ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտիղեկավար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ 27 հունիս 2008թ.
27 հունիսի, 2008Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Երեւանում գտնվող Դաշնային կանցլեր, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար տիկին Միշլին Կալմի-Ռեյի (Micheline Calmy-Rey) գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Շվեյցարիայի արտգործնախարար Քալմի Ռեյին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ բազմաբնույթ համագործակցության ամրապնդումը: Ընդգծեց նաեւ, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ:
Շվեյցարիայի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց ձեւավորված քաղաքական երկխոսության մակարդակի առնչությամբ` նշելով, որ դրան մեծապես նպաստել են վերջին տարիներին տեղի ունեցած փոխայցելությունները: Կողմերը հաստատեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք միջազգային հարցերում, նշեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության արդյունավետությունը:
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ անկախությունից ի վեր Շվեյցարիան ակտիվորեն նպաստել է Հայաստանի զարգացման, բարեփոխումների եւ հումանիտար խնդիրների համար տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրման հարցում եւ նշեց Շվեյցարիայի հետ տնտեսական հարաբերությունների աշխուժացման եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Նախարարներն անդրադարձան երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությանը: Տիկին Քալմի-Ռեյը հայտնեց շուտով Երեւանում մշտական դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու շվեյցարական կողմի մտադրության մասին:
Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ բանակցային գործընթացը, անդրադարձան հայ-թուրքական հարաբերություններին:
Հանդիպմանը հետեւեց մամուլի համատեղ մամուլի ասուլիս: