ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն

28 նոյեմբերի, 2008

Ս.թ. նոյեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա պաշտոնական այցով ժամանեց Մինսկ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին, Բելառուսի նախագահը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամական երկրների հարաբերություններին: Բելառուսի նախագահի բնորոշմամբ երկու պետությունների ղեկավարների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները մեծապես նպաստում են Հայաստանի եւ Բելառուսի միջեւ բարեկամությանը: Նախագահ Լուկաշենկոն ընգծեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման համար:

Նախարար Նալբանդյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունները: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ վերջին տարիներին դինամիկ զարգացող համագործակցությունը, Էդվարդ Նալբանդյանը նշեց փոխայցելությունների, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության, մշակութային եւ գիտական փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ 2009 թ. առաջին եռամսյակում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը կարող է խթան հանդիսանալ այդ ուղղություններով առաջընթացի համար:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվեց լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը եւ միաժամանակ շեշտվեց այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը` փոխգործակցության հետագա խորացումը ապահովելու համար: Նախարարները կարեւորվեցին նաեւ հաջորդ տարվա առաջին կեսին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Բելառուս:
Սերգեյ Մարտինովը փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկիի Մինսկ այցելելու հրավերը:

Նախարարներ Նալբանդյանն ու Մարտինովը արձանագրելով վերջին տարիներին երկկողմ առեւտրի շրջանառության աճը, որն այսօր կազմում է մոտ 30 մլն ԱՄՆ դոլար, միաժամանակ նշեցին, որ գոյություն ունեցող ներուժը հնարավորություն է տալիս այն առավել մեծ ծավալների հասցնելու: Նախարարները մտքեր փոխանակեցին ներմուծման եւ արտահանման միջեւ անհավասարությունը հաղթահարելու ուղիների վերաբերյալ:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին նաեւ մշակութային ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունները, այդ առումով գոհունակություն հայտնելով 2009թ. Հայաստանում Բելառուսի եւ 2010 թ. Բելառուսում Հայաստանի մշակութային օրերի անցկացման պայմանավորվածության կապակցությամբ:

Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարներւ հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս, այնուհետեւ Հայաստանի արտգործնախարարը հարցազրույց տվեց բելառուսական հեռուստատեսությանը:

Նախարարները քննարկումները շարունակեցին երեկոյան` Էդվարդ Նալբանդյանի պատվին Սերգեյ Մարտինովի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաեւ Մինսկի Հաղթանակի հրապարակ: Պատվո պահակախմբի ստուգայցից եւ զինվորական նվագախմբի կողմից Հայաստանի եւ Բելառուսի օրհներգների կատարումից հետո, նախարար Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի հուշարձանին:

Մինսկում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց նաեւ բելառուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները: Նախարար Նալբանդյանը պատասխանեց բելառուսահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Նոյեմբերի 28-ին Էդվարդ Նալբանդյանը վերդարձավ Երեւան:

Տպել էջը