ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ 19 մայիս 2008թ.
19 մայիսի, 2008Ս.թ. մայիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ:
Կողմերը քննարկեցին Հայաստանի կողմից ԵՄ Հարեւանության քաղաքականության ծրագրի կատարման ընթացքը, արդրադարձան Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հեռանկարին, խոսեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ռաուլ դե Լյուցենբերգերը նախարար Նալբանդյանին փոխանցեց Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդների ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
«Մեր համագործակցության եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը եւ մեր մշտական երկխոսությունը արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ նշանակում են, որ մենք հագեցած օրակարգ ունենք մեր առջեւ, եւ ես հույս ունեմ համագործակցել Ձեզ հետ ապագա առաջիկա տարիների ընթացքում:
Դուք առանցքային դերակատարում կունենաք ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում եւ Ձեր երկիրը հեղինակությունը բարձր պահելու ԵՄ կառույցների եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության բնագավառում»: