ՀՀ արտգործնախարարն ու Փարիզի քաղաքապետը Փարիզի կենտրոնում բացեցին Երեւանի պարտեզը

12 մարտի, 2009

Ս. թ. մարտի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում բացեցին Երեւանի պարտեզը, որը սկիզբ է առնում Կոմիտասի արձանի մոտից եւ տարածվում մինչեւ Ադամ Միցկեւիչի արձանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին հազարավոր հրավիրյալներ, որոնց մեջ էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության հարցերով նախարար Անդրե Սանտինին, Սենատորներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, դիվանագետներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ֆրանսիական ժամանակակից երգի աստղ Էլեն Սեգարան, հայտնի կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանը, ֆրանսահայ հոգեւոր եւ աշխարհիկ պետեր, ֆրանսահայ հարյուրավոր դպրոցականներ:

Արարողության սկզբին Հայաստանի արտգործնախարարն ու Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող Կոմիտասի արձանին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի օրհներգը:

Բացման արարողության իր խոսքում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն ասաց, որ Փարիզի սրտում Երեւանի պարտեզի բացումը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բերեկամական ու ջերմ հարաբերությունների, համակրանքի եւ փոխադարձ հարգանքի հերթական վկայությունն է եւ Փարիզի յուրահատուկ նվերը քույր քաղաք Երեւանին, Հայաստանին եւ հայ ժողովրդին` ի նշանավորումն նրանց հանդեպ տածած ջերմության ու Ֆրանսիայի զարգացման գործում հայրերի անգնահատելի ներդրման:

Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Երեւանի եւ Հայաստանի հանդեպ նման բարեկամական վերաբերմունքի համար` Էդվարդ Նալբանդյանը Երեւանի պարտեզի բացումը որակեց հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների պատմությամբ ստուգված բարեկամության եւս մեկ խորհրդանիշ: Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի ողջ տարածքում Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված հարյուրավոր հրապարակները, պողոտաները եւ փողոցներն եւ հուշարձանները վկայում են հայ-ֆրանսիական խորը կապերի մասին, իսկ Փարիզի կենտրոնում Երեւանի պարտեզը մեր ժողովուրդների առանձնահատուկ կապերի վկայությունն է, որը Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում Երեւանի անունը եւ հայկական ներկայությունը հավերժացնող վայր է դառնում:

Ելույթներից հետո Դպրոցասեր վարժարանի մանկական երգչախմբի կատարմամբ Էրեբունի-Երեւան երգի հնչյունների եւ հավաքված հոծ բազմության բուռն ծափահարությունների ներքո Էդվարդ Նալբանդյանը, Բերտրան Դելանոեն եւ Շառլ Ազնավուրը այգու կենտրոնում բացեցին Երեւանի պարտեզի անունը կրող ցուցանակը:

Տոնական տրամադրությունը երկար ժամանակ իշխում էր պարտեզում, հնչում էին երգեր, ծածանվում հայ-ֆրանսիական եռագույն դրոշները:

Երեւանի պարտեզի բացման գաղափարը մի քանի տարի առաջ առաջարկվել էր Ֆրանսիայում նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանի կողմից: Առաջարկությունը ընդունվել էր Փարիզի քաղաքային խորհրդի հատուկ որոշմամբ:

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանստելեկոմ-Օրանժ ընկերության կենտրոնակայանում ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Դիդիե Լոմբարի հետ մասնակցեց Օրանժ ընկերության հեռուստատեսության փաթեթում, ինտերնետային հեռուստատեսության ծրագրերում ու շարժական (բջջային հեռախոսների) հեռուստատեսային ցանցում Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերի ծրագրի հեռարձակման սկզբի հանդիսավոր արարողությանը: Այսօրվանից Օրանժի բոլոր բաժանորդները Եվրոպայի տարածքում կկարողանան դիտել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով հեռարձակվող ծրագրերը իրենց բջջային հեռախոսներով:

Արարողությանը ողջույնի խոսքով հանես եկավ Հայաստանի արտգործնախարարը, ով, կարեւորելով Օրանժ ընկերության այս նախաձեռնությունը, ասաց, որ այն ֆրանսիացի ժողովրդին հնարավորություն է ընձեռում առավել մոտիկից ծանոթանալ Հայաստանին: Նախարար Նալբանդյանը ողջունեց Օրանժ ընկերության մուտքը հայաստանյան շուկա եւ հույս հայտնեց, որ Հայաստանում մատուցվող ծառայությունները կլինեն որակյալ եւ բարձր մակարդակի:

Ավարտելով իր փարիզյան այցը` նույն օրը երեկոյան նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:
Տպել էջը