ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այցելել է Կալիֆորնիա 23 սեպտեմբեր 2008թ. Ս.թ. սեպտեմբերի 16-19-ը Կա

23 սեպտեմբերի, 2008

Ս.թ. սեպտեմբերի 16-19-ը Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում տեղի է ունեցել «Գործարարությունը Հայաստանի հետ» միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը եւ Հայ-ամերիկյան առեւտրի պալատը: Ներգրավված գործընկեր կազմակերպություններն էին ԱՄՆ առեւտրի նախարարությունը եւ Զարգացման հայկական գործակալությունը: Համաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:

Ավելի քան 100 մասնակից ներդրում ունեցան համաժողովի աշխատանքներին, որոնք ընհանուր քննարկումներից հետո ընթացան երեք առանցքային թեմատիկ ուղղություններով՝ զբոսաշրջություն, բանկային համակարգ, դեղագործություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանգամանալի ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, ներդրումային միջավայրի առավելությունները, հեռանկարային բիզնես նախագծերը:

Ելույթ է ունեցել ԱՄՆ առեւտրի նախարարության ներկայացուցիչը, ով կարեւորել է Հայաստանում ընթացիկ բարեփոխումները` հիմնական շեշտը դնելով փոքր եւ միջին գործարարության զարգացման վրա:

Այցի շրջանակներում Ներսես Երիցյանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի առեւտրի պալատում, որին ներկա են եղել գործարարներ, քաղաքային խորհրդի, հայ համայնքի, հյուպատոսական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, երկրի հիմնական առեւտրային գործընկերների հետ համագործակցության եղանակները եւ ծավալը, հարկային եւ մաքսային բարեփոխումները, գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը: Ընդգծել է գիտելիքների վրա հենված տնտեսություն կառուցելու Հայաստանի կառավարության հանձնառությունը:

Լոս Անջելեսի հայ ոսկերիչների միության անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում շոշափվել են Հայաստանում ոլորտի հետագա զարգացման հնարավորությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է համաշխարհային համբավ ունեցող Սենտ Վինսենտ ոսկերչական կենտրոն, որտեղ ծանոթացել է արտադրական կարողություններին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան ԱՄՆ-ի վարչության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Լինսի հիմնադրամի նախագահ Ջեյ Ռակովի եւ փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի տնտեսական զարգացման, տարածաշրջանային զարգացումների եւ Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության, նաեւ ներդրումային նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարան, որտեղ նախարարի պատվին կազմակերպվել է ճաշ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի անունից՝ հայ գործարարների մասնակցությամբ:

Նախարար Երիցյանին հյուրընկալել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի տնտեսական զարգացման, ազգային խնդիրների շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հարցազրույցներ է տվել Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքներին, որոնց ընթացքում ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության հիմնադրույթները եւ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Տպել էջը