Նախարար Նալբանդյանն հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բոյեր-Բուքիքիոյի հետ 19 մայիս 2008թ. Ս.թ

19 մայիսի, 2008

Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բոյեր-Բուքիքիոյի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է իր անդամակցությունը ԵԽ-ի նման հեղինակավոր միջազգային կազմակերպությանը եւ ընդգծեց, որ Հայաստանն անդամակցությունից ի վեր բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները եւ դրանց մեծ մասն արդեն իսկ կատարված է, մասնավորապես փոփոխվել է Սահմանադրությունը եւ դրանից բխող մի շարք օրենքներ:

Նախարար Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից կատարված քայլերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւում պարունակվող առաջարկությունների կատարման ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հավաստիացրեց, որ իշխանությունները տրամադրված են կատարել ԵԽԽՎ առաջարկությունները: Նա նաեւ վերահաստատեց, որ Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, մտադիր է այսուհետ եւս ակտիվորեն մասնակցել ԵԽ գործունեությանը:

Մոդ դե Բոյեր-Բուքիքիոն իր հերթին նշեց, որ ԵԽԽՎ բանաձեւի առաջարկությունների կատարման գործընթացում զգալի հաջողություններ է արձանագրել եւ այդ գործընթացը գնում է ճիշտ ուղղությամբ: Նա ողջունեց մարտի 1-ի դեպքերը քննող անկախ հանձնախումբ ստեղծելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը: Տիկին Բոյեր-Բուքիքիոյի տեղեկացրեց նաեւ, որ մտադիր է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչներին, որոնց հորդորելու է ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ, ինչը նա արել է իշխանության ներկայացուցչությունների հետ հանդիպումներում:

Զրուցակիցները անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Տպել էջը