ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցության վերաբերյալ 29 մարտ 2008թ.
31 մարտի, 2008Ս.թ. մարտի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ հետագա զարգացմանը միտված ԱՊՀ մասնակից պետությունների բազմակողմ համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրներ, մասնավորապես` համագործակցությունը հումանիտար, միգրացիայի, ին ?ֆորմացիոն անվտանգության ապահովման, հանցագործության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բնագավառներում :
Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները հաստատեցին «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը»: Ընդունվեց ս.թ. մայիսի 23-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ որոշվեց, որ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 25-ին Բիշքեկում:
Նույն օրը կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ոչ ֆորմալ նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքականության բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների գործունեության համադրման մեխանիզմի կատարելագործման հարցը:
ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ անվտանգության ոլորտի տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս առումով առանձին քննարկման առարկա դարձավ միջազգային կազմակերպություններում որոշ հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների հաճախ հակադիր դիրքորոշումների խնդիրը:
Այդ հարցի հետ կապված իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստին ընդունված ադրբեջանական կողմից առաջարկված բանաձեւին: Նա մասնավորապես նշել է, որ թեեւ այդ բանաձեւը իրավական ուժ չունի, նման միակողմանի բանաձեւ անցկացնելով` ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում հրաժարվել ներկայումս բանակցային սեղանի վրա գտնվող փաստաթղթից եւ երկրորդը` հարցը տեղափոխել Մինսկի խմբի շրջանակներից ՄԱԿ, ինչը լուրջ վտանգի տակ կդնի բանակցային գործընթացի շարունակությունը: Այդ առումով, Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ Կազմակերպությունը չկարողացավ հանդես գալ միասնական դիրքորոշումով: Նախարարը նշեց, որ այդ բանաձեւին «կողմ» քվեարկած երկրները, փաստորեն, «դեմ» են քվեարկել բանակցային ընթացքին:
Ելույթի վերջում նախարար Օսկանյանը հույս հայտնեց, որ այսուհետ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների կողմից համերաշխության սկզբունքը կհարգվի:
Նախարար Օսկանյանը Երեւան է վերադառնալու մարտի 29-ին: