Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեցՀունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիին
03 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր հրավերով աշխատանքային այցով Երեւանում գտնվող Հունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիին (Dora Bakoyannis):
Ողջունելով Հունաստանի արտգործնախարարին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ հույն ժողովուրդներն ունեն հազարամյակներով ամրապնդված բարեկամության ավանդույթ, եւ իր համար առանձնահատուկ ուրախալի է Հայաստանում ընդունել բարեկամ Հունաստանի իր գործընկերոջը:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հունաստանի գործունեությունը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ընդգծեց հունական նախագահության նախաձեռնություններն ուղղված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը եւ Եվրոպական անվտանգության ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է իր անդամակցությունը ԵԱՀԿ-ին եւ շարունակելու է ակտիվ ներգավվածությունը կազմակերպության գործունեությանը:
Հունաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ Երեւանում իրեն զգում է ինչպես տանը, քանի որ մեր երկու ժողովուդներն ունեն ընդհանուր պատմություն եւ ավանդույթներ: Տիկին Բակոյանիի բնորոշմամբ Հայաստանը կարեւոր երկիր է եվրոպական անվտանգության ապահովման համար, եւ այդ մասին է վկայում Հայաստանի նշանակալի ներդրումը անցյալ շաբաթ Կորֆուում կայացած Եվրոպական անվտանգության հարցերով քննարկումներին:
Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ Բակոյանին մտքեր փոխանակեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Նախարարներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` երկուստեք շեշտելով Մինսկի խմբի կարեւոր դերը հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում:
Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին նաեւ հայ-թուրքական, հույն-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, Դորա Բակոյանին ներկայացրեց կիպրական խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող ջանքերը:
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարները ստորագրեցին «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին»:
Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցավ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այսօր նախարարներ Նալբանդյանն ու Բակոյանին մասնակցեցին Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի նոր շենքի բացման արարողությանը:
Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: