքականության ամփոփումն է Թուրքիայի նկատմամբ: Մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, մենք հարեւաններ ենք, մենք ինչ-որ տեղ, այո, ընդհանուր անցյալ ենք ունեցել: Վերջ ի վերջո մենք պետք է ապրենք միասին, նպաստենք տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը միասին: Բայց մենք լուրջ մտահոգվում ենք, որ ժամանակ ենք կորցնում. նոր սերունդներ են ծնվում, որոնք դեռեւս հնարավորություն չունեն նոր հիշողություններ ստեղծելու անցյալը փոխարինելու համար: Այսօր շփումներ չկան մեր ժողովուրդների միջեւ: Ահավասիկ նույնիսկ պատգամավորներ հրավիրվել են Հայաստան նման կարեւորագույն հարցին մասնակցելու համար, նրանք մերժել են: Այս շփումների բացակայությունը կարծում ենք, որ այդ բացը առավել մեծացնում են եւ իսկապես հետագայում մեզ եւ մեր հաջորդ սերունդների համար շատ ավելի բարդ եւ դժվար է լինելու այդ բացը լրացնել:
Մենք պետք է կարողանանք առաջ շարժվել, մենք պետք է կարողանանք իրոք` հարցը դիտարկել եվրոպական արժեքների համակարգում, մենք պետք է կարողանանք հեռանկարային քաղաքականություն որդեգրել, մի կողմ դնել նեղ քաղաքական էթնիկական այդ տեսակ օժանդակություններին միտված խնդիրները եւ կարողանալ հեռանկարային մոտեցմամբ խնդիրները դնել սեղանի վրա եւ միասնաբար հասնել հարցի կարգավորմանը: Մեր մոտեցումն այստեղ շատ հստակ է: 1991 թ. եղել է նույնը, այսօր մնում է նույնը, եւ ապագայում ես կարծում եմ շատ տարբերակներ չկան, եթե լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ այս տարածաշրջանում չլինեն: Առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ, եւ միայն դրանից հետո կարելի է միջկառավարական մակարդակով այդ հարթակում օրակարգի վրա դնել բոլոր երկկողմ խնդիրները եւ փորձել ժամանակի ընթացքում այդ բոլորին տալ համապատասխան լուծումներ:
Շնորհակալություն: