ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ 19 ապրիլ 2008թ. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ
17 ապրիլի, 2008ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նորանշանակ արտգործնախարարին իր Հայրապետական օրհնությունն ու շնորհավորհանքն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վեհափառ հայրապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Դիվանագիտական ասպարեզում Ձեր գործունեության ընթացքում Դուք զգալի նպաստ եք բերել մեր երկրի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը` Հայաստանի Հանրապետության նորոգ բարգավաճման ու առաջընթացի, մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի տեսիլքով: Ի խորոց սրտի աղոթքով մաղթում ենք, որ Բարձյալն Աստված հաջողություններ շնորհի հայրենօգուտ եւ ազգաշահ Ձեր գործունեությանը եւ Իր Ամենախնամ Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանիքը` պարգեւելով քաջառողջություն եւ ամենայն բարիք:»
Շնորհավորականներ են ստացվել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանից, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանից:
Նախարար Նալբանդյանին շնորհավորել են տարբեր երկրների արտգործնաաարարներ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհավորական նամակում նշվում է. « Հաջողություններ եմ ցանկանում Ձեր պատասխանատու գործունեության մեջ` ի շահ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդման եւ մեր երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացման»:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Հայաստանի իր պաշտոնակցին մաղթել է հաջողություն եւ հսկայական ուժ իր առջեւ դրված նոր եւ պատասաանատու խնդիրների հաղթահարման գործում: Շտայնմայերը նաեւ վստահեցրել է, որ Գերմանիան ուժերի ներածին չափով կշարունակի աջակցել Հայաստանին` դեպի ապագա տանող ճանապարհին եւ բարեփոոումների քաղաքականության շարունակման գործում, եւ եզրափակել, որ մեծ ուրախությամբ է ընդունում վստահության վրա հիմնված Հայաստանի եւ Գերմանիայի համագործակցությունը:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յան Ցզեչին ընդգծել է, որ պատրաստ է նախարար Նալբանդյանի հետ միասին ամրապնդել համագործակցությունը երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ, իրականացնել Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների պայմանավորվածությունները` նոր մակարդակի բարձրացնելով հայ-չինական գործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական հեռագիր է հղել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա ուղերձում ասվում է «Ձերդ Գերազանցություն, համոզված եմ, որ դիվանագիտության բնագավառում Ձեր հարուստ փորձը անգնահատելի եւ ծանրակշիռ ներդրում կլինի Ձեր երկրի արտաքին քաղաքականության համար: Թուրքիան պատրաստ է աշխատելու մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք օգտվել նոր քաղաքական իրողությունների ընձեռած հնարավորություններից` սկսելու իմաստալից եւ նպատակաուղղված երկխոսություն` հասնելու այն արդյունքին, որին մենք ձգտում ենք:
Արտգործնախարար Նալբանդյանը շնորհավորանքներ է ստացել նաեւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթթաքիից, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դորա Բակոյանիսից, Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովից եւ Արցախի իր պաշտոնակից Գեորգի Պետրոսյանից:
Հայաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարին շնորհավորական հեռագրեր են հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ամերիկայի Հայկական Համագումարի հոգեբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, Հայ Դատի եվրոպական գրասենյակի տնօրեն Հիլդա Չոբոյանը, Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար Ալեքսիս Գովչյանը: