Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ 24 հունվար 2008թ. Հռոմ: Հունվարի 19-ին Իտա

24 հունվարի, 2008

Հռոմ: Հունվարի 19-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցել է Թուրքիայում սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում, որի ընթացքում ներկայացվել է «Հեռագրեր ճակատից. երբեք չպատմված պատմություններ» հատորը: Ներկա էին իտալացի հայտնի լրագրողներ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այդ առիթով Հռոմի հայ համայնքը Հրանտ Դինքի անունով հիմնել էր լրագրողային պարգեւ տեղեկատվության ազատության համար, որով պարգեւատրվեցին իտալական հանրային հեռուստատեսության TG1 լրատվական ծրագրի լրագրող Ռոբերտո Օլլան եւ La Stapma հայտնի օրաթերթի լրագրողներ Ֆլավիա Ամաբիլեն եւ Մարկո Տոզատին: Հեղինակավոր պարգեւը Ռոբերտո Օլլային հանձնել է դեսպան Ռուբեն Շուգարյանը:

 

Լոնդոն: Ս. թ. հունվարի 19-ին Վեսթմինսթրի եկեղեցու բակում գտնվող Անմեղ զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը հիշատակի խոսք են ասել Դինքի մտերիմ, գրող-հրապարակախոս Նուրիցա Մաթոսյանը, Թուրքիայի փոքրամասնությունների հարցերով փորձագետ, պատմաբան Դեսմոնդ Ֆերնանդեսը, աղոթք է կարդացել նաեւ Վեսթմինսթրի եկեղեցու քահանան: Միջոցառումը կազմակերպվել էր «Armenia Solidarity», «Nor Serount» եւ «Armenian Genocide Trust» հասարակական կազմակերպությունների կողմից: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:

Ամստերդամ: Ս. թ. հունվարի 20-ին Նիդերլանդներում (նստավայրը` Բրյուսել) Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ամստերդամում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում խմբված հարյուրավոր հայ հավատացյալներ ներկա են գտնվել դավադրաբար սպանված Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված հոգեհանգստի արարողությանը: Այնուհետեւ խումբն ուղեւորվել է հոլանդական Հին եկեղեցի` մասնակցելու 240 տարի առաջ վախճանված Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես Մինաս Ամասիացու աճյունի հոգեհանգստյան արարողությանը, որը հանգչում է Հին եկեղեցու սրահում: Արարողությունը կազմակերպվել էր հիշյալ եկեղեցիների հոգեւոր հայրերի եւ հոլանդական պետական ատյանների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթ են ունեցել Հին եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Ռեֆհուոզը, Սբ. Հոգի եկեղեցու ատենապետ Տիգրան Մղդեսյանը, Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատմաբան Ռենե Բեքիուսը, Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչ տկն. Ալկեման:

 

Տպել էջը